Լևոն Ջուլֆալակյանը ներառվել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի «Փառքի սրահում»

Եվրոպայի, աշխարհի և օլիմպիական չեմպիոն, հայտնի ըմբիշ Լևոն Ջուլֆալակյանի անունը ներառվել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Փառքի սրահում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ըմբշամարտիկի որդին՝ Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը։

«Ըմբշամարտում ունեցած բացառիկ նվաճումների և մեծ ավանդի շնորհիվ ( և՛ որպես մարզիկ, և՛ որպես մարզիչ) Լևոն Ջուլֆալակյանը ներառվեց Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Փառքի սրահում (United World Wrestling Hall of Fame)»,- գրում է մարզիկը։

Նա շեշտել է, որ հայրը՝ Լևոն Ջուլֆալակյանը, ՀՀ առաջին ներկայացուցիչն է, ում անունը տեղ է գտնում այս «Փառքի սրահ»-ում։

Պարգևատրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին Փարիզում՝ Ըմբշամարտի տանը։

Մարզիկը նաև հիշեցրել է, որ 2020թ նոյեմբերի 10-ից սկսած՝ Լևոն Ջուլֆալակյանը հրաժարվում է մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և իշխանությունների կազմակերպված միջոցառումներին, պարգևատրումներին կամ ցանկացած այլ նախաձեռնությանը:

Sputnik Արմենիա