Գյումրու նախկին քաղաքապետների որոշումներով օտարված 24 անուն գույքը վերադարձնելու հայց կներկայացվի
Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանի և Սամվել Բալասանյանի որոշումներով օտարված 24 անուն գույքը հետ պահանջելու վերաբերյալ հայց կներկայացվի դատարան։ Որոշումը կայացվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ այսօր՝ հուլիսի 26-ին, գումարված Գյումրու ավագանու արտահերթ նիստում: ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը մանրամասնել է, որ դեռ 1,5 ամիս առաջ ավագանին դատախազությունից ստացել էր առաջարկներ, որոնք վերաբերում են Գյումրու քաղաքապետների 24 որոշում անվավեր ճանաչելու հարցին:
Ըստ դատախազության հիմնավորման՝ այդ որոշումներով խախտվել են համայնքի շահերը: Հարությունյանը նիստի ժամանակ մի քանի գործերի մասին է հիշեցրել, որոնցից մեկն առնչվում է Կումայրի արգելոց-թանգարանի տարածքում գտնվող «Հոկտեմբեր» կինոթատրոնին։ Վարդան Ղուկասյանի ղեկավարման տարիներին «Կինո Հոկտեմբերը» 25 մլն դրամով օտարվել է՝ լինելով պատմամշակութային, օտարման ոչ ենթակա հուշարձան։ Մյուս դեպքը Սամվել Բալասանյանի պաշտոնավարման ժամանակ օտարված Ղարսի խճուղում գտնվող հողատարածքների մասին է՝ հայտնի Սև բերդ ամրոցի հարևանությամբ։
Նիստի ընթացքում «Բալասանյան» դաշինքից կոչ են արել գործընթացը չքաղաքականացնել, չանձնավորել, ապա միացել ավագանու ՔՊ խմբակցության նախաձեռնությանը։ Որոշումն ընդունվել է 19 կողմ ձայնով: ՀՀԿ և «Զարթոնք» խմբակցությունները չեն մասնակցել նիստին, «Ապրելու երկիրը»՝ քվեարկությանը:
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանի խոսքով՝ այն մարդիկ, որոնք ինչ-ինչ պատճառաբանությամբ, ինչ-ինչ հանգամանքներով իրենց թույլ են տվել օրենք խախտել, պետք է պատասխանատվության ենթարկվեն, և այն գույքը, որն օտարվել է կոռուպցիոն սխեմաներով, պիտի վերադարձվի համայնքին։ «Մենք այս նիստը նախաձեռնելով ևս մեկ անգամ փաստում ենք, որ հավատարիմ ենք մեր արժեքներին, և համայնքից գողացվածը պետք է միանշանակ վերադարձվի համայնքին»,- նշել է Հարությունյանը։
News.am