Չինաստանը և Բելառուսը Լեհաստանի հետ սահմանին օդանավակայանը գրավելու զորավարժություններ են անցկացրել
Չինական և բելառուսական զորքերն օդանավակայանի գրավման փորձ են մշակել՝ Eagle Assault համատեղ հակաահաբեկչական զորավարժությունների ժամանակ, գրում է հոնկոնգյան South China Morning Post թերթը։
Հրատարակության տվյալներով՝ զորավարժությունները տեղի են ունեցել Բրեստ քաղաքի մոտ, որը գտնվում է Ուկրաինայի և Լեհաստանի հետ սահմանից 28 կմ հեռավորության վրա։
«Բելառուսա-չինական օդային որոնողական գրոհային խմբերն աշխատել են կեղծ ահաբեկչական կազմակերպության բազային ճամբարի որոնման վրա։ Իսկ դրա հայտնաբերումից հետո նրանք վայրէջք կատարեցին Մի-8ՄՏՎ-5 ուղղաթիռներից»,- ասվում է Բելառուսի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Ի թիվս այլ բաների, իրականացվել է օդանավակայանի վերահսկողության տակ վերցնելու գործողություն, որը, ըստ սցենարի, գրավվել է ահաբեկչական կազմակերպության կողմից։
Սրանք երկու երկրների առաջին համատեղ զորավարժություններն էին։ Չինաստանի պաշտպանության նախարարությունը WeChat-ում հաղորդագրություն է հրապարակել, որում նշել է երկու երկրների զորքերի տեխնիկական լավ հմտություններն ու պատրաստվածության ամուր մակարդակը։
Չինացի հրամանատար Վան Բոն ասել է, որ երկու կողմերը պրակտիկա են անցկացրել իրենց թիրախների շրջապատման, վերահսկողության և հետապնդման ուղղությամբ, ինչպես նաև հետախուզական վարժանքներ են անցկացրել: Զորավարժություններն անցել են «սահուն»՝ երկու կողմերի միջև «անբասիր համակարգման», «ուժեղ պատրաստության» և «վստահության բարձր մակարդակի» շնորհիվ, ասվում է չինական բանակի հայտարարության մեջ:
Զորավարժությունները տեղի են ունեցել Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից օրեր անց, որտեղ եզրակացություն է արվել, որ Ռուսաստանի հետ Չինաստանի խորացող գործընկերությունը դաշինքի համար «խորը մտահոգության» առարկա է:
News.am