Մինասյան․ Գերասիմը քաղաքական հետապնդման է ենթարկվում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այս գործն ի սկզբանե հստակ քաղաքական ուղղորդում է ունեցել առավել ևս ամենաակտիվ հականիկոլական և ազգային ուժերից մեկի ներկայացուցչի՝ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ իրականացվում է ակնհայտ քաղաքական հետապնդում, և սա այդ դրվագներից մեկն է։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 23-ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

 

«Պատահական չէ, որ Գերասիմին արդեն 3-րդ անգամ ձերբակալում են, իշխող ռեժիմը հասկանում է, որ միայն նման ձևով է հնարավոր որոշակի ժամանակահատվածում փորձել լռեցնել, բայց դա էլ արդյունք չունի։ Այս գործն ի սկզբանե ամբողջությամբ սնանկ է, իրավական անհեռանկար մի գործ, որտեղ փորձ է արվում Գերասիմ Վարդանյանին և մյուս պայքարողներին վերագրել մի բան, որն իրականության հետ առնչություն չունի»,-ասաց նա:

Պատգամավորի խոսքով, Գերասիմ Վարդանյանի նկատմամբ առավել դաժան իրավական գործիքակազմ է օգտագործվում. «Մեկ այլ գործող տեսակցությունն արգելել, 2 ամիս խիստ կալանավորման պայմաններում պահել. Էս մարդիկ չեն հասկանում, որ դրանով հնարավոր չէ պայքարող տեսակին ընկճել: Քանի որ նիկոլական արդարադատության վրա հույս դնել չարժե, մենք մտածում ենք, որ այս պայքարը մինչև վերջ գնալու է: Ինչքան շուտ էս մարդիկ հասկանան, որ հնարավոր չէ էս մեթոդներով լռեցնել և հետ կանգնեն իրենց ապօրինի, հակաիրավական, հակաազգային վարքագծից, այնքան ավելի շուտ երկրում կհաստատվի խաղաղություն, համերաշխություն և հնարավորություն կունենանք մեր կորցրած հայրենիքի վերազատագրումն իրականացնել մեր իսկ ժողովրդի անվտանգության ապահովման համատեքստում»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը:

Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում ընթանում էր Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը: Պաշտպանական կողմը միջնորդեց դատարանին հետաձգել դատավարությունը, որպեսզի պաշտպանական կողմը կարողանա ծանոթանալ գործի մանրամանսերին։ Դատարանը որոշեց հաջորդ նիստը նշանակել օգոստոսի 6-ին, ժամը 17։00-ին։

News.am