Գառնիկ ԿԵՐԿՈՆՅԱՆ․ ՀԱՅ ՊԱՏԱՆԴՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՁԱԽՈՂՈՒՄԸ ԹՈՒԼԱՑՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
News.am-ը շարունակում է հարցազրույցների շարքը՝ միջազգային իրավունքի մասնագետների, իրավապաշտպանների և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող փորձագետների հետ, հասկանալու համար՝ ի՞նչ պետք է անել և ի՞նչ մեխանիզմներ են առկա Բաքվում ապօրինի պահվող 23 հայ գերիներին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության իրավունքների պաշտպանության, նրանց նկատմամբ խոշտանգումներ թույլ չտալու և նրանց վերադարձն ապահովելու համար:
Այս անգամ զրուցել ենք ամերիկահայ փաստաբան Գառնիկ Կերկոնյանի հետ.
- Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի իրավաբանական թիմն անցած ամիս դիմում ներկայացրեց Խոշտանգումների հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին՝ ներկայացնելով խոշտանգման սարսափելի դրվագներ ու փաստեր: Կասկած չկա, որ մյուս հայ բանտարկյալները ևս խոշտանգումների ու դաժան վերաբերմունքի են ենթարկվում, ինչ մասին բազմիցս նշել է նաև փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ վկայակոչելով վերադարձած գերիների պատմությունները: Ստացվում է, որ առաջին անգամ է, որ ոչ թե վերադարձից հետո, այլ բանտում գտնվող անձի թիմն է դիմում ներկայացնում ու միջազգային հնչեղություն տալիս հարցին: Այս առումով՝ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այս դիմումը:
- Ռուբեն Վարդանյանի փաստաբանական թիմի կողմից Խոշտանգումների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին ներկայացված դիմումը կենսական է, էական և կարող է ունենալ մի քանի նշանակալի ազդեցություն։ Դիմումն ունի իրավական, քաղաքական և մարդասիրական գործողությունները կատալիզացնելու ներուժ, ինչը կհանգեցնի ավելի խիստ միջազգային արձագանքի՝ պարոն Վարդանյանի և Բաքվում ապօրինաբար գերության մեջ պահվող մյուս հայերի նկատմամբ իրականացվող մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ։ Սա կարող է հիմք ծառայել մի քանի հնարավոր ուղղությունների համար:
Նախ, հարցը ՄԱԿ-ի ուշադրությանը ներկայացնելով, դիմումը մեծացնում է միջազգային իրազեկությունը Բաքվում հայ բանտարկյալների նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի մասին: Սա կարող է հանգեցնել Ադրբեջանի նկատմամբ դիվանագիտական ճնշման ուժգնացմանը՝ կալանավորման պայմանները բարելավելու և մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխանությունն ապահովելու նպատակով։
Երկրորդ, ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի ներգրավվածությունը կարող է ապահովել, որ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի վերաբերյալ լինի անկախ և հեղինակավոր հաստատում։ Այս փաստաթղթավորումը շատ կարևոր է հանցագործներին պատասխանատվության ենթարկելու և իրավական ու փաստաբանական հետագա ջանքերի համար:
Երրորդ, թեև Ադրբեջանի անպատժելիության մակարդակը մնում է սարսափելիորեն չվերահսկվող, դիմումը կարող է ստիպել ՄԱԿ-ին անհապաղ կերպով պաշտպանական միջոցներ ձեռնարկել պարոն Վարդանյանի և մնացած հայ բանտարկյալների համար։ Սա կարող է ներառել հրատապ միջամտություններ՝ նրանց անվտանգությունն ու նրանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքն ապահովելու նպատակով:
Ի վերջո, դիմումը կարող է խթանել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, իրավական մարմինների և քաղաքացիական հասարակության խմբերի աջակցությունը: Այս հավաքական պաշտպանությունը կարող է գործիք դառնալ հայ պատանդների ազատ արձակման համար:
Թեպետ այս ուղիներից և ոչ մեկը երաշխավորված չէ, սակայն դիմումն անհրաժեշտ և կենսական քայլ է, առանց որի այս նշված ուղղություններից ցանկացած մեկում առաջընթացի հնարավորությունը լճանում է կամ նույնիսկ՝ հետընթաց ապրում: Մենք պետք է անդադար հիշեցնենք աշխարհին, որ խոշտանգումները և գերության տևողությունն այդ մարդկանց կյանքին սպառնացող պայմաններ են ստեղծել։ Եվ չի կարող հնարավոր լինել, որ կյանքը Հայաստանում կամ աշխարհասփյուռ հայերի շրջանում պարզապես շարունակվի բնականոն հունով, մինչդեռ մեր մարդիկ տառապում են անասելի կերպով, ճաղերի հետևում են ու ենթարկվում են խոշտանգումների մի պետության կողմից, որը բազմիցս դրսևորել է ոչ ավել, ոչ պակաս, քան հայ ժողովրդին ոչնչացնելու մտադրություն: Այս պայմաններում անտարբերությունն անթույլատրելի է, քանի որ հենց մենք պետք է լինենք մեր հայրենակիցների ձայնը, որոնք գտնվում են գերության մեջ և որոնց կյանքը թելից է կախված:
- Ունենք իրավիճակ, երբ 23 հայեր ապօրինի պահվում են Բաքվի բանտերում, ենթարկվում են դաժան վերաբերմունքի ու խոշտանգումների: Ըստ Ձեզ՝ այս պարագայում ի՞նչ պետք է անի պետությունը իր քաղաքացիներին պաշտպանելու համար, ի՞նչ անելիք ունեն իրավապաշտպան կազմակերպություններն ու ՀԿ-ները, և վերջապես ի՞նչ պետք է անի Սփյուռքը:
- Հայկական պետությունը պետք է անհապաղ, հետևողական և վճռական գործողություններ ձեռնարկի. անզիջում գործողություններ: Սա ներառում է ինտենսիվ դիվանագիտական բանակցություններում ներգրավվելը, միջազգային կառույցների ներգրավումը, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ը և Եվրամիությունը, ինչպես նաև աննահանջ կերպով իրավական գործողություններ իրականացնելը միջազգային դատարաններում՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար: Սա նաև ներառում է քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակման պահանջը՝ իբրև ցանկացած «խաղաղության» նախապայման։ Միաժամանակ, իրավապաշտպան կազմակերպությունները և ՀԿ-ները պետք է փաստաթղթավորեն և զեկուցեն մարդու իրավունքների այս խախտումների մասին, հանդես գան ի պաշտպանություն կալանավորների ազատ արձակման ու տրամադրեն իրավական աջակցություն՝ միաժամանակ իրականացնելով իրազեկման գլոբալ արշավներ՝ մոբիլիզացնելու հասարակական կարծիքը և քաղաքական ճնշումը:
Հայկական սփյուռքը նույնպես կարևոր դեր ունի այստեղ. այն պետք է կազմակերպի համայնքային մոբիլիզացիաներ, համագործակցի տեղի քաղաքական գործիչների հետ և միջոցներ հայթայթի իրավական ու փաստաբանական ջանքերին աջակցելու համար: Նման լուրջ և հիմնարար հարցում, այն է՝ գերության մեջ գտնվող հայերի անվտանգությունը, ապահովությունն ու արժանապատվությունը, պետությունը պետք է առաջնորդի ջանքերը՝ նրանց խոշտանգումներից ազատելու և անհապաղ վերադարձն ապահովելու համար: Սա պետք է լինի Հայաստանի Հանրապետության օրակարգի առաջնահերթ խնդիր և սրան պետք է անդադար կերպով հետամուտ լինել։ Եթե սա տեղի չունենա, ապա հակառակ պարագայում՝ սպառնալիք կդառնա ոչ միայն Բաքվում ապօրինաբար պահվող նշանավոր հայ գործիչների կյանքի համար, այլև կխաթարի հայ ժողովրդի անվտանգության և պաշտպանվածության զգացումը սեփական պետությունից, ինչն էլ իր հերթին կթուլացնի ու կվտանգի քաղաքացիների հավատը պետության դերի նկատմամբ։ Հայ պատանդներին պաշտպանելու և հայրենիք վերադարձնելու ձախողումը թուլացնում է հայկական պետության ինքնիշխանությունն ու անվտանգությունը, և հենց սա է Ադրբեջանի հիմնական նպատակներից մեկը, որն էլ նաև այս նպատակով է հայերին շարունակում պահել անօրինական կալանքի տակ։
- Վերջերս Ադրբեջանի դատախազը հայտարարեց թե 15 հայ բանտարկյալների, այդ թվում, Արցախի գործիչների նկատմամբ նախաքննությունը ավարտվել է և «մոտ ապագայում» գործերը կուղարկվեն դատարան: Իհարկե, այս հայտարարությունը հաջորդեց ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Բորելի հայտարարություններին: Վերջինս, ի դեպ, կոչ էր անում «հարգել Լեռնային Ղարաբաղից կալանավորներին առնչվող իրավիճակի վերաբերյալ պատշաճ ընթացակարգը»: Այդուհանդերձ, եթե անգամ «մոտ ապագայում» գործերը ուղարկվեն դատարան, ապա պարզ է թե ինչպիսի դատավարություններ են սպասվում այնտեղ: Ձեր կարծիքով՝ կա՞ն հնարավորություններ միջազգային դիտորդների ու իրավապաշտպանների ներկայություն ապահովելու, դատական պրոցեսները միջազգայնորեն վիճարկելու, մեր բանտարկյալների իրավունքների սահմանափակումների մասին բարձրաձանելու առումով և ի՞նչ է պետք անել այդ ուղղությամբ:
- Նախ՝ պետք է հաստատապես շեշտել, որ Ադրբեջանում դատական գործընթացները բացահայտ ֆարս են, և դրանք նորմալ համարելու կամ օրինականացնելու երրորդ կողմի ցանկացած փորձ պետք է քննադատվի ամենակոշտ և անմիջական ձևով։ Հրամայական է, որ միջազգային հանրությունը միանշանակ կերպով դատապարտի այդ գործողությունները և հանդես գա ցանկացած տեսակի քաղաքական հետապնդման և աշխարհաքաղաքական ազդեցության նպատակով իրավական համակարգերի չարաշահման դեմ։ Այս առնչությամբ, Հայաստանը պետք է ամեն կերպ վիճարկի այդ հետապնդումների բուն հիմքերը, որոնք ակնհայտորեն քաղաքական են և Ադրբեջանի համար աշխարհաքաղաքական լծակներ ապահովելու միջոց: Միևնույն ժամանակ, հայկական պետությունը պետք է պահանջի միջազգային դիտորդների և իրավապաշտպանների ներկայությունը ենթադրյալ դատավարություններին։ Բողոքները պետք է շարունակաբար ներկայացվեն համապատասխան միջազգային դատարաններ և մարդու իրավունքների հարցերով զբաղվող մարմիններ, ինչպիսիք են՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը և Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի հանձնաժողովը: Քրեական հետապնդումները պետք է բացահայտորեն հարձակման ենթարկվեն։ Ավելին, կարևոր է համաշխարհային դիվանագիտության և հասարակական կարծիքի մոբիլիզացումն այս կետերի շուրջ: Սա ենթադրում է Հայաստանի կառավարության համար ոչ դյուրին խնդիր՝ առանցքային դաշնակիցների հետ փոխգործողություն՝ Ադրբեջանի վրա շարունակական դիվանագիտական ճնշում գործադրելու նպատակով: Սա վճռորոշ քայլ է:
