ԱԼԻԵՎԻ GREENWASHING-Ը. ԻՆՉՈ՞Վ Է ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ԼՈՒԻՍ ՄՈՐԵՆՈ ՕԿԱՄՊՈՅԻՆ

«Դա ամենավտանգավոր բանն է, որ կարող է տեղի ունենալ։ Քանզի դրանով Հայաստանը կօժանդակի և կծառայի ադրբեջանական քարոզչությանը»,- հայտարարեց «ԳԱ»-ին վերջերս տված հարցազրույցում ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ Հիլդա Չոբոյանը, մեկնաբանելով Բաքվում կայանալիք СОР29 համաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորությունը:

Ընդամենը երկու շաբաթ անց լուր ստացվեց, որ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը հրավիրված է մասնակցելու կլիմայի հարցերով ՄԱԿ-ի այդ գլոբալ միջոցառմանը, որի անցկացման իրավունքը Ադրբեջանը ձեռք բերեց փաշինյանական ռեժիմի հետ հերթական ցինիկ գործարքի արդյունքում։

Հաշվի առնելով վերջին 6 տարիների ընթացքում տարածաշրջանում և մասնավորապես Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների խորը կանխամտածվածությունը, միանգամայն կարելի է ենթադրել, որ հայկական պատվիրակության մասնակցության հնարավորությունը քննարկվել է դեռևս անցած տարվա դեկտեմբերին։ Հենց այդ ժամանակ 32 գերիների վերադարձի դիմաց ՀՀ իշխանությունները չօգտվեցին վետոյի իրավունքից, ինչն էլ լուծեց ցեղասպան պետության մայրաքաղաքում համաշխարհային կարևոր իրադարձության անցկացման հարցը։

Կարելի է ինչքան ասես մեղադրել ՄԱԿ-ին ու ընդհանրապես միջազգային հանրությանը և ընդ որում հնչեցնել պատճառների հսկայական փունջ (բնավ ոչ միայն բնապահպանական), թե ինչու է Ադրբեջանում СОР29-ի անցկացումն իսկական խայտառակություն քաղաքակիրթ աշխարհի համար։ Նամանավանդ Արցախի դեմ ռազմական ագրեսիայից 4 տարի անց և հայ ժողովրդի դեմ Ալիևի ռեժիմի կազմակերպած շրջափակումից, նոր ռազմական ագրեսիայից, էթնիկ զտումներից ու ցեղասպանությունից ընդամենը մեկ տարի անց: Բնապահպանական և իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ աշխատում են այդ ուղղությամբ, սակայն նրանց ջանքերն ակնհայտորեն բավարար չեն ՀՀ իշխանությունների միտումնավոր պասիվության խորապատկերին:

Բայց եկեք ընդունենք նաև մեկ այլ բան. Հայաստանի ներկայացուցչի հնարավոր մասնակցությունը Բաքվի խորհրդաժողովին շատ ավելին կլինի, քան պարզապես խայտառակություն։ Ամենևին պատահական չէ, որ հրավերի մասին լուրի հայտնվելու հենց հաջորդ օրը հրապարակվեց Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի բաց նամակը, որը դիմում է աշխարհասփյուռ հայությանը՝ կոչ անելով օգտագործել СОР29-ը հայ գերիներին ազատ արձակելու նպատակով միջազգային արշավ իրականացնելու համար: «Այս համաժողովը աննախադեպ հնարավորություն է՝ լույս սփռելու աղաղակող անարդարության վրա։ Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանն այս միջոցառումը ներկայացնում է իբրև «խաղաղության ակցիա», հայերը պետք է բացահայտեն ճշմարտությունը Ալիևի ռեժիմի և նրա գործողությունների մասին»,– գրել է Օկամպոն, ընդգծելով, որ հաշտվելու պատրաստակամության մասին Բաքվի հայտարարություններն անիմաստ են, քանի դեռ հայ գերիներն ազատ չեն արձակվել:

