ԵՄ-ն ՀՀ ԶՈւ-ին 10 մլն դոլար տրամադրելու մասին որոշում է ընդունել

ԵՄ խորհուրդը հաստատել է Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում ՀՀ-ի զինված ուժերին 10 մլն դոլարի աջակցություն տրամադրելու ծրագիրը, տեղեկանում ենք ԵՄ Խորհրդի պաշտոնական կայքից։

«Առաջին անգամ ԵՄ-ն որոշել է աջակցել Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի հաշվին։ Օգնության այս միջոցառման նպատակն է ամրապնդել ՀՀ ԶՈւ նյութատեխնիկական ներուժը և նպաստել ճգնաժամային ու արտակարգ իրավիճակներում քաղաքացիական բնակչության պաշտպանության բարելավմանը: Այն նաև ուղղված է Հայաստանի կենսունակության բարձրացմանը, զինված ուժերի փոխգործակցության արագացմանը՝ միջազգային ռազմական առաքելություններին, գործողություններին (այդ թվում՝ ԵՄ-ի կողմից ծավալված) երկրի ապագա հնարավոր մասնակցության դեպքում։ Մասնավորապես, ձեռնարկված օգնության միջոցը թույլ կտա ստեղծել լիարժեք վրանային ճամբար, որը հարմար է տեղակայման, գումարտակի չափի ստորաբաժանման համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ ԵՄ խորհուրդը նաև վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ է որոշում կայացրել։ Նա ԵՄ որոշումները պատմական է անվանել։

«Մենք ողջունում ենք ԵՄ կողմից՝ Արտաքին գործերի նախարարների մակարդակով կայացված պատմական որոշումները Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրման և վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ։ Սա ՀՀ-ԵՄ գործընկերության շատ կարևոր հանգրվան է, գործընկերություն, որը խորանում է՝ հիմնված ընդհանուր արժեքների և սկզբունքների, ինչպես նաև կայունության, խաղաղության և բարեկեցության տեսլականի վրա»,- հավելել է Միրզոյանը։

Հուլիսի 17-ի ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը գրել էր, որ Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու և Հայաստանին Եվրոպական խաղաղության գործիքակազմով աջակցություն տրամադրելու հարցերը ներառվել են Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհրդի (նախարարների խորհրդի) հուլիսի 22֊ի նիստի օրակարգում։ Ավելի վաղ «Ազատությունը» հայտնել էր, որ Եվրամիությունը ԵՄ անդամ բոլոր երկրների դեսպանների մակարդակով հաստատել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու Եվրահանձնաժողովի առաջարկը։

Armenia Today