Կոտայքի մարզում 6 անձ է ձերբակալվել ոստիկանների նկատմամբ բռնության գործադրելու համար
Հուլիսի 18-ի երեկոյան Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղից դեպի Ձորաղբյուր տանող ճանապարհին ձերբակալվել է 6 անձ` խուլիգանություն կատարելու և ոստիկանների նկատմամբ բռնության գործադրելու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Հաղորդում ստանալուց հետո ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են մի խումբ անձանց, որոնք հարցեր պարզաբանելու համար, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, բարձրաձայն վիճաբանել և հայհոյանքներ են հնչեցրել։
«Ոստիկանության ծառայողները, օրենքով սահմանված կարգով ներկայանալով, օրինական պահանջ են ներկայացրել՝ հակահասարակական և հակաբարոյական վարքագիծ չդրսևորելու վերաբերյալ, սակայն նշված անձինք ոչ միայն չեն ենթարկվել նրանց կողմից ներկայացված օրինական պահանջին, այլև սկսել են հայհոյել նաև ոստիկանության ծառայողներին և հարձակվել վերջիններիս վրա՝ հարվածելով և քաշքշելով նրանց»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ արդյունքում ոստիկանության երկու ծառայող տեղափոխվել են հիվանդանոց։
Հետագայում պարզվել է նաև, որ բացի ձերբակալված 6 անձանցից, վիճաբանության ժամանակ այլ անձինք ևս հարվածներ են հասցրել ոստիկանության աշխատակիցներին։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են փայտե մահակներ, դանակներ և արնանման հետքեր, որոնցից վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են մի շարք անձինք, ստուգվել են ձերբակալված անձանց սթափության վիճակը։
Քրեական վարույթով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ։
Sputnik Արմենիա