ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ ԵՐԿՈՒ ՕՐՈՒՄ ՄՈՏ 60 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԵՆ ԳՆԵԼ ԴՈՒԲԱՅՈՒՄ

Օրերս Հայաստանում տեղի է ունեցել Dubai Investment ֆորումը, որի 2 օրվա ընթացքում վաճառվել է մոտ 60 մլն դոլարի անշարժ գույք Դուբայում, գրում է «Փաստ» օրաթերթը։

Վաճառվել են 1, 2 և 3 սենյականոց բնակարաններ: Այս ֆորումը կազմակերպել է Elit Stroy Property ընկերությունը, որը 8 տարվա փորձ ունեցող հայտնի անշարժ գույքի գործակալություն է և վաղուց արդեն գործունեություն է ծավալում Ղազախստանում, Ուկրաինայում, Թայլանդում և Արաբական Էմիրություններում:

«Փաստ» թերթի տեղեկություններով, նույնիսկ կազմակերպիչների համար է անակնկալ եղել հայաստանյան շուկայի այդպիսի աշխուժությունն ու հետաքրքրությունը Դուբայի անշարժ գույքի նկատմամբ: Ըստ այդմ, որոշվել է Երևանում բացել կազմակերպության մասնաճյուղ: Պարբերականը փորձել է կապ հաստատել ընկերության տնօրեն Լիլիթ Սարգսյանի հետ՝ ճշտելու, թե երբ է հիմնադրվելու մասնաճյուղը, և թե ովքեր, ինչ խավի ներկայացուցիչներ են նման ծավալի գնումներ կատարած անձինք:

Տնօրենի հետ զրուցել չի հաջողվել, իսկ Elit Stroy-ի աշխատակիցը նշել է, որ գնորդների հետ կապված տեղեկությունները խիստ կոնֆիդենցիալ են և հնարավոր չէ տրամադրել երրորդ անձի: Ինչ վերաբերում է Երևանում մասնաճյուղ բացելու մասին տեղեկություններին, ապա նա հաստատել է դրանք հավելելով, որ այդ մասին լրացուցիչ կտեղեկացնեն:

Sputnik Արմենիա