«ԱՐՏԱՆԻՇ-9» ՀՆԱՎԱՅՐՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՔՐԻՍՏՈՍԻՑ ԱՌԱՋ 3-ՐԴ ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ ԹՎԱԳՐՎՈՂ ԴԱՄԲԱՐԱՆԱԴԱՇՏ
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ և Արտանիշ բնակավայրերի միջակայքում գտնվող «Արտանիշ-9» հնավայրում շարունակված հնագիտական պեղումները, որոնք ընթացել են 2024 թվականի հուլիսից, հետաքրքիր ու նոր բացահայտումներ են տվել՝ լրացնելով ու հարստացնելով 2020-2023 թվականներին իրականացված պեղումների արդյունքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց հնագիտական արշավախմբի անդամ, հնագետ Հասմիկ Սիմոնյանը, պեղումներն իրականացվել են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախմբի կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հալեի Մարտին Լյութերի անվան համալսարանի հետ համատեղ՝ Արսեն Բոբոխյանի և Ռենե Կունցեի համաղեկավարությամբ։
Պեղումները և իրականացված գեոֆիզիկական աշխատանքները տվել են չափազանց կարևոր արդյունքներ ու տեղեկություններ Սևանա լճի հյուսիսարևելյան ափին՝ Արտանիշի թերակղզում, մեզանից շուրջ 5 հազար տարի առաջ հիմնադրված ու շուրջ երկու դար գործող բնակավայրի մասին։ Հնավայրում բացվել է վաղ բրոնզեդարյան բնակատեղի և դամբարանադաշտ, որը թվագրվում է Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակի առաջին կեսով: «Սևանա լճի հյուսիսային և հյուսիսարևելյան ափի հնագիտական հուշարձանները բավականին քիչ են ուսումնասիրված, ու այս առումով մեր արշավախմբի բացահայտումները չափազանց կարևոր արժեք ու նշանակություն են ձեռք բերում։ Մեր արշավախումբը 2015 թվականին հետախուզական աշխատանքներ իրականացրեց այս բլրի տարածքում՝ հայտնաբերելով չափազանց կարևոր ու հարուստ հնագիտական նյութեր պարունակող «Արտանիշ 9» հնավայրը, որի պեղումները սկսեցինք 2020 թվականից։
Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարվա ընթացքում կատարված պեղումները տվել են հիանալի արդյունքներ։ Պետք է շեշտել, որ սա առայժմ Սևանա լճի հյուսիսարևելյան ափին պեղված միակ հնավայրն է, որը պատկանում է կուրարաքսյան մշակույթի վերջին փուլին, որը թվագրվում է Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակով։ Պեղումները փաստում են, որ բնակավայրի կացարաններն ունեցել են կլոր հատակագիծ, քարե հիմք և կավածեփ հատակներ: Կացարաններից մեկի կենտրոնում բացվել է նաև կավաշեն օջախ: Բավականին լավ են մնացել պատերը, որոնց պահպանված բարձրությունը հասնում է մինչև 1 մետրի: Ձեռք բերված տվյալները փաստում են, որ սկզբից բնակեցվել է բլրի արևմտյան հատվածը, հետո այն աստիճանաբար ընդարձակվել ու հասել է մինչև արևելյան հատված։ Բնակավայրը գործել է Քրիստոսից առաջ 28-26-րդ դարերում, որից հետո այն լքվել է։ Մեր կարծիքն այդպիսին է առայժմ, քանի որ այստեղ դեռ չենք հայտնաբերել կրակի, ավերածությունների կամ թշնամական հարձակումների հետքեր։ Իսկ բնակավայրի լքվելուց հետո այստեղ հաստատված վաղ միջինբրոնզեդարյան մշակույթի կրողները տարածքն օգտագործել են թաղումների համար։
Նախորդ տարվա պեղումների ժամանակ կացարաններից մեկի պատի վնասման արդյունքում մարդկային թաղման դեպքի էինք հանդիպել, ու մեզ պետք էր պարզել՝ արդյո՞ք այս դեպքում գործ ունենք բազմաշերտ մշակութային հուշարձանի հետ, թե՞ պարզապես կուրարաքսյան մշակույթը կրող հասարակության սովորության հետ ենք առնչվում, երբ թաղումներն իրականացվում էին տան հատակի տակ: Իսկ այս տարվա պեղումներով հաստատվեց արդեն, որ այդ թաղումները պատկանում են մեր թվարկության 13-14-րդ դարերին՝ մոնղոլական տիրապետության ժամանակաշրջանին, և մարդիկ թաղվել են աջ կողքի վրա։ Նույն դարաշրջանի մի քանի թաղումներ կան նաև հնավայրի կենտրոնական հատվածում, միջին բրոնզեդարյան դամբարանին մոտիկ։ Ասել է, թե այս հին բնակատեղին, բնակիչների կողմից լքվելուց հետո, տարածքին մոտիկ ապրող ու բոլորովին այլ մշակույթ կրող մարդիկ օգտագործել են թաղումների նպատակով»,-ներկայացրեց Հասմիկ Սիմոնյանը։ Արշավախմբի կողմից բացվել է նաև միջինբրոնզեդարյան դամբարանը, որտեղից դուրս է բերվել