ՊԱՏԵՐԱԶՄԸ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՏՐՎԱԿ ԷՐ ԱՐՑԱԽՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ ԱՆՑՆՈՂ ՄԻՋԱՆՑՔԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փաշինյանի կառավարության լռությունը համաձայնության նշան է
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Անցած 4 օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը հասցրել է՝ այց կատարել Արագածոտնի մարզ, ընդունել Վրաստանի պաշտպանության նախարարին, հրաժեշտ տալ Հայաստանում Չինաստանի դեսպանին, այցելել ռեստորան, հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյային, թռավ Բեռլին՝ դիտելու ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչը, և միևնույն ժամանակ նա իր «զբաղված գրաֆիկում» ժամանակ չգտավ արձագանքելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին Թուրքիայի նախագահը հայտարարել է՝ Զանգեզուրի միջանցքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջին քայլն է։ «Մենք հուսով ենք, որ շուտով կայուն խաղաղություն կհաստատվի Ադրբեջանի և Հայաստանի միջև, ինչին Թուրքիան սրտանց աջակցում է։ Զանգեզուրի միջանցքի բացումն այս համաձայնագրի եզրափակիչ քայլն է։ (…) Բաքվի և Երևանի միջև լիարժեք խաղաղության համաձայնագրի կնքումից հետո Թուրքիան կարող է բացել Հայաստանի հետ սահմանը»,- ասել է Էրդողանը։
Ենթադրենք Փաշինյանը զբաղված էր, իսկ ի՞նչ պատճառով Էրդողանի հայտարարությանը չպատասխանեցին կառավարության աշխատակազմը, ՀՀ ԱԳՆ-ն կամ Գլխավոր շտաբն ու ՊՆ-ն։ Այս ֆոնին էլ ավելի տրամաբանական են թվում «ամերիկյան դիվանագիտական դեսանտի» (Օ՛Բրայենից մինչև Սամանթա Փաուեր և Ուզրա Զեյա) ներկայացուցիչների շուրթերից ակնարկները, որոնք վերջին մեկ ամսում դարձել են հայաստանյան քաղաքական կյանքի անբաժանելի մասը, ասելով, որ «սերնդի կամ գուցե մի քանի սերնդի ընթացքում մեկ անգամ լինող հնարավորություն կա Կենտրոնական Ասիայից դեպի Միջերկրական ծով առևտրային երթուղի կառուցելու համար»։
Ակնհայտ է, որ այսօր մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների զգալի մասը պտտվում է Հայաստանով, Սյունիքով անցնող հաղորդակցությունների շուրջ, տխրահռչակ միջանցքի շուրջ, իսկ Փաշինյանի կառավարության և անձամբ «ՔՊ» առաջնորդի լռությունը հիմնավոր կասկածներ է առաջացնում, որ «փակ դռների հետևում» միջանցքն արդեն հանձնվել է: Հայաստանի իշխանությունները միայն տարբերակներ են փնտրում նրա հանձնումը «օրինականացնելու» համար։ Քաղաքական այս խճանկարի վերջին կտորը լինելու է ՀՀ իշխանությունների պահանջը՝ դուրս բերել ռուսական զինվորական կայազորը Սյունիքից։ Եվ վստահաբար կարելի է ասել, որ նրանք ընդունակ են դա անել։
Եթե դա տեղի ունենա, ապա Հայաստանի հարավը կդառնա Ալիևի ճաշացանկի հերթական ուտեստը։ Սա «մերկացնելու է» Հայաստանի հարավային պաշտպանական գիծը, կնվազեցնի Սյունիքի անվտանգության մակարդակը, ինչը Ալիևի և Էրդողանի համար կբացի Հայաստանի նոր տարածքներ գրավելու դարպասները։
Չե՞ք հավատում: Իսկ դուք կարդացեք Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի երկարամյա նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հրապարակված հուշերը, որտեղից պարզ կդառնա, որ Հայաստանը՝ Փաշինյանի գլխավորությամբ, պարզապես հրաժարվել է ավելի ընդունելի պայմաններով պատերազմը դադարեցնել 2020 թվականին։
Զարիֆի հուշերն իրենց հերթին ևս մեկ անգամ ապացուցում են, որ 44-օրյա պատերազմը անհրաժեշտ պատրվակ էր Արցախը և Հայաստանով անցնող միջանցքը հանձնելու համար։
Մտածե՛ք այդ մասին…»։