ԱՍԼԱՆՅԱՆԸ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ Է ՃԱՆԱՉՎԵԼ, ԹԵԵՎ ՉԻ ՊԱՅՔԱՐԵԼ ՌԵԺԻՄԻ ԴԵՄ, կամ՝ ԱՐՑԱԽԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՀԵՇՏ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ, ՔԱՆ…

2 տարի 7 ամիս առանց դատավճռի բանտում անցկացրեց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, որի օգտին 2021 թվականի դեկտեմբերի 5-ին քվեարկել է ընտրողների կեսից ավելին: Այս շաբաթ դատարանը նրան ազատ արձակեց 10 մլն դրամ գրավի դիմաց։ Ինչպես դիպուկ նշել է քաղաքական գործիչներից մեկը՝ Արցախը շատ ավելի հեշտ հանձնեցին, քան Վանաձորի քաղաքապետի աթոռը, ուր պետք է վերադառնար Ասլանյանը 2021-ի քվեարկության արդյունքներով։ Արցախը հեշտությամբ հանձնեցին, իսկ քաղաքապետի աթոռի համար ռեժիմը տեղական նշանակության թեժ մարտեր ծավալեց, արդյունքում աթոռն այնուամենայնիվ հանձնեցին, բայց ոչ թե օրինական հաղթողին, այլ քրեական կապեր ունեցող մարդուն

2 տարի 7 ամիս շարունակ «հաղթանակած հեղափոխության երկրի հպարտ քաղաքացիները» հարց էին տալիս. մի՞թե Ասլանյանն ավելի մեծ վնաս է պատճառել պետությանը, քան, օրինակ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը և առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, ինչպես նաև նախկին ու ներկա իշխանության այլ խորշելի կերպարները։ Եթե դա այդպես չէ, ապա ինչո՞ւ էր Ասլանյանը, ի տարբերություն այդ կերպարների, 2021 թվականից գտնվում բանտում։

Մի՞թե համայնքային տարածքների օտարման մրցույթները, որոնց վերաբերյալ հարցեր են մնացել, որպես խափանման միջոց ենթադրում էին կալանքը։ ՔԿ-ն Ասլանյանին մեղադրեց «ծանրագույն» հանցագործության մեջ. քաղաքապետը «փոխել է հողերի նշանակությունը»... Ուրեմն ինչո՞ւ են բազմամիլիոնանոց (դոլարով) կարողություն ունեցողներն ազատության մեջ, իսկ Վանաձորի դե ֆակտո վերընտրված քաղաքապետը 2 տարի 7 ամիս անցկացրեց բանտում:

Ակներև է աբսուրդի աստիճանի հասցված ընտրողական արդարադատությունը։ Ուզում եմ հիշեցնել, ի դեպ, որ Բերդ համայնքի այժմ արդեն նախկին քաղաքապետ Հարություն Մանուչարյանը կալանավորվեց այն բանի համար, որ իր որդին անզգուշաբար յուրացրել էր համայնքային հողի 2-3 մետր քարքարոտ տարածք, երբ սեփական տան շուրջ պարիսպ էր կառուցել: Համայնքին հասցված վնասը միանգամից փոխհատուցվեց, սակայն Մանուչարյանին (այն ժամանակ նա համայնքի ղեկավարն էր) կալանավորեցին։ Դրա իրական պատճառը նրա հրաժարումն էր հրաժարական տալուց, որպեսզի տեղն ազատվեր համայնքի ղեկավարի պաշտոնակատարի կարգավիճակով ՔՊ-ի դրածոյի համար: 2-3 մետր հողի կամայական յուրացման գործը շատ տեղին գտնվեց։

2021 թվականի սեպտեմբերին Մանուչարյանը բանտից հաղթանակ տարավ տեղական ընտրություններում, բայց Ասլանյանի ճակատագրին չարժանանալու համար հրաժարվեց վերադառնալ քաղաքապետի աթոռին՝ զիջելով դա փոխզիջումային թեկնածու Աստղիկ Հակոբյանին։ Այդ զիջման համար նա ազատ արձակվեց։ Մանուչարյանին ու Ասլանյանին քաղբանտարկյալներ էին անվանում ոչ թե այն պատճառով, որ նրանք պայքարում էին Փաշինյանի ռեժիմի դեմ, այլ որ կալանավորման պատճառը համայնքի ղեկավարի պաշտոնում նրանց չտեսնելու իշխող վերնաշերտի ղեկավարի ցանկությունն էր։ Վանաձորում Փաշինյանի ցանկությամբ այդ պաշտոնը զբաղեցրեց հանցաշխարհի հետ իր կապերով հայտնի Արկադի Փելեշյանը կա)։

Այդ նշանակումը հնարավոր դարձավ Մովսես Շահվերդյանի Աշխատավորական սոցիալիստական կուսակցության հետ ՔՊ-ի գործարքի արդյունքում։ Ինքը՝ Շահվերդյանը համառորեն ձևացնում էր, թե Փաշինյանի քաղաքական հակառակորդն է, բայց միանգամից համաձայնեց գործարք կնքել ՔՊ-ի հետ, երբ խոսք գնաց այն մասին, որ քաղաքապետի աթոռը զբաղեցնի իր կուսակցության ցուցակից մեկնումեկը։ Շահվերդյանը նույնիսկ այս օրերին ասում է, թե իր կուսակցությունն, իբր, ընդդիմադիր է, իսկ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը, ըստ նրա, 80 տոկոսով բաղկացած էր Խաչատուր Քոքոբելյանի կուսակցության անդամներից, ուստի չի կարող ընդդիմադիր համարվել։ Քոքոբելյանին քաղաքականացված հանրությունը հիշում է «Ազատ դեմոկրատներ» և «Ժառանգություն» կուսակցությունների դաշինքով, ավելի ճիշտ՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կապված սկանդալով։

Հիշեցնեմ, որ «Ժառանգության» շնորհիվ Քոքոբելյանը հայտնվեց խորհրդարանում, իսկ հետո իրեն այնպես պահեց, ասես ոչնչով պարտական չէր Հովհաննիսյանին։ Քաղաքականության մեջ Քոքոբելյանն առավել հայտնի է որպես գործարար և Փաշինյանի վստահված անձ։ Այս հանգամանքը է՛լ ավելի ակնբախ է դարձնում այն փաստը, որ Ասլանյանին կալանավորել են ոչ թե այն պատճառով, թե նա քաղաքական պայքար է մղել ռեժիմի դեմ, այլ որ նրա վերադարձը քաղաքապետի պաշտոնին չէր համընկնում Փաշինյանի ծրագրերի հետ։

Ընտրություններում «Մամիկոն Ասլանյան» դաշինքի հաղթելուց հետո Փաշինյանը հուսահատ դիմադրում էր այդ վերադարձին։ Նա դատական հայց նախաձեռնեց՝ Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման, ինչպես նաև նախորդ իշխանության օրոք անցկացված մրցույթների պայմանների ուսումնասիրության նպատակով, և վերջապես կալանավորեց Ասլանյանին շինծու մեղադրանքներով. մի խոսքով, Արցախ Փաշինյանը շատ ավելի հեշտ է հանձնել, քան մեծությամբ երրորդ համայնքի քաղաքապետի պաշտոնը, որն այդպես էլ բաժին չընկավ ՔՊ-ին, բայց գոնե Ասլանյանին էլ չհասավ։

Քոքոբելյանը վաղուց հեռացել է քաղաքականությունից, վերջին շրջանում ԶԼՄ-ները նրա մասին հիշատակել են միայն հոր առևանգման գործի հետ կապված, իսկ Ասլանյանն ավելի քան երկուսուկես տարի կալանավորված մնաց մի գործով, որը գրոշ անգամ չարժե։

Այդ գործը բացահայտ քաղաքական պատվեր է, ընդ որում՝ պատվիրատուն հայտնի է ողջ երկրին։ Քաղբանտարկյալ դառնալու համար ամենևին էլ պարտադիր չէ պայքարել դավաճանի ռեժիմի դեմ, ինչպես դա անում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը. բավական է Փաշինյանի ցանկությունը՝ չտեսնելու այս կամ այն մարդուն ընտրովի ղեկավար պաշտոնում։ Փաշինյանը պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների։ Նրան շատ ավելի ձեռնտու է որպես քաղաքապետ ունենալ Փելեշյանին, քան օրինականորեն ընտրված Ասլանյանին։ Ասենք, արդեն այսօր կարելի է անսխալ կանխատեսել, որ ՔՊ-ն՝ Փաշինյանի գլխավորությամբ, խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն չի ստանա ո՛չ Վանաձորում, ո՛չ Գյումրիում, ո՛չ էլ առավելևս Երևանում։ Երևանի ավագանու 2026 թվականի ընտրություններում կուսակցությունը մեծամասնություն չի հավաքի։ Փաշինյանը ստիպված է լինելու դիմել կեղծիքների և տեռորի՝ 3 խոշոր քաղաքներում ՔՊ-ի հաղթանակն «ապահովելու» (նկարելու) համար։

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Միքայել Արզումանյանը նույնպես չի պայքարել Փաշինյանի ռեժիմի դեմ, բայց «գերագույն գլխավոր հրամանատարը» որոշեց հենց նրա վրա բարդել Շուշին ու Հադրութը հանձնելու մեղքը։ Ընդ որում գեներալին մեղավոր ճանաչելու ցուցումը Փաշինյանը հնչեցրեց երկրի ամենաբարձր ամբիոնից։ Պատերազմի վերջին օրերին (հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 9-ը) մարտական գործողությունները ղեկավարած Արզումանյանի մեղքն ապացուցող փաստեր չկան, մեղադրանքը կառուցված է հերյուրանքների և բացահայտ ստի վրա: Օրինակ, Արզումանյանին մեղադրում են Արեգա բարձունքը հանձնելու մեջ, թեև այն ժամանակ նա դեռ հրամանատար չէր և չէր կարող համապատասխան հրաման տալ։

Ի թիվս այլոց՝ գործով հարցաքննվել են «Եղնիկներ» զորամասի փոխգնդապետ Սերոբ Բազիկյանը, ինչպես նաև այդ զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանը («Քյոխ»): Գեներալին մեղադրանքներ ներկայացվեցին 2022 թվականի օգոստոսի 30-ին, այդ ժամանակից ի վեր նա կալանավորված է։ Վերջերս բանտախցում նրան այցելել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Աշոտյանին մեղադրանքներ ներկայացվեցին 2022 թվականի նոյեմբերին։ Վերջերս դատարանը երկարաձգեց նրա կալանքը ևս 3 ամսով։ Գործը ծայրեծայր շինծու է, բայց չէ՞ որ կալանավորման պատճառը բնավ բուժհաստատության համար կահույք գնելը չէ, որն, ի դեպ, ամբողջությամբ իր տեղում է, այլ այն, որ Աշոտյանը ժողովրդին ճշմարտությունն էր ասում Արցախի հանձնման և իշխող վերնաշերտի այլ հանցագործությունների մասին։ Քրեական գործը որևէ առնչություն չունի կալանավորման իրական պատճառի հետ, խափանման միջոցը թելադրված է անձամբ Փաշինյանի կողմից, սակայն տվյալ դեպքում կապիտուլյանտը ոչնչի չհասավ: Աշոտյանի ձայնը բանտախցից լսվում է շատ հստակ, նա շարունակում է պայքարը և օգնում պայքարել ուրիշներին։ Աշոտյանի տոկունության շնորհիվ շատերը թևաթափ չեն լինում, երբ տեսնում են, թե ինչպես են Արցախի պայմանավորված հանձնումից հետո Նիկոլն ու իր հանցախումբը պատառ առ պատառ հանձնում Հայաստանը