ԳԼԽԱՎՈՐԸ՝ ԱՌԻԹ ՉՏԱԼ

Երեկ լսում էի մի հայտնի հայ արևմտամետի։ Անունը չեմ նշի, որպեսզի մի ավելորդ անգամ չգովազդեմ նրան։ Մանավանդ որ դրանք՝ արևմտամետները, միայն դեմքով են տարբեր։ Իսկ ուղեղի պարունակությունը նույնն է:

Մասնավորապես, ահա արդեն քանի տարի շարունակ կանխատեսում են Ռուսաստանի պարտությունը մի քանի ամսում և նրա՝ Ռուսաստանի մոտալուտ փլուզումը։ Ըստ այդմ էլ եզրակացնում են, թե Հայաստանը պետք է շտապ անդամակցի ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին։ Ճիշտ է, այնտեղ մեզ առանձնապես ոչ ոք չի սպասում, բայց այդ մանրուքները, որպես կանոն, բանախոսները շրջանցում են։ Արքայավայել գործ չէ դա հայ արևմտամետի համար՝ չնչին մանրուքների մեջ խորանալը։

Թեպետ… Եթե անկեղծ խոսենք, այժմ այդ հայտնությունները հրամցվում են պակաս վստահությամբ, քան մեկ-երկու տարի առաջ: Մի տեսակ ավելի համեստ են խոսում։ Չկա նախկին փայլն աչքերում, ավելի շուտ ինչ-որ հոգնածություն է։ Գուցե արևից, իսկ գուցեև թեթև վիրավորված Թրամփի հայտարարություններից, որը, անտեսելով հայ արևմտամետների վերլուծական միտքը, սպառնում է վերջ դնել պատերազմին՝ չսպասելով Ռուսաստանի փլուզմանը։

Իսկ բացի այդ, մեր արևմտամետն ասում էր, թե իրավացի է տարածքները հանձնած Նիկոլ Փաշինյանը։ Որովհետև, ասում է, տարածքները հանձնել է ոչ հենց այնպես, այլ որ Ալիևը պատերազմի լեգիտիմ առիթ չունենա։ Հիմա, ասում է, Ալիևը լեգիտիմ առիթ չունի։ Նախկինում ուներ, հիմա՝ ոչ։ Որովհետև, ասում է, Սահմանադրությունը չփոխելը թույլ լեգիտիմ առիթ է։ Դե, այնպես չէ, թե պատերազմն ընդհանրապես բացառվում է, և այնպես չէ, թե բոլորովին առիթ չէ, բայց ռիսկն, ասում է, ավելի քիչ է։

Եվ ախր իրավացի է նա, գրողը տանի: Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը պարզ է, ինչպես ամեն հանճարեղ բան։ Քանզի ինչքան ավելին ես հանձնում, այնքան նվազում են թշնամու լեգիտիմ առիթները ռազմական գործողությունների համար։ Եթե թշնամին հիմար չէ, իհարկե: Որովհետև ինչո՞ւ կռվել, հարկատուների փողերը ծախսել, եթե քեզ առանց այդ էլ զիջում են ինչ մտքովդ անցնի։ Պարզապես պետք է մի քիչ համբերատար լինել և չպահանջել միանգամից ամեն ինչ, որպեսզի Փաշինյանի կառավարությունը հասցնի իր հետևից մաքրել կեղտը, և այդժամ ամեն-ամեն ինչ կլինի։

Սկզբում հանձնում ես Սյունիքի, Գեղարքունիքի սահմանամերձ հողերը, որովհետև ո՞ւմ են պետք այդ ամայի տարածքները: Ավելի լավ է տալ, որ պատերազմի լեգիտիմ առիթ չլինի։

Հետո հրաժարվում ես պաշտպանել Արցախը, որ Ալիևը Հայաստանի վրա հարձակվելու լեգիտիմ առիթ չունենա։ Հետո սահմանամերձ գոտուց հեռացնում ես գործարանը, որը հանդիսավոր կերպով խոստացել էիր կառուցել ամերիկյան դրոշի ներքո... Բայց պարզվում է, որ Ալիևը թքած ունի, թե ինչ դրոշ է ծածանվում այնտեղ, նրա համար գործարանը լեգիտիմ առիթ է, ուստի չկա ավելի հեշտ բան, քան տեղափոխել շինհրապարակը

Հետո տարածքներ ես հանձնում Տավուշում և այդպիսով քո իմաստուն քաղաքականությամբ զրկում ապշահար Ալիևին ևս մեկ առիթից... Թող նստի հիմա ու տառապագին մտածի, թե ուրիշ էլ ինչ հորինի:

ԱՅՆՊԵՍ ՈՐ ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԻՐ ԱՐԵՎՄՏԱՄԵՏՆԵՐՆ ԻՐԱՎԱՑԻ ԵՆ, ԻՆՉ ԽՈՍՔ։ Ինչքան շատ բան ենք հանձնում, այնքան քիչ են առիթները: Բայց խաղաղ կյանքի հարցում ավելի վստահ լինելու համար պետք է դրանք՝ այդ առիթներն ընդհանրապես զրոյացնել։ Պետք չեն դրանք. ո՛չ մեծ, ո՛չ փոքր:

Վերցնենք հենց նույն Սահմանադրությունը։ Դե, տառեր են թղթի վրա. հացին չես քսի, բանկ չես դնի, որպես հիփոթեքի վճար էլ չեն ընդունի… Ինչո՞ւ առիթ տանք Ալիևին, ավելի լավ է գրենք ինչ նա կամենա, մի տարի էլ կշահենք։

Է՞լ ինչ կար: «Միջա՞նցքը»։ Դե, թող իրենց համար գնան-գան, ինչ է, ափսո՞ս է։ Փոխարենը Ալիևն առիթ չի ունենա։

Ադրբեջանցի փախստականնե՞րը։ Բայց չէ՞ որ մարդիկ իրավունք ունեն վերադառնալու։ Թող վերադառնան, հողեր, տներ գնեն, տնտեսությունը զարգացնեն։ Ամեն ինչ հսկողության տակ կառնենք, ուժայինների աշխատավարձերը կբարձրացնենք, որ ուշադիր լինեն, նորերին կհավաքագրենք, եթե հարկ լինի։

Տեսեք. մարզերում տնտեսական ակտիվությունը կաճի, գործազրկությունը կնվազի, աշխատավարձերը կբարձրանան, բնակչության թիվը կավելանա, ներդրումներ կլինեն Ալիևից, նոր հնարավորություններ կբացվեն հիփոթեքային վարկերի համար և, ամենակարևորը՝ Ադրբեջանի նախագահը պատերազմի ոչ մի լեգիտիմ առիթ չի ունենա։