ԱՐՏԱՔԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ԱՌՃԱԿԱՏՄԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ…

«ՀՀ ՊՆ-ում Պենտագոնի ներկայացուցիչը լոկ արտաքին կառավարման ցուցանիշ է, ոչ ավելին։ Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի ռազմավարական հետաքրքրություն չկա, մեր երկիրն ընկալվում է բացառապես որպես Ռուսաստանի հետ հակամարտության գործիքներից մեկը»,- հայտարարեց քաղաքագետ Արմեն Մանվելյանը, որը վստահ է, որ ԱՄՆ արտաքին կառավարման տակ է անցել ոչ միայն ՊՆ-ը, այլև ՆԳՆ-ը: Ռեժիմի քարոզչամեքենան փորձում է ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցչի ներկայության փաստը ներկայացնել իբրև արևմտյան անվտանգության համակարգին ՀՀ-ի ինտեգրում, բայց իրականում սա հերթական բլեֆն է։ Ի դեպ, Ուկրաինայում ԱՄՆ-ի ներթափանցումը սկսվեց միաժամանակ ՊՆ-ում և ՈՒԱԾ-ում

Ռազմական վերլուծաբանների ուշադրությունից չի վրիպել այն փաստը, որ հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների բացմանը (հուլիսի 15-24) ողջույնի խոսքով հանդես եկան միայն ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Ավելի ուշ դեսպանը հուզիչ գրառում արեց այն մասին, թե որքան հաճելի էր իր համար հանդիպել Կալիֆոռնիայից ժամանած հայ զինվորականներին, որոնք զորավարժությունների ընթացքում թարգմանչի դեր են կատարել: ԱՄՆ բարձրաստիճան զինվորականներից ոչ մեկը համատեղ միջոցառման մեկնարկին ելույթ չունեցավ։ Այս հանգամանքը դարձավ ևս մեկ ապացույց, որ զորավարժությունների նպատակը զուտ պոպուլիստական է, այլ բնավ ոչ ռազմական։

Վերջին ամիսների հրապարակումներում «Գոլոս»-ը բազմիցս անդրադարձել է այն փաստերին, որոնք վկայում են երկրորդ և երրորդ նախագահների կառավարման տարիներին հայ-ամերիկյան համագործակցության ամրապնդմանն ուղղված երկկողմ լուրջ քայլերի, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ծրագրի մասին, որը նախատեսում էր ՀՀ ամբողջ պաշտպանական ոլորտի արդիականացում: Փոխլրացման քաղաքականության արդյունքը դարձավ մեր երկրի ակտիվ մասնակցությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարին, ընդ որում՝ ինչպես ՆԱՏՕ-ի հետ գործընկերությամբ (IPAP-ի շրջանակներում), այնպես էլ ՀԱՊԿ ձևաչափով: Այսօր համատեղ զորավարժությունների ենթատեքստում ընդամենը Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին Փաշինյանի ռեժիմի հակադրման գործոնն է

Օրերս արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը, մեկնաբանելով ընթացիկ իրադարձությունները, մատնանշեց անմտածված քաղաքական քայլերի հետևանքները, արձանագրելով, որ այդ հետևանքները իշխող վերնախավին քիչ են հետաքրքրում: «Նրանք հասել են շատ ուտելու հնարավորությանը՝ սոված անցյալի տեղը լրացնելով, իսկ հիմա հանուն իշխանության մանիպուլացնում են մի ամբողջ ժողովրդի...»,- հայտարարեց դիվանագետը։ Նրա խոսքերով, այդ անմտածված քայլերի հետևանքները կրելու են շարքային քաղաքացիները։

Ժամանակին ՌԴ-ին չէր անհանգստացնում ՆԱՏՕ-ի հետ ՀՀ համագործակցությունը միջազգային անվտանգության ապահովման ոլորտում, ինչը դրսևորվեց Կոսովոյում և Իրաքում խաղաղապահ գործողություններին հայկական ստորաբաժանումների և մասնագետների մասնակցությամբ: ԱՄՆ-ի հետ ռազմաքաղաքական և զուտ ռազմական հարաբերությունների զարգացումը նպաստում էր հայկական զինված ուժերի մարտունակության բարձրացմանը և տեղավորվում նախագահ Ռոբերտ Քոչարյանի և պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի օրոք մշակված պաշտպանական հավասարակշռված քաղաքականության և ՀՀ պաշտպանական դոկտրինի հայեցակարգում։ Այդ հարցերն արտացոլված էին 2007թ. փետրվարի 7-ին հաստատված Ազգային անվտանգության ռազմավարության մեջ: Մինչև 2018թ. Երևանը վարում էր փոխշահավետ բազմավեկտոր համագործակցության քաղաքականություն, 6 տարվա ընթացքում դրան փոխարինելու եկավ արտաքին կառավարմանը ստրկական հնազանդության քաղաքականությունը, երբ Արևմտյան դերակատարներն օգտագործում են մեր երկիրը որպես «հակաՌուսաստան»…

