ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՏԻԵԶԵՐԱԿԱՆ» ՁԱԽՈՂՈՒՄՆԵՐԸ. ՀԵՐԹԸ ՀԱՍԵԼ Է ԹԹՎԱՍԵՐԻ՞Ն

Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ իշխանություններն իրենց հարուստ ակտիվում գրանցել են ևս մեկ վիթխարի ձախողում. արբանյակային ծրագրի, որի «հաջող» մեկնարկը ոգևորված տիրաժավորում էին վերջին երկու տարիներին։ Պարզվել է, որ միանգամից մի քանի երկրներ դիմել են Երևանին՝ հայկական Armsat-1 և Hayasat-1 արբանյակներն ուղեծրից հանելու պահանջով, քանի որ դրանց շահագործումը խաթարումներ է առաջացնում այլ երկրների արբանյակների աշխատանքում և խափանում իրենց տիեզերական ծրագրերը:

«Ժողովուրդ» օրաթերթի ունեցած տեղեկություններով՝ հենց այդ սկանդալի հետ է կապված բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանի հրաժարականը, որին պաշտոնից հեռացրել է կատաղած Փաշինյանը: Ճիշտ է, Պողոսյանն ինքը լրագրողների հարցմանը պատասխանել է, որ «տիեզերական ծրագրի» առումով ամեն ինչ կարգին է, իսկ ինքը հրաժարական է տվել բնավ ոչ արբանյակների պատճառով։ Այնուհետ «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալը շտապեց ջերմագին հավաստիացնել, թե «ոչ մի գրավոր կամ բանավոր բողոք երբևէ չի ստացվել որևէ պետությունից»:

Եթե «Ժողովուրդ»-ի տեղեկությունը հավաստի է, ուրեմն ուսապարկերի կառավարությունն արդեն ամեն ինչ անում է սկանդալը կոծկելու համար։ Փոխնախարարին վռնդեցին, «տիեզերական» ընդդիմախոսների վրդովված պահանջներին կպատասխանեն նամակներով, խնդրելով միջազգային մեծ աղմուկ չբարձրացնել՝ նկատի առնելով նորածին հայկական տիեզերական ծրագրի անփորձությունը, իսկ արբանյակները կհանեն ուղեծրից և կխորտակեն օվկիանոսում՝ ինչպես ասում են, ծածկադմփոց անելով։

Ինչ վերաբերում է հասարակությանը տրվելիք ներքին հաշվետվությանը, ապա այստեղ պատասխանի հետևից հեռու գնալու հարկ չկա։ Կարելի է հարյուրտոկոսանոց վստահությամբ ակնկալել, որ ամեն ինչում կմեղադրվեն «նախկինները»։ Իբր՝ ծրագիրը հապճեպ մշակվել է նրանց օրոք, հենց նրանք չեն պատրաստել բոլոր անհրաժեշտ բաղադրիչները, կազմել են տեխնիկական սխալ չափորոշիչներ, ճիշտ չեն հաշվարկել, աչքաթող են արել, մսխել ՞նց կլինի առանց կոռուպցիայի մեջ մեղադրելու)։ Ուստի չի կարելի, իբր, այս անփութության ողջ մեղքը բարդել խեղճ «ներկաների» ուսերին։

Կարելի է նույնիսկ պատկերացնել, թե ինչպես է Փաշինյանն անձամբ ԱԺ ամբիոնից կամ կառավարության նիստում ելույթ ունենալու այդ թեմայով, ինչպես է զայրույթի մեջ ծռելու բերանը, մատ թափ տալու, խոսափողը կրծելու և ճղճղան ֆալցետով համոզելու, թե նենգ «նախկինները» տիեզերական ծրագրի փոխարեն թալակ են թողել միամիտ «ներկաներին»։

Իսկ ինչո՞ւ ոչ, մի հարցնող լինի։ Մարդը կազմակերպեց, չէ՞, մարտի 1-ը և ողջ մեղքն ու արյունը գցեց «քոչարյան-սերժական ուժայինների» վրա, և ոչինչ։ Հանձնեց Արցախն ու մեղադրեց նախկին երեք նախագահներին, ինչպես նաև ԼՂՀ իշխանություններին, և ոչինչ։ Կործանեց հազարավոր երիտասարդ կյանքեր և սլաքներն ուղղեց «ապաշնորհ գեներալների» վրա, ընդ որում շարունակում է վճռել մնացածների ճակատագիրը: Եվ այդ ամենից հետո ի՞նչ մի դժվար բան է նրա համար հարյուրհազարերորդ անգամ զրպարտել «նախկիններին» ինչ-որ արբանյակների հետ կապված սկանդալի հարցով։ Հեշտից էլ հեշտ է:

Եվ եթե ինչ-որ մեկն առարկի, որ «նախկինները» հաստատ կապ չունեն արբանյակների նախագծման ու արձակման հետ, և որ «Գեոկոսմոս» ՓԲԸ-ն հիմնադրվել է միայն 2017-ի նոյեմբերին, նույնիսկ դա չի խլացնի նիկոլական ճղավոցը։ «Նախկինները» մատը մատին չեն տվել, երբ ամբողջ աշխարհն իր արբանյակներով հեղեղել էր Երկրի ուղեծիրը։ Իսկ մենք նրանց մեղքով ավրալային ռեժիմով փորձում ենք կրճատել տեխնոլոգիական հետամնացությունը և արդյունքում ձախողվում»,- բոցաշունչ և նույնիսկ վիրավորված կհայտարարի նա։ Քանզի ինչ էլ լինի, Փաշինյանը միշտ արդարացում կգտնի։ Նա Տիգրան Մեծին էլ կարող է մեղադրել հայկական տիեզերական ծրագրի ձախողման մեջ, միայն թե իր գլուխը պրծացնի։

