Վահագն Չախալյանն ազատվեց տնային կալանքից

«Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի տնային կալանքն այսօր ավարտվեց, և նա արդեն ազատության մեջ է։

Չախալյանն ու ևս 4 անձինք ձերբակալվել էին մայիսի 16-ին կառավարության շենքի մոտ իրականացրած բողոքի ակցիայի ժամանակ խուլիգանություն կատարելու հիմքով։ Մայիսի 19–ին նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը։

«Հենց այս պահին ավարտվեց երկամսյա տնային կալանքս, և ես ազատության մեջ եմ։ Ազատություն եմ մաղթում մեր պայքարի ընկերներ Գերասիմ Վարդանյանին, Կարապետ Պողոսյանին և մնացած քաղհալածյալներին, քաղբանտարկյալներին և Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական իշխանություններին»,– գրել է Չախալյանը ֆեյսբուքյան էջում։

Չախալյանը նշել է, որ տնային կալանքի ընթացքում ի մի է բերել վերջին տարիներին ՀՀ քաղաքացիներից լսած խնդիրներն ու պահանջները, սղագրել դրանք և շուտով կխոսի դրանց մասին։

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Վահագն Չախալյանը չի համաձայնել բողոքի ակցիան տվյալ տարածքում անցկացնելու վերաբերյալ քաղաքացիներից մեկի արտահայտած տեսակետին ու վիճաբանել վերջինիս հետ` կատարելով խուլիգանություն։

Sputnik Արմենիա