Newsweek․ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՐԴԱՐԴՑՆԵԼ ԱԼԻԵՎԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Անցյալ սեպտեմբերին ադրբեջանական ուժերը հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի վրա և մի քանի օրում բոլոր 120 հազար էթնիկ հայերը լքեցին իրենց նախնիների հայրենիքը, որոնց մեծ մասը ​​ Հայաստանում դարձավ փախստական, գրում է Newsweek-ը։

Freedom House-ի զեկույցում ողբերգությունը նկարագրվում է որպես էթնիկ զտումների ծրագրված գործողություն:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բռնապետական ​​ռեժիմի կազմակերպած այս ողբերգությունը ոչ միայն տարածաշրջանային խնդիր է, այլ՝ համապարփակ գործողություններ պահանջող մարդու իրավունքների լուրջ ոտնահարում:

Ալիևը, որն Ադրբեջանը ղեկավարում է 2003 թվականից, համակարգված կերպով քանդել է ժողովրդավարական ինստիտուտները և համախմբել իշխանությունը երկրի ներսում՝ ստեղծելով մի ռեժիմ, որը բնութագրվում է կոռուպցիայով, հալածանքներով և մարդու իրավունքների ոտնահարմամբ: Ադրբեջանում իշխանությունից ամուր կառչած Ալիևի ռեժիմը ամրապնդվում է ընտրակեղծիքների, այլախոհության ճնշման և լրատվամիջոցների նկատմամբ վերահսկողության միջոցով: Անկախ ձայները լռեցվում են, քաղաքական հակառակորդները՝ բանտարկվում, իսկ քաղաքացիական հասարակությունը ճնշման ենթարկվում՝ ստեղծելով մի միջավայր, որտեղ իշխանությունը պահպանվում է վախի և ահաբեկման միջոցով:

Ալիևը բռնապետության ևս մեկ այլ դասական հնարք կիրառեց՝ շեղել բնակչության ուշադրությունը հորինված ճգնաժամով արտաքին մտացածին թշնամիների դեմ: Այդ կերպ, ռեժիմը, հատկապես 2020 թվականից սկսած, անընդհատ սաստկացնում է հայերի դեմ իր հռետորաբանությունն ու ագրեսիվ գործողությունները։

Զեկույցը, որը հրապարակվել է անցյալ ամիս, հիմնված է արբանյակային պատկերների, հանրությանը հասանելի տեղեկատվության և իրադարձություններից փրկվածների հետ հարցազրույցների վրա: «Խելամիտ հիմքեր կան ենթադրելու, որ նրանց հարկադիր հեռացումը միտումնավոր է եղել։ Նշված տվյալները վկայում են, որ գոյություն ունի համակարգված, երկարաժամկետ ծրագիր, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղը հայ բնակչությունից ազատելուն»,-ասված է զեկույցում.

«Այս քաղաքականությունը ձեռք է բերվել այնպիսի գործողությունների միջոցով, որոնք մարդու իրավունքների, միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային քրեական իրավունքի կոպիտ ոտնահարումներ են»:

Զեկույցում նկարագրվում է այն չարաշահումներն ու սպանությունները, որոնցով ուղեկցվել և խթանվել է փախուստը, և նշում է, որ այդ ժամանակից ի վեր «Բաքուն շարունակել է ջնջել Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքների, մշակույթի և ժառանգության ապացույցները: Փաստահավաք առաքելության ձեռք բերած արբանյակային պատկերները, ինչպես նաև երկրորդական աղբյուրներից ստացված տվյալները վկայում են հայկական գերեզմանոցների, եկեղեցիների և բնակելի թաղամասերի ավերվածության մասին»։

News.am