ԱԺ ընդդիմությունը կպահանջի հունիսի 12-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծել

ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները պահանջելու են հունիսի 12–ի դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ձևավորել: Այս մասին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ սրբազանի հրավիրած հավաքի ժամանակ։

«Կարծում եմ՝ չկա մի հայ, որի համար Մարտի 1–ը սև օր չէ, այդ օրը և հունիսի 12–ին տեղի ունեցածը մի նմանություն ունեն. երկու դեպքում էլ զոհերի, մարդկային վնասների, առողջությանը պատճառված վնասների մեղավորը Նիկոլ Փաշինյանն է` 2008 թվականին որպես ցուցարար, իսկ 2024 թվականին` որպես ՀՀ վարչապետ»,– հայտարարեց Մամիջանյանը։

Նշենք, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու համար անհրաժեշտ է խորհրդարանական մեծամասնության` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հավանությունը։ ԱԺ–ում մինչ այս արդեն իսկ գործել են «Մարտի 1–ի դեպքերն ուսումնասիրող» (ստեղծվել է 2008 թ.) և «2020 թ. սեպտեմբերի 27–ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» (ստեղծվել է 2022 թ.) ստեղծված ժամանակավոր հանձնաժողովները։

Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարեց, որ նախագահական ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջեցին վերահաշվարկել քվեները։

Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացրին «տեղանքը ստուգելու» համար և հազարավոր ցուցարարների հեռացրին հրապարակից։

Մարտի 1-ի երեկոյան ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ իրականացրին։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ ստացան, մահացան 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։

Sputnik Արմենիա