ՀՀ-ԻՆ՝ ՓՇՐԱՆՔՆԵՐ, ՎՐԱՆՆԵՐ ԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԽՈՍՏՈՒՄ, ԻՍԿ ԲԱՔՎԻՆ՝ ՄԻԼԻԱՐԴՆԵՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻ ԴԻՄԱՑ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ինչ են առաջարկում ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Երևանին՝ պետականության փլուզման դիմաց

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

 

«Եվ այսպես, «դա տեղի ունեցավ»… Եվրոպական խորհուրդը հավանություն տվեց Եվրահանձնաժողովի առաջարկին Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ։ Մի շարք «փորձագետներ» արդեն հայտարարել են, որ այս որոշումը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար, և որ «ռեժիմի ազատականացումը տեղի կունենա մոտ ապագայում՝ ամենաուշը երկու տարի հետո»։

Իրականությունն այն է, որ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացումը պահանջում է երկար տարիների աշխատանք:

Վիզային ռեժիմի ազատականացման համար դիմող յուրաքանչյուր երկրի համար մշակվում է իր «ճանապարհային քարտեզը»՝ Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը (VLAP): Ծրագիրը սովորաբար ներառում է չափանիշների 4 բաժին, որոնց երկիրը պետք է համապատասխանի՝ փաստաթղթերի անվտանգությունը, անօրինական միգրացիան, հասարակական կարգն ու անվտանգությունը, արտաքին հարաբերությունները և հիմնարար իրավունքները։ Ձեռնարկված քայլերի գնահատումն իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության և երկրում ԵՄ պատվիրակության հետ համատեղ աշխատանքի արդյունքում։

Վրաստանն իր որոշմանը սպասել էր 5 տարի, Մոլդովան՝ 4 տարի, Ուկրաինան՝ 11 տարի, Թուրքիան սպասում է մի քանի տասնամյակ, սակայն Փաշինյանի քարոզչական թիմը հանրությանը համոզում է՝ իշխանությունը, որը գրեթե 4 տարում կարողացել է Շուռնուխում կառուցել 13 տուն, կկարողանան հասնել վիզային ռեժիմի ազատականացման 2 տարում…

Նախօրեին հայտնի դարձավ նաև, որ ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 10 մլն եվրո Խաղաղության եվրոպական հիմնադրամից (Հայաստանում գումարտակի համար լիարժեք վրանային ճամբար տեղակայելու համար)։

Եվ այս «դարակազմիկ» իրադարձությունների ֆոնին աննկատ մնաց, որ մինչ Երևանին գումար է հատկացվում վրանային ճամբարի համար, ԵՄ-ն բանակցություններ է սկսում Ադրբեջանից Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարման շուրջ: Bloomberg-ը մեջբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը, որ Ուկրաինան և Եվրամիությունը դիմել են Բաքվին՝ առաջարկելով Ուկրաինայի տարածքով բնական գազ մատակարարել Եվրոպա Ռուսաստանի հետ գործող պայմանագրի ժամկետը լրանալուց հետո՝ տարեվերջին։

Այսինքն՝ Հայաստանը ստանում է 10 միլիոն՝ «վիզային ռեժիմի ազատականացման» խոստում, իսկ Բաքուն ստանում է միլիարդավոր եվրոներ ռուսական գազի փաստացի տարանցման և վերավաճառքի համար։ Բայց այս մասին Փաշինյանի լրատվամիջոցները չեն խոսի…

Կարևոր է նաև մեկ այլ բան. Ալիևի պահանջների «հերթական խմբաքանակից հետո», առաջին հերթին, հարյուր հազարավոր ադրբեջանցիների Հայաստանի Հանրապետությունում «վերաբնակեցնելու» պահանջից հետո, հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ հայտարարություն արեց նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը՝ ասելով, որ «խաղաղության ժամանակը եկել է»:

Այլ կերպ ասած, Հայաստանին տալով «սեղանի փշրանքներ» և զինվորականների համար վրաններ՝ ԱՄՆ-ն կարծում է, որ Հայաստանն իր հերթին պետք է հրաժարվի իր պետականությունից և կատարի Բաքվի պահանջները «խաղաղության ճանապարհին»։

Հիշո՞ւմ եք, թե ինչպես Փաշինյանի՝ Բորելի, Բլինքենի և ֆոն Դեր Լայենի հետ ապրիլյան հանդիպումից հետո Հայաստանում քննարկեցին ԵՄ-ի և ԱՄՆ-ի աջակցության չափը, որը խոստացել էին տրամադրել Երևանին։ Արդյունքում պարզվեց, որ Արևմուտքում ոմանք Հայաստանը գնահատել են ոչ թե նույնիսկ 350 միլիոն, այլ 10 միլիոն եվրո և գումարտակի կարիքների համար վրանների չափով։

Մտածե՛ք այդ մասին…»։

Alpha News