ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել Կապանում 64-ամյա տղամարդու մահվան վերաբերյալ
Կապանում պայթյունից մահացածը 64–ամյա տղամարդը եղել է կոմբինատի պահակը։ Այս մասին հայտում է ՀՀ Քննչական կոմիտեն։
Նշվում է, որ նա պահպանության շրջանակներում իր հերթափոխն ընդունելու նպատակով, գնացել է N զորամասի հրաձգարանի տարածք։ Նշված վայրից հավաքել է կրակված արկերի դյուրալյումինե կտորներ՝ որպես գունավոր մետաղ հանձնելու նպատակով։
«Դրանց մեջ եղել է նաև չպայթած արկ, որը քանդելու ժամանակ առաջացած պայթյունի հետևանքով տղամարդը ստացել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ»,– ասված է հաղորդագրությունում։
Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ դեպքի վայր է հանդիսանում Կապան քաղաքի հրաձգարանի հարևանությամբ գտնվող դաշտամիջյան տարածքը, իսկ հրաձգարանը գտնվում է դեպքի վայրից դեպի հյուսիս:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ վնասվածքներով, արկին նմանվող մետաղական դետալներ և արկի միջուկին նմանվող մետաղական դետալ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը) և 337-րդ հոդվածի 1-ին մասի (hրազենի, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքերի պահպանության պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) հատկանիշներով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կապան քաղաքում տեղի է ունեցել պայթյուն, ինչի արդյունքում մահացել է 64– ամյա տղամարդ։ ՀՀ ՊՆ–ն հայտնել էր, որ հրաձգարանի տարածքում նման դեպք չի արձանագրվել։
Sputnik Արմենիա