Իսկ եթե լուրջ, ապա կատարվածն անջնջելի խայտառակություն է Հայաստանի համար, որը տասնամյակներ շարունակ աստղաֆիզիկայի, տիեզերաֆիզիկայի, հրթիռաշինական կլաստերների, տիեզերական էլեկտրոնիկայի ու օպտիկայի մշակման ու արտադրության հարուստ ավանդույթներ ունեցող «տիեզերական» երկրի համբավ է վայելել։ Փոքրիկ հանրապետությունը ժամանակին գիտական և արտադրական մասնակցության մասշտաբով առաջատարներից մեկն էր ԽՍՀՄ տիեզերական ծրագրերում: Այժմ արդեն գաղտնազերծված են տիեզերքի ռազմական և գիտական հետազոտությունների ոլորտում Միության առանձնակի կարևոր նախագծերի մասնակիցների՝ ակադեմիկոսների, կոնստրուկտորների, ինժեներների ցուցակներում ընդգրկված հարյուրավոր հայկական ազգանունների վերաբերյալ տվյալները։

Իսկ ինչպիսի՜ն է հայ մասնագետների ներդրումը ամերիկյան «Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչության»՝ հանրահայտ NASA-ի հաջող ծրագրերում։ Տասնյակ անուններ՝ փառաբանված հրթիռաշինության, օդագնացության, տիեզերական կապի և այլ ոլորտներում: Չլինելով գերտերություն՝ այս բառի դասական իմաստով, Հայաստանը միշտ համարվել է «տիեզերական երկիր», իսկ չլինելով մեծաքանակ ժողովուրդ՝ հայերը «տիեզերասեր» ազգի համբավ են ձեռք բերել:

Եվ, անկասկած, հանրապետությունը պարզապես պարտավոր էր ԽՍՀՄ ժամանակներից մնացած գիտական և արտադրական մշակումների մնացորդների և ժամանակակից միջազգային տեխնոլոգիաների փոխառնված փորձի հիման վրա ստեղծել իր սեփական, ոչ հավակնոտ, բայց ամուր և հստակ փորձարկված տիեզերական ծրագիրը, որը կարող էր երկրին օգուտ բերել կիրառական և հեղինակության առումով: Կարող էր համեստ, բայց հուսալի արդյունքների հասնել այդ ոլորտում։ Կարող էր, բայց ձախողեց նախաձեռնությունը, ընդ որում՝ միջազգային սկանդալով ու ծաղրով։

Բավական է աչքի անցկացնել օտարալեզու ԶԼՄ-ների տեղեկատվական մի քանի ամփոփագրեր, որպեսզի ամոթից գետինը մտնես արբանյակային սարքերի անշնորհք աշխատանքի, դրանք ուղեծիր հասցնելու սխալ ծրագրավորման վերաբերյալ ՀՀ կառավարությանն ուղղված բողոքի նամակների, այդ ոլորտը վերահսկող փոխնախարարի պատճառով, որը ոչ վաղ անցյալում «տաքսիստ» էր ԱՄՆ-ում։ Ի վերջո, ողջ ազգային տիեզերական ծրագրի բացարձակ ապաշնորհ կառավարման պատճառով: Սա ոչ միայն սարսափելի է. սա աղետ է:

Ինչին հպվում է փաշինյանական իշխանությունը, փոխարկվում է խայտառակ ձախողման։ Ինչ էլ որ նա նախաձեռնի և հպարտորեն զեկուցի հաջողության մասին, ավարտվում է փսսոցով: Սրանք արդեն սխալներ չեն, պատահական վրիպումներ ու անհաջողություններ չեն: Սա պաթոլոգիա է և օրինաչափություն:

Մինչդեռ հենց այն օրը, երբ հայտնի դարձավ հայկական արբանյակների հետ կապված սկանդալային միջադեպի մասին, ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում գտնվող անձը կառավարության նիստում ոգևորված դատողություններ էր անում այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում իսկական թթվասերը և ինչպես է պետք այն նույնականացնել։ Պետք է ենթադրել, որ Փաշինյանի ու իր կառավարության համար սույն թեման պետական հայեցակարգային կարևորություն ունի։ Ուստի պետք է ամենաբարձր մակարդակով սահմանել «ռազմավարական նշանակության» կաթնաթթվային արտադրանքի որակի չափանիշները, չափորոշիչները և վերահսկողությունը։ Դե, իսկ արբանյակ-մարբանյակները, տիեզերք-միեզերքն ու մնացած բոլոր ախմախ բաները կսպասեն:

Դե, արբանյակների պարագայում ամեն ինչ արդեն պարզ է: Հիմա Փաշինյանը լրջորեն զբաղվելու է թթվասերով։ Պատրաստվեք, «հպարտ քաղաքացիներ» այն արտադրանքի հետ կապված դարակազմիկ շրջադարձերին, որը լավ, թե վատ՝ բայց ուտում էինք։ Ինչ-որ բան հուշում է, որ շուտով մեզանում «թթվասերային» արդյունաբերությունն էլ է կորչելու գրողի ծոցը։