Հավանաբար պատահական չէ, որ հրավերի մասին հաղորդագրությունից անմիջապես հետո հոդված հրապարակվեց նաև ամերիկյան հեղինակավոր Newsweek պարբերականում՝ «Բաքվում COP29 գլոբալ կլիմայական համաժողովի անցկացումը խայտառակություն է» թեզով։ Իսկ բացարձակ ապաքաղաքական «Fridays For Future» հասարակական կազմակերպությունը հայտարարություն արեց, որում ընդգծվում է, որ «Բաքվում COP29 համաժողովի անցկացումն ուղղված է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների արդարացմանը»:

Այսինքն նույնիսկ եթե վերացարկվենք մնացյալ ամենից, հայկական պատվիրակության մասնակցությունը խորհրդաժողովին կնշանակի հետևյալը։

Նախ՝ աջակցություն Ալիևի ռեժիմին և առնվազն վերջին 20 տարիների նրա բազմաթիվ հանցագործությունների արդարացում։ Երկրորդ՝ Հայաստանի անմիջական մասնակցություն Ալիևի ծրագրած «greenwashing»–ին (կանաչ քողարկում)՝ բնապահպանական խնդիրների շահարկման միջոցով սեփական բառացիորեն սև իմիջի ճերմակեցմանն ուղղված քաղաքականությանը։ Երրորդ, և սա չափազանց կարևոր է. նման որոշումը կդիտարկվի որպես հրաժարում հայ գերիներին ազատ արձակելու պահանջից և դրանով իսկ նրանց դատելու Ադրբեջանի իրավունքի ճանաչում:

Այս ամենի հրեշավորությունը, անարդարությունը, անհեթեթությունն ու ցինիզմը գերագնահատել անհնար է, բայց դա միանգամայն իրական սցենար է։ Դատելով Հայաստանի իշխանությունների պահվածքից՝ մասնակցելու որոշումն արդեն կայացված է։ Այդ մասին է վկայում ինչպես այն փաստը, որ հրավիրված է ոչ թե Փաշինյանը, այլ Միրզոյանը, այնպես էլ իշխանության ներկայացուցիչների պահվածքը։ Եվ միակ բանը, որ կարող է ստիպել նրանց մտափոխվել, հայ հասարակության և հայկական Սփյուռքի կտրուկ բացասական արձագանքն է։ Այս վարկածի օգտին է խոսում առաջին հերթին կեղծավոր հրավերին որևէ պաշտոնական արձագանքի բացակայությունը։ ԶԼՄ-ների հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ը միայն հերթապահ կերպով մրթմրթաց, թե իբր՝ «եթե հարցը շոշափվի, մենք այդ մասին կտեղեկացնենք»։ Իսկ իշխող թիմի առավել խորշելի անդամներից մեկը՝ Անդրանիկ-«Անդոն» Քոչարյանը, «Ազատությանը» տված հարցազրույցում ընդհանրապես ինչ-որ բարբաջանք հրամցրեց. ինքը, իբր, նորմալ է համարում Բաքվի հրավերը, «բայց որպեսզի մասնակցությունը դառնա իրականություն, պետք է այդ թշնամանքը հեռացված լինի, և Բաքուն էլ պետք է ցույց տա, որ իր նպատակների մեջ խաղաղությունն է գերիշխում իր ծրագրերի մեջ»։

Եվ ոչ մի բառ գերիների, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման ու յուրացման, 120.000 արցախցի փախստականների իրավունքների, Հայաստանի տարածքի բռնազավթման (այդ մասին մոռացել են արդեն անխտիր բոլորը) և Բաքվից ու Անկարայից հնչող անվերջանալի պահանջների և սպառնալիքների մասին

Հատկապես Միրզոյանին հրավիրելու փաստը ևս բավական ցուցանշական է. Նիկոլն ու իր տերերը հասկանում են, որ առաջին դեմքի մակարդակով այցի ժամանակը դեռ չի եկել։ Թեև կարելի է չկասկածել, որ նրանց ավելի հեռավոր «խաղաղ» ծրագրերում դա նախատեսված է (ինչպե՞ս այստեղ չհիշես Մեհրիբանի հետ Շուշիում թեյ խմելու Էրատոյի նողկալի երազանքները)։

Բացի այդ, Փաշինյանը հասկանում է, թե ինչ բացասական արձագանք և, մեղմ ասած, միջազգային հանրության իրազեկ մասի տարակուսանք կարող է առաջացնել այն պատկերը, թե ինչպես է ՀՀ ԱԳ նախարարն այցով լինելու մի քաղաքում, որտեղ ապօրինաբար, միջազգային բոլոր նորմերի խախտումով պահվում են (ոմանք արդեն ավելի քան 3,5 տարի), խոշտանգվում և շինծու մեղադրանքներով դատապարտվում իր հայրենակիցները։ Այդ թվում՝ Արցախի առաջնորդներն ու աշխարհահռչակ գործարար, բարերար և հումանիտար գործիչ Ռուբեն Վարդանյանը։

Չէ՞ որ Միրզոյանի այցի դեպքում Բաքուն անպայման պայման կդնի ծպտուն անգամ չհանել Արցախի, գերիների, էթնոցիդի և ընդհանրապես հակամարտության հետ կապված ամենի մասին։

Որոշակի իմաստով Փաշինյանը Միրզոյանին հարվածի տակ է դնում մի իրավիճակում, որը կարելի է ծուղակ համարել թուրքական դրածոների թիմի համար։ Բաքուն երեսպաշտորեն համեմում է իր հրավերը «բարի կամքի» արտահայտումով և «խաղաղության ձգտումով», թեև Հայաստանի մասնակցությունն իրականում շատ բան է նշանակում Ադրբեջանի համար՝ վերոնշյալի համատեքստում: ՀՀ իշխանությունները, որոնք ամեն քայլափոխի հավատարմության երդում են տալիս «խաղաղության դարաշրջանին», կա՛մ պետք է այդ հավատարմությունը հաստատեն մասնակցությամբ, կա՛մ հիմնավորեն մերժումն այն փաստարկներով, որոնք փաշինյանական ռեժիմն այնքան էլ չի սիրում հիշատակել։

Կա նաև երրորդ տարբերակը. Միրզոյանը կգնա՝ հայոց աշխարհի աչքում հիմնավորելով նման որոշումը Ալիևի ռեժիմի վերաբերյալ ճշմարտությունը բացահայտելու մտադրությամբ, ինչի մասին խոսում է Օկամպոն։ Բայց նման եռանդ ակնկալել փաշինյանական վախկոտ ոհմակից, համաձայնեք, անհնար է։

Թեպետ, այս հանցավոր ռեժիմը բազմիցս ապացուցել է, որ ունակ է հատել բոլոր գծերից առավել անխախտելիներն ու կարմիրները։ Եվ եթե նոյեմբերին տեսնենք Արարատ-Արաբաթին Բաքվի դահլիճում խաղաղ նստած, գերեվարված հայրենակիցների բանտից բառացիորեն մի քանի կիլոմետր հեռավորության վրա, և տարածաշրջանի բնապահպանական խնդիրների մասին ճամարտակելիս...Որևէ մեկին դա կզարմացնի՞: Կամ տրամաբանորեն բխող հաջորդ քայլը՝ հրաժարումը միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ Հայաստանի բոլոր դատական հայցերից։ Մինչդեռ թե՛ մեկը, թե՛ մյուսը կդառնան Փաշինյանի ոհմակի հերթական հանցագործությունը հայ ժողովրդի և պետականության դեմ։

Եվ վերջինը։ Դատելով հաղորդագրություններից՝ Ալիևը մտադիր է խորհրդաժողովի մասնակիցներին տանել Շուշի։ Հարց. կգնա՞ արդյոք բռնազավթված հայկական քաղաք այն թիմի անդամը, որը հանձնել է հայ ժողովրդի կողմից ամենասիրված և հայոց պատմության մեջ ամենանշանակալի քաղաքներից մեկը: