ՍԴ-ն մասնակի բավարարել է Ռոբերտ Քոչարյանի գործով Վճռաբեկ դատարանի դիմումը
Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Վճռաբեկ դատարանի դիմումը, հայտնում է Հանրային հեռուստատեսությունը։
Հեռուստատեսության տվյալներով՝ Վճռաբեկը Մարտի 1-ի վարույթով անցնող 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով դիմել էր բարձր դատարան՝ միջնորդելով որոշել Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների Սահմանադրությանը համապատասխանելու հարցը:
Նշվում է, որ 1998-ին ընդունված, այժմ մասնակի գործող Քրեական դատավարության օրենսգրքի 309.1 հոդվածի 3-րդ մասը հնարավորություն չէր տալիս հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո դատարանում վերաորակել մեղադրանքը:
«Բարձր դատարանը որոշել է, որ թեև հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ ամբաստանյալին մեղսագրվող արարքը հակասահմանադրական ճանաչվելիս մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը մեղադրյալի արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության պարագայում՝ անկախ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումից»,- հայտնում է հեռուստատեսությունը:
Սա, ըստ աղբյուրի, նշանակում է, որ Քոչարյանին և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացված մեղադրանքը պետք է վերաորակել: Վճռաբեկի դիմումի մյուս մասը մերժվել է։
2021 թվականի ապրիլին Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը) Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որով այս հոդվածն ուժը կորցրած և Սահմանադրությանը հակասող էր ճանաչվել։
Armenia Today