ՔՊ-ական պատգամավորի հետ ավտոբուսում վիճած տղամարդու խափանման միջոցը փոխվել է
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ ավտոբուսում կոնֆլիկտի մեջ մտած քաղաքացի Սամվել Վարդանյանի խափանման միջոցը փոխվել է։ Իր ֆեյսբուքյան էջում գրել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Սամվելի անազատությունը տևեց ուղիղ 100 օր։ Վերաքննիչ դատարանը բավարարել է պաշտպանության կողմի բողոքն ու Սամվել Վարդանյանի տնային կալանքը փոխել է վարչական հսկողության (գործով անցնող անձանց հետ շփում չունենալու պայմանով)»,– գրել է նա։
Փաստաբանը հայտնել է նաև, որ ուժի մեջ են նաև 7 մլն դրամի չափով գրավն ու բացակայելու արգելքը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 15–ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ մի երիտասարդ Ասլանյանին նկարահանում է, անպարկեշտ արտահայտություններ հնչեցնում, որից հետո հրմշտոց է սկսվում։
ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել առերևույթ խուլիգանության հատկանիշներով։ Ըստ քննչականի՝ Սամվել Վարդանյանը հասարակական տրանսպորտում վիրավորական արտահայտություններ է արել, սպառնացել պատգամավոր Ասլանյանին, խախտել հասարակական կարգը, նաև քաղաքական ուժի նկատմամբ թշնամանք տարածող արտահայտություններ արել։
Ապրիլի 18-ին Վարդանյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք և 7 մլն դրամ գրավ։ Հունիսի 7-ին դատարանը 3 ամսով երկարացրեց տնային կալանքի ժամկետը։
Sputnik Արմենիա