ՍԱՏՄ-ն հերքել է դեպի ՌԴ հայկական արտադրանքի արտահանման արգելքի մասին հայտարարությունները
Այն պնդումները, թե « հայկական կողմը խոչընդոտում է գյուղմթերքի արտահանումը ՌԴ», ապատեղեկատվություն են և չեն համապատասխանում իրականությանը: Ավելին, արգելվում է միայն վնասակար միկրոօրգանիզմներով վարակված արտադրանքի արտահանումը, իսկ 2023 թվականի համեմատ այդ ցուցանիշը նվազել է տասնյակ անգամ։ Այս մասին հայտնում են ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:
Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել էր, որ արտահանողների խումբը զգուշացնում է, որ արդեն մեկ շաբաթ է՝ հայկական կողմը խոչընդոտում է գյուղմթերքի արտահանումը Ռուսաստան: Նա նաև հայտարարել է, որ հայկական կողմը խիստ բուսասանիտարական հսկողություն է իրականացնում ՝ թույլ չտալով պտուղ-բանջարեղենի արտահանում:
Կարգավորող մարմինը նշել է, որ ներկայումս իրականացվում է Հայաստանից արտահանվող արտադրանքի նկատմամբ վերահսկողություն. արտահանման յուրաքանչյուր խմբաքանակից նմուշառվող նմուշները լաբորատոր հետազոտություն են անցնում միկրոօրգանիզմներով վարակվածության վերաբերյալ:
Հաշվի առնելով հարցի կարևորությունը, ինչպես նաև արտահանման սեզոնի ակտիվությունը՝ տեսչական մարմինն արագ ստուգում ապահովելու համար աշխատում է առանց հանգստյան օրերի: Նմանատիպ ստուգում է անցնում Հայաստան ներկրվող արտադրանքը։ Այս առումով խստացումները գործում են նաև ներքին շուկայում։ Արգելվում է միայն վարակված ապրանքների արտահանումը:
Տեսչական մարմնի տվյալներով՝ միայն 2024 թվականի առաջին կիսամյակում ՌԴ արտահանվող արտադրանքի անհամապատասխանությունը 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է տասնյակ անգամ։ Այս առնչությամբ կարգավորողը նաև պնդում է, որ դա հանգեցրել է նաև հայկական գյուղմթերքի արտահանման աճին դեպի ռուսաստանյան շուկա։
Sputnik Արմենիա