Ադրբեջանի ՊՆ-ն մեղադրում է ԱՄՆ-ին ու Ֆրանսիային և Հայաստանին սպառնում նոր պատերազմով

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական լկտի հայտարարությունն է տարածել՝ մեղադրելով ԱՄՆ-ին և Ֆրանսիային, միաժամանակ սպառնալով նոր պատերազմով Հայաստանին։

«Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Հայաստանում անցկացվող զորավարժությունները, Ֆրանսիայի կողմից Հայաստանին մահաբեր զենքի տրամադրումը և Եվրոպական միության կողմից Հայաստանին ռազմական օգնության տրամադրումը Խաղաղության եվրոպական հիմնադրամի անվան տակ նախնական փուլում 10 միլիոն եվրոյի չափով, ոգեշնչում են օկուպացիոն Հայաստանին նմանատիպ սադրանքներ իրականացնել և մատնանշում են Ադրբեջանի դեմ հերթական պատերազմի նախապատրաստումը»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ-ում։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հայտարարության մեջ ասվում է. «Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ զգուշացնում է Հայաստանին և նրա հովանավորներին, որ պետք է ձեռնպահ մնան Հարավային Կովկասում պատերազմի նոր օջախ ստեղծելու մտադրությունից։ Եթե մեր երկրի դեմ նման սադրիչ գործողությունները չդադարեցվեն, ապա Ադրբեջանի զինված ուժերի զինանոցում առկա բոլոր միջոցներով ինքնապաշտպանության նպատակով կձեռնարկվեն համարժեք պատասխան միջոցներ»։

Նշենք, որ հայտարարությանը նախորդել էր ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումը Տավուշի ուղղությամբ, իբր, հետախուզական անօդաչու թռչող սարքի խոցման մասին։ Հենց նման տեղեկատվական ներարկումներով է Բաքուն նախորդում իր ագրեսիվ գործողություններին։

News.am