Հիմնավոր կասկած ունեմ, թե ով է հաղթելու. Հանրային ռադիոյի նախկին տնօրենը` մրցույթի մասին

Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը կասկածներ ունի, որ Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի մրցույթում հաղթող է հայտարարվելու Արմեն Քոլոյանը։ Նա այդ մասին գրառում է արել է ֆեյսբուքյան էջում։

Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 8 անձ` Գարեգին Խումարյանը, Բելա Հովհաննիսյանը, Մհեր Մարգարյանը, Միքայել Յալանուզյանը, Լուսինե Պետրոսյանը, Հակոբ Ռուբինյանը, Արմեն Քոլոյանը և Նազելի Օհանյանը։

«Ընտրությունների արդյունքը կարծես թե արդեն որոշված է, և, մեղմ ասած, ունեմ հիմնավոր կասկած, որ ամսի 29-ի նիստում Հանրային հեռարձակողի խորհուրդը հաղթող է հայտարարելու Արմեն Քոլոյան անունով թեկնածուին Եթե իրավապահ մարմիններից որևէ մեկը որոշի արձագանքել այս գրառմանը, ապա առաջին բանը, որ պիտի անի, կառավարության անցագրային բաժնում ստուգում անցկացնել է։ Պետք է պարզել, թե հուլիսի 2-րդ շաբաթվա ընթացքում շենքում աշխատող որ պաշտոնյան է ստորագրել Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանի և Հանրային ռադիոյի տնօրենի թեկնածու Արմեն Քոլոյանի անցագրերը, ում առանձնասենյակ են նրանք միասին բարձրացել, և ինչ է տեղի ունեցել այդտեղ»,– գրել է Խումարյանը։

Նա Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներին կոչ է արել չեղարկել մրցույթը և նշանակել նորը։ Ըստ նրա` խորհրդի անդամները չպետք է Հանրային հեռարձակողի տնօրեն ընտրեն, դա պետք է անեն անկախ ընտրիչները, ինչպես եղել է 2010 թ. սկսած։ Խումարյանը նաև հորդորել է վերականգնել անկախ մրցութային հանձնաժողովի ինստիտուտը, որը կասեցվել է ապրիլի 5–ին, մրցույթն անցկացնել անկախ ընտրիչների ընթացակարգով և նոր մրցույթ իրականացնել։

Նա մրցույթի մնացած մասնակիցներին խորհուրդ է տվել ի նշան բողոքի բոյկոտել մրցույթը և հետ վերցնել հայտերը։

Sputnik Արմենիա