Միաժամանակ, պետք է սկսել հանրային իրազեկման հզոր արշավ՝ այս հարցը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահելու համար՝ ներգրավելով ԶԼՄ-ները, ՀԿ-ները և սփյուռքի օջախները: Կառավարությունը պետք է ավելին անի այս ճակատում, քանի որ հայերի անօրինական կալանավորումը ցանկացած պետության, առավել ևս՝ Ադրբեջանի կողմից, սասանում է Հայաստանի ինքնիշխանության հեղինակությունը և ցանկացած պետության առանցքային գործառույթն իրականացնելու, այն է՝ սեփական ժողովրդին պաշտպանելու կարողությունը։ Ի վերջո, և մեկ անգամ ևս՝ պետք է բազմիցս ընդգծել, որ Ադրբեջանի դատական գործընթացներն էժանագին քաղաքական ցուցադրություններ են, որոնք փորձում են քողարկել Ադրբեջանի կողմից հայ պատանդների անօրինական կալանքը՝ իրավական գործընթացի լույսի ներքո: Սրանք լեգիտիմ իրավական գործընթացներ չեն։ Սրանք բեմադրված քաղաքական շոուներ են, որոնք կոչված են «սպիտակեցնելու» Ադրբեջանի խոշտանգումները միջազգային հանրության աչքի առջև և ավելի շատ արմատավորելու վախն ու անարժանապատվության զգացումը հայ ժողովրդի սրտերում և մտքերում: Ադրբեջանն օգտագործում է կեղծ իրավական գործընթացները՝ աշխարհաքաղաքական կապիտալ ձեռք բերելու, պատանդներին և նրանց ընտանիքներին հոգեբանական տրավմայի ենթարկելու, ինչպես նաև խարխլելու հայ ժողովրդի հավատը՝ սեփական ազգային գիտակցության սրբության հանդեպ։
- Եվ մեր ավանդական հարցը: Արդյո՞ք «խաղաղության պայմանագրում» որպես նախապայման չպետք է լինի բոլոր գերիների ու ապօրինաբար պահվող հայերի ազատ արձակումը: Միջազգային պրակտիկայում կա՞ նախադեպ, երբ օրինակ, ստորագրվում է խաղաղության հաստատման մասին համաձայնագիր, բայց մի երկիրը շարունակում է որպես գերի կամ պատանդ պահել մյուս երկրի քաղաքացիներին:
- Բոլոր գերիների և ապօրինաբար պահվող հայերի ազատ արձակումը, անկասկած, պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած «խաղաղության պայմանագրի» նախապայման։ Իրականում, միջազգային պրակտիկայում հազվադեպ և, ընդհանուր առմամբ, անընդունելի է, որ խաղաղության համաձայնագիր ստորագրվի այն դեպքում, երբ մի երկիր շարունակում է կալանքի տակ պահել մյուս երկրի քաղաքացիներին:
Նմանօրինակ գործողությունները խալխլում են խաղաղության և հաշտեցման ջանքերի հիմքերը, դրանք խալխլվում են նաև այն դեպքում, երբ չի բարձրաձայնվում արցախահայության՝ միջազգային պաշտպանության և անվտանգության ներքո, հայրենիք վերադառնալու իրավունքի հարցը։ Օրինակ՝ կալանավորների վերադարձի և խաղաղության համաձայնագրերի մասով, 1973 թվականի Փարիզի խաղաղության համաձայնագիրը, որով վերջ դրվեց Վիետնամի պատերազմին, ներառում էր ռազմագերիների վերադարձի դրույթներ: Նմանապես, Հյուսիսային Իռլանդիայի «Ավագ ուրբաթ» համաձայնագիրը ներառում էր քաղբանտարկյալների ազատ արձակման պարտավորություններ: Այս նախադեպերը ընդգծում են այն հիմնարար սկզբունքը, որ կալանավորների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքը և ազատ արձակումն անքակտելի են խաղաղության հասնելու և այն պահպանելու համար: Պնդելը, որ բոլոր հայ բանտարկյալները պետք է ազատ արձակվեն, ոչ միայն պետք է դիտվի իբրև մարդասիրական անհրաժեշտություն, այլև իբրև կարևոր, իսկապես, բացարձակ կարևոր քայլ՝ ցանկացած իրական, արժանապատիվ և տևական խաղաղություն ապահովելու համար: Ճշմարտությունն այն է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման ընթացքում հայ պատանդներին գերության մեջ թողնելը յուրաքանչյուր հայի համար ուղերձ կլինի, որ հայկական պետությունը չի կարող և չի երաշխավորելու սեփական ժողովրդի անվտանգությունն ու ապահովությունը: Դա կլինի կործանարար քայլ երկրի ապագայի համար, և դա այն իրականությունը չէ, որը պետք է հայ ժողովուրդն ընդունի։