ՌԴ ԱԳՆ․ ՀՀ-ին ԵՄ-ի կողմից ռազմական օգնության հատկացումը աշխարհաքաղաքական հաշվարկներ ունի

Հայաստանին ռազմական օգնության համար 10 մլն եվրո հատկացնելու ԵՄ ծրագրերը թելադրված են աշխարհաքաղաքական հաշվարկներով՝ ուղղված Անդրկովկասում սեփական կործանարար ազդեցությունը տարածելուն։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«ԵՄ-ն կորցրել է խաղաղ կարգավորման ներուժը։ Ժամանակին ԵՄ - ն գոնե խոսքով էր ձգտում կայունության և բանակցությունների։ Այժմ ռազմականացման և առճակատման ուղղությունն է վերցրել ՝ սպասարկելով ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի, ոչ թե իր քաղաքացիների շահերը», - ասել է նա։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով` արևմտյան արշավն ուղղված է առճակատման պարտադրմանը և հետխորհրդային տարածքը աշխարհաքաղաքական առճակատման ասպարեզի վերածելուն։ Ըստ նրա` Բաքվի և Երևանի միջև հակասությունների սրումը ծառայում է Ռուսաստանի Դաշնությանը և այլ անկախ երկրներին զսպելուն։

Նա ընդգծել է, որ սեփական պաշտպանական քաղաքականություն կառուցելը ինքնիշխան պետության գործն է, և ստեղծված իրավիճակը չի կարող չանհանգստացնել Մոսկվային։ Ավելին` Խաղաղության եվրոպական հիմնադրամը, չնայած իր անվանը, իրականում «պատերազմի հիմնադրամ» է։

«Հիմնադրամը հովանավորում է միայն ռազմական գործողությունների հրահրումը և կոնֆլիկտի սրումը, եթե կարողանաք գոնե մեկ օրինակ ցույց տալ, որ խաղաղության հիմնադրամն իրականում նպաստել է խաղաղ կարգավորմանը, մենք կընդունենք դա։ Խնդիրն այն է, որ նման օրինակներ չկան», - ասել է դիվանագետը։

Նրա խոսքով` Կիևի վարչակարգին աջակցելու համար նախատեսված ամբողջ գումարն օգտագործվել է բացառապես հակամարտությունը սրելու համար։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրամիությունը Խաղաղության եվրոպական հիմնադրամից 10 մլն եվրոյի չափով օգնություն է տրամադրել Հայաստանին վրաններ գնելու համար։ Հիմնական նպատակն է մեծացնել Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական ներուժը, նպաստել ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության բարելավմանը։

Sputnik Արմենիա