Ունեցվածքից զրկված կիրանցեցիների փոխհատուցման հարցը դեռևս լուծված չէ

Իրենց ունեցվածքից զրկված կիրանցեցիների փոխհատուցման հարցը դեռևս լուծված չէ, հայտնել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով գյուղի իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ նրանցից 7-ը կտրականապես հրաժարվել է փոխհատուցումից, իսկ համաձայնողներից շատերն առ այսօր չեն ստացել փոխհատուցումը։ «Նրանք տեղյակ էլ չեն, թե խոսքը որքան գումարի մասին է, քանի որ բանավոր խոստումները թղթի վրա չեն արձանագրվել»,- գրել է թերթը։

Ըստ լրատվականի՝ սահմանազատումից հետո Կիրանցի կենսագործունեությունը խաթարվել է, ադրբեջանցիները վախի մթնոլորտ են ստեղծել, միջադեպեր են հրահրում կառուցվող այլընտրանքային ճանապարհի հետ կապված։ Նրանք պնդում են, որ կան հատվածներ, որ հայկական կողմն Ադրբեջանի տարածքում է ճանապարհը կառուցում և թույլ չեն տալու ավարտել շինաշխատանքները։

«Միջադեպերն այնքան են հաճախացել, որ շինարարները ժամերով պարապուրդի են մատնվում։ Բնակիչների հետ հոգեբանական զրույցների համար, ասում են, ՆԳ նախարար Վահե Ղազարյանն է պարբերաբար «գործուղվում» Կիրանց, որ համերկրացիներին համոզի, թե առաջիկայում ամեն բան լավ է լինելու, ամեն ինչ իր տեղն է ընկնելու»,- գրել է թերթը։

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ի հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել էին սահմանազատման գործընթացը սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։

Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։

Հունիսի 10-ին ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակելով Բաղրամյան պողոտան։ Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած հավաքն ավարտվել էր բախումներով։ Հունիսի 19-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել էր, որ շարժումը պայքարի վերադասավորման փուլում է։

ՀՀ կառավարությունը մայիսի 15-ին հայտարարել էր, որ սահմանազատումից և սահմանագծումից հետո Կիրանցում ճանապարհների հետ կապված խնդիրներ կառաջանան և խոստացել էր լուծել այն 3 ամսվա ընթացքում։ Մայիսի 19-ին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ մեկնարկել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի վերակառուցումը, որը շահագործման կհանձնվի 2 ամսից։

Armenia Today