Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ԵՄ-Ն ԴԵՂ ՈՒՆԻ` ԹՈՂ ԻՐ ՃԱՂԱՏԻՆ ՔՍԻ
Արցախի հանձնումը գործիք դարձավ, որ ՀՀ–ն փոխի իր քաղաքական վեկտորը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Փաշինյանի թիմը բերվել է իշխանության, որպեսզի փոխի ՀՀ քաղաքական վեկտորը և արժեհամակարգը, իսկ դա տեղի չէր ունենա, եթե չհանձնվեր Արցախը։ Արցախը գործիք էր հենց Արևմուտքի ու Թուրքիայի համար»,–ասաց Շարմազանովը։
Ինչո՞ւ է Արևմուտքը ներում Նիկոլ Փաշինյանի իշխանության ոչ ժողովրդավարական քայլերը
Շարմազանովի խոսքով` հավաքական Արևմուտքում, Եվրոպայում շատ լավ գիտակցում են` Նիկոլ Փաշինյանն ու ժողովրդավարությունը նույնն է, ինչ Հիտլերն ու քրիստոնեությունը, սակայն նրան ներվելու է ամեն ինչ, քանի դեռ նա իրականացնում է Բոլթոնի` պետական գաղափարներից ազատվելու քաղաքականությունը։
«2016 թվականի ՊՊԾ գնդի գրավման ժամանակ երկու լուսաձայնային նռնակ եղավ, Լևոն Երանոսյանին մեղադրանք առաջադրեցին։ Բոլոր միջազգային կառույցները քննադատում էին։ Իսկ օրը ցերեկով կրակում են ժողովրդի վրա, 30 լուսաձայնային նռնակ է կրակվել Բաղրամյան–Դեմիրճյան խաչմերուկում, մի հոգի կալանավորվա՞ծ է, ԱՄՆ դեսպան, ԵՄ դեսպան, միջազգային կառույցները, հավաքական Արևմուտքը ձայն հանե՞լ են։ Բա մեր 2-ի ժամանակ անում էին, իրենց 30–ի ժամանակ ինչո՞ւ չեն անում։ Օրը ցերեկով հայ նահատակների մայրերի թևերից քաշելով` այս կողմ, այն կողմ են տանում, 2021 թվականի ընտրություններին Նիկոլ Փաշինյանը մուրճը ձեռքը վերցրած գնում էր, մեկը ծպտուն հանո՞ւմ էր»,– ասաց նա։
ՀՀԿ–ական գործչի գնահատմամբ` Նիկոլ Փաշինյանի ռեժիմը պարում է հավաքական Արևմուտքի դուդուկի տակ։
«Հավաքական Արևմուտքը ՀՀ–ից հակառուսաստան է սարքում, իսկ այդ ճանապարհին իրենք պատրաստ են ոչ միայն Արմեն Աշոտյանի կալանքի (ՀՀԿ փոխնախագահ, կալանքի տակ է 2023–ի հունիսի 16–ից) մասին լռել, աչք փակել քաղաքացիների վրա նետած լուսաձայնային նռնակների վրա, այլ նաև ՀՀ–ն անվանել ժողովրդավարության բաստիոն։ Այն, ինչ անում է հավաքական Արևմուտքը ՀՀ–ի հետ ժողովրդավարության առումով, լկտի ցինիզմ կարելի է որակել, ու սա խոսում է, որ Եվրոպան նահանջել է այն արժեքներից, որոնց կրողը պետք է լիներ։ Դա մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և քրիստոնեական արժեքներն են, երեքին էլ դեմ է գնում»,–ասաց Էդուարդ Շարմազանովը։
Նա նշեց, որ հիմա էլ եվրոպական «օրակարգում» դրված է Հայաստանից երկրորդ Ուկրաինա` «Ուկրմենիա» ստանալը։ Մինչդեռ Հայաստանը պետք է դասեր քաղի հարևան Վրաստանից. հենց Վրաստանի կառավարությունը որոշում ընդունեց, որը Եվրոպայի կամ Արևմուտքի քիմքին հաճելի չէ, միանգամից սանկցիաներ սկսվեցին։
«Բարեկամ վրացիները մի անգամ Միխեիլ Սաակաշվիլու ժամանակ ընկան Եվրոպայի խելքին, նրանց դուդուկի տակ պարեցին և կորցրին Հարավային Օսեթիան ու Աբխազիան»,–հավելեց նա։
ՀՀԿ–ական գործչի կարծիքով` հավաքական Արևմուտքին հետխորհրդային տարածաշրջանում ազգային պետություններ պետք չեն, նրանց պետք են իրենց կամակատարներն ու քաղաքական «վեցնոցները», որոնք հետխորհրդային տարածաշրջանի և Ռուսաստանի սահմանների ամբողջ երկայնքով տաք կպահեն հակառուսականության օջախները։ Դրա համար էլ նրանք ներում են Նիկոլ Փաշինյանին։
