Ալեքսեյ ԶՈՒԲԵՑ․ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՈՉ ԹԵ ԱՌԱՆՑ ՎԻԶԱՅԻ ՄՈՒՏՔ ԴԵՊԻ ԵՄ, ԱՅԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները կարող են Հայաստանի վրա ճնշում գործադրելու գործիք դառնալ՝ այսպես կոչված զուգահեռ ներմուծումը դեպի Ռուսաստան դադարեցնելու նպատակով։ «Sputnik на русском»-ի հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի սոցիալ-տնտեսական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, տնտեսական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Զուբեցը։

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին:

«Առանց վիզայի ռեժիմը, որը տրամադրվում է Եվրամիության «բարեկամներին», ինչպիսիք են Վրաստանը, Ուկրաինան և այլն, մի տեսակ խայծ է այդ երկրների բնակիչների համար։ Այսինքն՝ սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական մանիպուլյացիա։ Ու հետո դա ոչ թե առանց վիզայի ռեժիմի տրամադրում է, այլ միայն առանց վիզայի բանակցությունների մեկնարկ։ Այդ բանակցությունները կարող են շարունակվել մի քանի տարի»,- ընդգծել է Զուբեցը։

Ըստ փորձագետի՝ Հարավային Կովկասի գործերին միջամտելու այս բոլոր փորձերը ԵՄ-ի համար ոչնչով են ավարտվելու։ Զուբեցը համոզված է, որ տնտեսության առումով Հայաստանը մնում է սերտորեն կապված Ռուսաստանի հետ։ Նա վստահ է, որ լիարժեք կախվածությունը ՌԴ-ից կպահպանվի նույնիսկ վիզաների ազատականացման դեպքում։

«Վիզաների ազատականացումը չի նշանակում որևէ ներդրում հայաստանյան տնտեսության մեջ։ Միաժամանակ Հայաստանը շատ ավելի աղքատ է, քան Ադրբեջանը, և, իմ կարծիքով, վերջին տվյալներով զիջում Է Վրաստանին ՀՆԱ-ով, գնողունակության պարիտետով։ Այսինքն՝ հայերին ԵՄ–ից ոչ թե առանց վիզայի մուտք է պետք Վիեննայի օպերա, այլ ֆինանսական օգնություն, ներդրումներ՝ հարուստ և բարեկեցիկ երկիր դառնալու համար»,- եզրափակեց մասնագետը։

Զուբեցի կարծիքով՝ վիզային ռեժիմի չեղարկումը չի հանգեցնի Եվրոպայի ուղղությամբ ՀՀ քաղաքացիների արտահոսքի։ Ըստ նրա՝ դրա համար բազմաթիվ պատճառներ կան։ Հիմնական պատճառներն են, օրինակ, բնակություն հաստատելու անկարողությունը, մասնագիտական որակավորումների բացակայությունը և այլն:

Sputnik Արմենիա