Ողբերգական ավտովթար Շիրակում․ երիտասարդ ամուսիններն ու նրանց 7-ամյա որդին մահացել են
Հուլիսի 26-ին, ժամը 01։30-ի սահմաններում Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15 կմ հատվածում` Ջաջուռի ոլորաններում, բախվել են Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանի վարած «BMW X3» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Նապոլեոն Մկրտչյանի վարած «Honda Fit» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով Ն․ Մկրտչյանը, վերջինիս ուղևոր 31-ամյա Նազենի Շմոյանը տեղում մահացել են, իսկ Լոռու մարզի բնակիչ 7-ամյա Դավիթ Մ․-ն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասել են, որ մահացածները ամուսիններ են, երեխան էլ նրանց որդին է, իսկ «BMW X3»-ի վարորդը դեպքի վայրում տարօրինակ վարքագիծ է ցուցաբերել։
Պարեկները փորձել են նրան տեղափոխել ոստիկանության Ախուրյանի բաժին, սակայն նա հայտնել է, որ իրեն վատ է զգում։ Պարեկները նրան ուղեկցել են շտապօգնության ավտոմեքենան, որ տեղափոխեն հիվանդանոց, սակայն նա ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայի դուռը բացել և դիմել է փախուստի։
Նշվում է, որ «BMW X3»-ի վարորդի հետ ևս մեկ հոգի է եղել, ով տեղում ոստիկանության Ախուրյանի բաժին ծառայողների կողմից թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է։ Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում և ոստիկանության Ախուրյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ ունեն, որ «BMW X3»-ի մեջ թմրանյութ է եղել։
Ըստ նախնական տեղեկությունների` վթարի մեղավորը եղել է «BMW X3»-ի վարորդը, նա դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ստեղծել վթարային իրավիճակ, ապա բախվել «Honda Fit»-ին։ «BMW X3»-ը մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում, իսկ «Honda Fit»-ը գլխիվայր շրջվել է։
Վթարի փաստվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Sputnik Արմենիա