Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԻՆՉՈՒ ԼՈՆԴՈՆՈՒՄ ՏԱՊԱԼՎԵՑ ՓԱՇԻՆՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
«Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպման տապալումն ուղիղ կապվածություն ունի հուլիսի 1-ին նախատեսված երկու երկրների միջև կանոնակարգերի շուրջ համաձայնության ձախողմանը»,- նման տեսակետ է հայտնել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, նվազագույնը 3 խնդիր կա, որոնք կա´մ առանձին կա´մ 3-ը միասին ազդել են երկկողմ օրակարգի ձևավորման և դրա հիման վրա հանդիպման կազմակերպելու վրա:
«Առաջինը, ինչպես նշեցի, սահմանազատման հետ կապված խնդիրներն են, իսկ ավելի կոնկրետ` այն քայլերի հաջորդականությունն ու մոտեցումները, որոնք մինչև այս պահը չեն համաձայնեցվել, չնայած կար նախապես սահմանված ժամկետ:
Երկրորդ, Ադրբեջանի` վերջին շրջանում ակտիվ առաջ տարվող ՀՀ սահմանադրության փոփոխության հարցը, որի վերաբերյալ ՀՀ իշխանությունը նշում է, որ փոփոխության անհրաժեշտություն տեսնում է, սակայն փորձում է ցույց տալ, թե դա ադրբեջանական պահանջով չէ:
Երրորդ, տարածաշրջանային կոմունիկացիաների թեման շարունակում է օրակարգում մնալ, իսկ դրա` տարբեր սցենարներով հանգուցալուծման հարցը, ոչ միայն ռեգիոնալ, այլ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների ուշադրության և ուղիղ միջամտության դաշտում է:
Չնայած այս գործոններին, չի բացառվում, որ մոտ ապագայում երկկողմ հանդիպում, այնուամենայնիվ, կկայանա, որովհետև ՀՀ իշխանությունը բազմաթիվ նման իրավիճակներում ոչ միայն ընկրկել է, այլ դիրքորոշումների առումով` գնացել լուրջ նահանջների»,- գրել է Տ.Աբրահամյանը: