Վերարտադրողական ծրագրերի պետպատվերը կգործի նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար

Վերարտադրողական օժանդակության պետպատվերի ծրագրերը կգործեն նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխա չունեցող ընտանիքների համար։ Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ:

Աջակցությունից կարող են օգտվել ԼՂ–ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք ունեն առաջնային` 2 և ավելի տարի անպտղություն։ Ամուսինների` ծրագրին մասնակցելու տարիքային շեմը բարձրացվելու է 36–40 տարեկանը:

Երկրորդային անպտղության համար սահմանվել է 20–36 տարեկան տարիքային շեմը:

Ինչ վերաբերում է միայնակ, երեխա չունեցող կանանց, նրանց համար տարիքային շեմը սահմանվել է 28–42 տարեկանը։

Օգնություն ստանալու համար ԼՂ–ից բռնի տեղահանված ընտանիքները պետք է հերթագրվեն։ Եթե անգամ այս տարվա համար պետական աջակցության հատկացումները սպառվեն, ցուցակները ուժի մեջ կմնան հաջորդ տարի և դրանից հետո ևս։

Sputnik Արմենիա