Գերասիմ Վարդանյան․ Չգիտեմ`իմ հաջորդ դատավարությունը հայկակա՞ն դատարանում է լինելու, թե՞ Բաքվի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այսօր՝ հուլիսի 23-ին, տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործով նիստը։
Իր խոսքում գերասիմ Վարդանյանն ասաց. «Անցել է երկու տարի, երբ ինձ բանտից բերում էին դատարան, և ես ասացի՝ եթե մենք գնանք այս ճանապարհով, մենք կորցնելու ենք Արցախը ու հիմա Արցախը չկա:
Հիմա անցել է երկու տարի, ես չգիտեմ՝ երկու տարի հետո Հայաստանը լինելո՞ւ է, թե՞ ոչ։ Եթե այս ամեն ինչը շարունակվեց, Հայաստանը ևս չի լինելու, ես էլ չգիտեմ՝ իմ մյուս դատավարությունը կամ բանտարկությունը հայկական դատարանում է լինելու, թե՞ Բաքվի բանտից Բաքվի դատարաններում:
Երեք անգամ այս իշխանությունների դեմ փողոցում ընդվզում է եղել, երեք անգամ ես ենթարկվել են հետապնդման: Այս ամենն արվում է նրա համար, որ ինձ լռեցնեն: Ինձ լռեցնել ու հնազանդեցնել հնարավոր է միայն ու միայն Արցախի ու Հայաստանի ազատությամբ: Քանի Արցախն ազատ չէ, չեմ լռելու, քանի ՀՀ-ն ամեն օր շղթայվում է, ես չեմ լռելու, չեմ հնազանդվելու: Այս պայքարը շարունակվելու է այնքան, քանի դեռ հայ ժողովուրդը հաղթանակ չի ունեցել,- դատարանի դահլիճում հայտարարեց Գերասիմ Վարդանյանը։
Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում ընթանում էր Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը: Պաշտպանական կողմը միջնորդեց դատարանին հետաձգել դատավարությունը, որպեսզի պաշտպանական կողմը կարողանա ծանոթանալ գործի մանրամասներին։
Դատարանը որոշեց հաջորդ նիստը նշանակել օգոստոսի 6-ին, ժամը 17։00-ին։
News.am