ՔԿ․ Ոստիկաններին բռնության ենթարկելու համար 2 անձ կալանավորվել է
Ոստիկաններին բռնության ենթարկելու համար 7 անձի մեղադրանք է ներկայացվել։ Նրանցից 2–ը կալանավորվել են, մյուս 5–ի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք և նրանք ազատ են արձակվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 18–ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում խնջույքի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել Գառնիի և Աբովյանի ոստիկանապետների մասնակցությամբ։ Չարենցավանում խնջույքի ժամանակ մարդիկ իրար ծեծել են ու երբ իրավապահները ժամանել են դեպքի վայր, սկսվել է իրարանցում` խնջույքի մասնակիցները սկսել են ծեծել ոստիկանության պաշտոնյաներին։
Պարզվել է, որ հուլիսի 18-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի 12-րդ փողոցի 48-50-րդ հասցեում գտնվող հողատարածքի դիմացի հատվածում Աբովյան քաղաքի և Արամուս բնակավայրի բնակիչ հանդիսացող, 17–45 տարեկան 7 անձինք, ինքնությունը չպարզված մոտ 100 այլ անձանց հետ վիճաբանել և հնչեցրել են հայհոյանքներ՝ խախտելով շրջակայքում բնակվող անձանց անդորրը:
Ոստիկանության Աբովյանի բաժնի 11 ծառայողներ մեկնել են դեպքի վայր և պահանջել դադարեցնել վիճաբանությունը, հայհոյանքներ չհնչեցնել։ Մինչդեռ վիճաբանության մասնակիցները, շարունակելով իրենց գործողությունները, հայհոյանքներ են հնչեցրել ոստիկանության աշխատակիցների հասցեին:
«Ոստիկանության աշխատակիցները փորձել են ձերբակալել նրանցից ոմանց։ Վիճաբանության մասնակիցները, հայհոյանքներ հնչեցնելով, սկսել են քաշքշել և հարվածներ հասցնել ոստիկանության աշխատակիցներին, ինչի արդյունքում վերջիններից մեկն իր մոտ գտնվող հաշվեցուցակային ինքնաձիգով նախազգուշական երեք կրակոց է արձակել օդ։ Արամուս բնակավայրի բնակիչները, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, դիտավորությամբ հարվածներ են հասցրել ոստիկանության մի քանի ծառայողներին»,– ասված է հաղորդագրության մեջ:
7 անձի ներկայացվել է մեղադրանքներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խմբի կազմում խուլիգանություն կատարելը)։ Նրանցից ոստիկանության ծառայողների նկատմամբ առերևույթ բռնություն կատարած 2 անձանց՝ Արամուսի բնակիչներին, մեղադրանք է ներկայացվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն գործադրելը)։
Sputnik Արմենիա