լավ պահպանված մարդկային 3 կմախք՝ ընտանի կենդանիների ոսկորների հետ միասին։ Ընդ որում, ընտանի կենդանիների կմախքները դրված են եղել մարդկանց կմախքների տակ։ Դամբարանում գտնվել է նաև կավե 2 սափոր։ Դամբարանի քարային զրահն ունեցել է 17 մետր տրամագիծ։ «Հայտնաբերվել է մարդաբանական հարուստ նյութ, որի ուսումնասիրությունը բազմաթիվ հարցերի պատասխաններ կարող է տալ տարածքում բնակված մարդկանց հավատալիքների, սովորույթների, զբաղվածության, մարդաբանական կառուցվածքի, սեռի, տարիքի, կրած հիվանդությունների, այլ հետաքրքրությունների մասին։ Հայտնաբերված նյութերն ուղարկվում են լաբորատոր հետազոտության՝ լրացնելով ու հարստացնելով այս հուշարձանի պատմությունն ու ժամանակագրությունը»,-հավելեց Հասմիկ Սիմոնյանը։
Արշավախմբի համաղեկավար Ռենե Կունցեի տեղեկացմամբ՝ նախորդ տարիներին իրականացված պեղումները և գեոֆիզիկական աշխատանքները փաստում են, որ բլրի ողջ շրջագծով մեկ տարածվում է մինչև 1,5 մետր լայնությամբ բավականին զանգվածեղ պատ, որը կարող էր պարիսպ ծառայել բնակավայրի համար։ Այս տարվա գեոռադարային ուսումնասիրության արդյունքում գտնվել է նաև այդ պաշտպանական կառույցի մուտքը, որը տեղադրված է հուշարձանի հյուսիսարևմտյան կողմում, բավականին մեծ լայնությամբ։ 2023 թվականին իրականացված դաշտային և լաբորատոր հետազոտությունները հաստատել են, որ այստեղ ապրող հասարակությունը զբաղվել է երկրագործությամբ, անասնապահությամբ, որսորդությամբ, մետաղագործությամբ, ունեցել ինքնատիպ ճարտարապետական և բրուտագործական ավանդույթներ: Բնակատեղիից հայտնաբերված կենդանական և բուսական մնացորդների ուսումնասիրությունները ևս փաստել են, որ այստեղ մարդիկ զբաղվել են ձկնորսությամբ, վայրի կենդանիների որսով, ընտանի անասունների՝ ձիերի, խոշոր և մանր եղջերավոր անասունների բուծմամբ, հացաբույսերի մշակությամբ, մետաղի մշակմամբ։ Այդ են վկայում հայտնաբերված մետաղե իրերի բեկորները, մետաղամշակման մեջ օգտագործվող հալոցները և կաղապարները։Նախորդ տարվա գտածոների մեջ արժեքավոր իրեր են համարվել տարատեսակ ուլունքները, բրոնզե իրերի մասերը, վանակատե շեղբերն ու նետասլաքները, ոսկրե իլիկի գլուխները, քարե և ոսկրե աշխատանքային գործիքները, կայծքարե մանգաղի ներդիրները, կավե օջախների բեկորներն ու կաղապարները:
Հետաքրքիր է կավակերտ անիվի մանրակերտը, որը փաստում է առ այն, որ մեզանից 5 հազար տարի առաջ այստեղ ապրող մարդիկ տնտեսության մեջ ու կենցաղում արդեն կիրառել են անիվը։Այս ժամանակների երկրագործությունն ուսումնասիրելու համար հետաքրքիր տվյալներ են ստացվել գետնափոր բազմաշերտ լիցք ունեցող հորում, որը ծառայել է որպես հացահատիկի ամբար։ Այդ են փաստել բուսական մնացորդների մեջ հայտնաբերված ցորենի և գարու ածխացած հատիկները։ Ռենե Կունցեի հավաստմամբ՝ «Արտանիշ-9» հուշարձանի տարածքում պեղումները կշարունակվեն նաև առաջիկա տարիների ընթացքում։ «Մեր համալսարանը և «Գերմանական գիտահետազոտական հիմնադրամը»՝ որպես պեղումների համար միջոցներ տրամադրող կառույցներ, ցանկություն ու նպատակ ունեն դեռ երկար տարիներ ուսումնասիրել այս հնավայրը, մեր հայ գործընկերների հետ փորձել տալ բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք կարող են նորովի լույս սփռել պատմահնագիտական իրողությունների վրա։ Հավելեմ, որ մեր համագործակցությունը հայ գործընկերների հետ ոչ միայն կայացած է, այլ նաև տարիների ճանապարհ անցած։ Ուրախ եմ գտնվել Արտանիշում և, առհասարակ, Հայաստանում: Գերմանական կողմի անունից շնորհակալություն եմ հայտնում այստեղ անցկացվող ժամանակի համար»,- ներկայացրեց Ռենե Կունցեն։
Հայկական կողմից հնագիտական արշավախմբի կազմում ընդգրկված են հնագետներ Հասմիկ Սիմոնյանը, Մարիամ Ամիրյանը, Ավետիս Գրիգորյանը, Հայկ Դավեյանը, Արտյոմ Անանյանը։ Հնագիտական պեղումներին և ուսումնասիրություններին մասնակցել են նաև ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության բաժնի ուսանողներ։ Գերմանական կողմից հնագիտական պեղումներին մասնակցում են Հալեի համալսարանի ասպիրանտներ, ուսանողներ, ինչպես նաև երկարաբաններ և երկրաֆիզիկներ։