Ներկայիս համատեղ զորավարժությունները հերթական քայլն են դեպի Արևմուտք և ելք ՀԱՊԿ-ից, հենց այդ նպատակին են այսօր մղում Փաշինյանին իր արևմտյան հրահանգիչները՝ փոխարենը ոչինչ չառաջարկելով։ Ժամանակին ՀՀ ղեկավարներին հաջողվում էր համատեղել ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը ի շահ ՀՀ-ի, Փաշինյանի ռեժիմն ընդունակ չէ դրան, իսկ համապատասխան կարողությունների և հմտությունների բացակայությունը թելադրում է ստրկական հնազանդության և բոլոր հրահանգները կուրորեն կատարելու քաղաքականություն

Ավելի քան 20 տարի պահանջվեց հարևան Վրաստանի ղեկավարությունից՝ հասկանալու համար, որ Արևմուտքը չի կարող կայունության և խաղաղության երաշխավոր լինել Հարավային Կովկասում։ Փաշինյանի ռեժիմը վստահորեն քայլում է ՌԴ-ի հետ առճակատման ճանապարհով, և ներկայիս համատեղ զորավարժությունները դրա ամենավառ ապացույցն են։ Այլ կերպ ասած՝ Փաշինյանը շարունակում է թքել այն աղբյուրի մեջ, որտեղից շուտով ստիպված է լինելու ջուր խմել, եթե, իհարկե, նրան թույլ տան

Հայ-ամերիկյան զորավարժությունները Ռուսաստանի և Արևմուտքի գլոբալ դիմակայության լոկ չնչին մասնիկն են, ընդ որում՝ ԱՄՆ-ը ոչինչ չի առաջարկում ՀՀ-ին ՀԱՊԿ-ից դուրս գալու և հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը թուլացնելու դիմաց։ Սկսած 1992թ. մայիսից (անվտանգության մասին համատեղ պայմանագրի ստորագրումը ՀՀ-ի կողմից) և մինչև 2002թ. մայիս (ՀԱՊԿ-ի ստեղծումը) ՀՀ ղեկավարությունն իր քաղաքացիներին հանգամանորեն տեղեկացրել է հավաքական անվտանգության համակարգի նպատակների ու խնդիրների և ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության առավելությունների մասին: Խոսքը ռուսական ներքին գներով ժամանակակից սպառազինություն ստանալու մասին էր, այլ ոչ թե նրա, թե ՀԱՊԿ անդամ այլ երկրների զինվորականները պիտի պաշտպանեն մեր սահմանները։

Սպառազինություն մատակարարվել է տարիներ շարունակ, իսկ ի՞նչ է առաջարկում ԱՄՆ-ը՝ ՀԱՊԿ-ին անդամակցումը դադարեցնելու դիմաց: Ոչինչ, զրո՛: Մեզ ոչ ոք ՆԱՏՕ չի կանչում, ոչ ոք միջուկային հովանոց չի խոստանում։ Փաշինյանին պարտադրում են ՌԴ-ի հետ հարաբերությունների խզման և Գյումրիից 102-րդ ռազմակայանի դուրսբերման ուղեգիծ՝ Հարավային Կովկասում ՌԴ ռազմական ներկայությունը թուլացնելու համար։ Իսկ փոխարենը՝ ի՞նչ:

Վրաստանը չհամաձայնեց տարածաշրջանում արևմտյան ֆորպոստի դերին, փոխարենը այդ դերն ակտիվորեն փորձում է իր վրա վերցնել ՀՀ-ն, ընդ որում այսպես կոչված «Ժողովրդավարական հարթակի» կուսակցությունները Փաշինյանից պահանջում են արագացնել ՀԱՊԿ-ից ելքի գործընթացը, ձևացնելով, թե չեն հասկանում, որ Հայաստանի՝ որպես արևմտյան ֆորպոստի վերահսկիչը լինելու է Թուրքիան։ Ֆորպոստի դերում Հայաստանը ոչինչ չի ստանալու անվտանգության առումով, իսկ կորուստներն անդառնալի են լինելու...

«Մենք նախկինում էլ համագործակցել ենք Կանզասի ազգային գվարդիայի հետ, բայց դա խանդի տեսարաններ չի առաջացրել Ռուսաստանի մոտ, քանի որ համագործակցությունը ենթարկված չէր առճակատման տրամաբանությանը։ Հակառակը, խոսքը փոխլրացման մասին էր, և ամեն ինչ նորմալ էր...»,- փաստում է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։ Կանզասի ազգային գվարդիայի հետ մեկտեղ համատեղ զորավարժություններին մասնակցել են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադը և Եվրոպայում ու Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի զինծառայողները: