Ահաբեկչության նախապատրաստում, Իվանիշվիլիին սպանելու փորձ. ո՞ւր են տանում հետքերը

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հետաքննում է իշխանությունը տապալելու նպատակով ահաբեկչություն և դավադրություն նախապատրաստելու, ինչպես նաև իշխող «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձի գործը: Այս մասին ասվում է ՊԱԾ-ի հայտարարության մեջ։

Ավելի վաղ «Իմեդի» հեռուստաալիքը հայտնել էր, որ Բիձինա Իվանիշվիլիի և կուսակցության այլ բարձրաստիճան անձանց դեմ ահաբեկչություն է նախապատրաստվել, նշված գործով կասկածյալներն արդեն մի քանի օր է՝ հարցաքննվում են։ Նրանց մեծ մասը վարձկաններ են, որոնք կռվել են Ուկրաինայում։

ՊԱԾ-ն տեղեկացնում է, որ հետաքննում է հանցագործությունների նախապատրաստման փաստերը, որոնք ֆինանսավորվել են Ուկրաինայում գտնվող նախկին վրացի պաշտոնյաների և ուժային կառույցների ներկայացուցիչների կողմից:

«Այդ հանցավոր գործողությունների նպատակը պետական իշխանության տապալումն է», - ասված է գերատեսչության հայտարարության մեջ:

Այժմ իրականացվում են ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ, որպես վկա հարցաքննվել են մի շարք անձինք:

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն էլ հայտարարել է, որ Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձը նախապատրաստել են այն ուժերը, որոնք փորձել են սպանել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

Sputnik Արմենիա