«Դե թող Փաշինյանը գնա, պրոռուսական մի երկու քայլ անի, տեսեք` սանկցիան սանկցիայի հետևից ոնց են գրում»,–ասաց Շարմազանովը։
ԵՄ–ն դեղ ունի` թող իր ճաղատին քսի
Եվրոպական միությունը, Արևմուտքը, Էդուարդ Շարմազանովի խոսքով, չեն կարող լինել այլընտրանք ԵԱՏՄ–ին և ՀՀ–ՌԴ դաշնակցային հարաբերություններին ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական, ո՛չ էլ, առավել ևս, անվտանգային առումով։ Արևմուտք ասելով` պետք է հասկանալ Թուրքիան։ Արևմուտքի գլխավոր խաղացողի թիվ մեկ դաշնակիցն այս տարածաշրջանում էրդողանական Թուրքիան է։
Բացի դա, Արևմուտքը, ԵՄ–ն ինքը, անվտանգություն արտադրող կազմակերպություն չէ, այլ անվտանգություն սպառող է, և նույն ԵՄ–ն շատ դեպքերում ունի խնդիր անվտանգության հետ։
«Որպես օրինակ` Կիպրոսի Հանրապետությունը։ Արդեն 50 տարի է` Կիպրոսի (որը ԵՄ անդամ է) 30 տոկոսն օկուպացված է Թուրքիայի կողմից։ ԵՄ–ն եթե դեղ ունի, թող իր ճաղատին քսի, թող մազեր աճեն, հասկանա, որ ինքը կարող է իր անվտանգությունն ապահովել։ Եթե ԵՄ–ն չի կարողանում իր տարածքն ազատել թուրքական օկուպացիայից, ինքը մեր համար ի՞նչ պետք է անի։Եվրոպական զինվորը Կիպրոսի համար չի կռվում, ՀՀ–ի համար կռվելո՞ւ է»,–ընդգծեց քաղաքական գործիչը։
Տնտեսական ռիսկերը
ԵՄ–ն պատրա՞ստ է սպառել հայկական ապրանքները։ Հայկական կոնյակը կամ չիրը Փարիզի սուպերմարկետներում կվաճառե՞ն, հռետորական հարցադրում է անում Շարմազանովը։
«ԵՄ–ն պատրա՞ստ է մեզ 165 դոլարով գազ տալ։ Իհարկե ոչ։ Մեր տնտեսությունը եթե այսօր շնչում է, և ինչ տնտեսական աճ էլ մենք ունենք, նախ և առաջ կապված է ռուսական և եվրասիական շուկայի հետ։ Հարցրեք գյուղատնտեսներին, թե իրենց ապրանքները որտեղ են սպառում` եվրասիական ու ռուսական շուկաներում»,–նշեց Շարմազանովը։
Միևնույն ժամանակ նա հիշեցրեց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքերը, որ անհնար է գնալ ԵՄ և օգտվել ԵԱՏՄ–ի ընձեռած հնարավորություններից։
«Այդպես չի լինում։ Ոնց որ մեկը գա, քո ընտանիքը պահի, դու իրեն հայհոյես, հետո էլ տունդ բերես–դնես նրա թշնամու արձանը»։
ՀՀ–ի նպատակը նախևառաջ պետք է լինի Մոսկվայի հետ հարաբերությունների ամրապնդումը
ՀՀԿ խոսնակը նշում է` երբ ՀՀ–ն ուներ պետական մտածողություն ունեցող ղեկավարություն, կարողանում էր գրագետ աշխատել դաշնակից երկիր ՌԴ–ի հետ։
Նա պնդում է, որ 1991-2018 թվականներին անվտանգային խնդիրներ չկային, կար 2 հայկական պետականություն, միայն Սերժ Սարգսյանի ղեկավարման ժամանակ 3-4 տարվա ընթացքում ձեռք ենք բերել 50 հազար տոննա ձրի զենք–զինամթերք, ՀԱՊԿ–ից խիստ քննադատություններ և գնահատականներ են հնչել Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հանդեպ։
Էդուարդ Շարմազանովը նշում է, որ ՀՀ–ի նպատակը և՛ անվտանգային, և՛ տնտեսական առումով պետք է նախևառաջ լինի Մոսկվայի հետ դաշնակցային հարաբերությունների ամրապնդումը, Իրանի հետ բարեկամական հարաբերությունների ուժեղացումը։ Չինաստանի, Հնդկաստանի և նաև Արևմուտքի հետ պետք է աշխատել,բայց պետք է հասկանալ` ով է ընկեր և ով` հակառակորդ։