ՆԻԿՈԼԻ «ՀԱՄԱՏԵՔՍՏԱՅՆԱՑՄԱՆ» ՊԱՀԸ

Ի՞նչ է անում հայկական քաղաքական դաշտը, երբ պարապ է մնում: Ճիշտ է, վերլուծում է Ամերիկայում կայանալիք ընտրությունները: Իրոք որ, ինչո՞ւ չզբաղվի դրանով, երբ հանրապետությունում ոչ մի խնդիր չկա։ Ամեն ինչ խաղաղ է, հանգիստ

Ամերիկյան ընտրություններով առանձնակի մտահոգ են իշխանությունների օրակարգը սպասարկող փորձագետները։ Ասում են՝ վե՛րջ, Բայդենը հեռացավ, գիպսը հանում են, ամեն ինչ կորած էԿգա չարանենգ Թրամփը, կդադարեցնի պատերազմն Ուկրաինայում, և խեղճ Փաշինյանը կրկին կհայտնվի Մոսկվայի ամուր գրկում, որից այնքա՜ն մեծ հույս ուներ դուրս պրծնել պատերազմում Ռուսաստանի պարտության դեպքում։

ԿԱՐԵԼԻ Է ԿԱՐԾԵԼ, ԹԵ ԻՆՉ-ՈՐ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ԿԱՅԻՆ։ Ալիևը Նիկոլի քթից բռնած ման է տվել Բայդենի օրոք, նույնը կանի նաև ԱՄՆ հաջորդ նախագահի օրոք. լինի դա Հարիսը, թե Թրամփը։ Քանզի Հայաստանի խնդիրն այն չէ, թե ով է նստած Սպիտակ տանը, այլ այն, թե ով է նստած հանրապետության վարչապետի աթոռին ՀՀ կառավարության գլխավոր շենքում:

Այս մասին խոսում ենք 2018թվականից ի վեր, և այդ առումով ոչինչ չի փոխվել։ Գլխավոր խնդիրը մնում է գլխավոր խնդիր, քանի որ նա, ով բազմած է նշյալ աթոռին, ոչ մի կերպ չէր բազմի դրան, եթե չլինեին ուժեր, որոնք շահագրգռված են, որ այդ աթոռին բազմած լինի հենց ինքը՝ այն մարդը, որը կարող է փլուզել փոքրիկ, բայց երբեմնի հպարտ հանրապետությունը՝ հագուրդ տալու համար մանկության ու պատանեկության տարիներին չբավարարված իր հավակնություններին։

Այսօր հեռացող Բայդենի հետ կապված տիեզերացունց ողբուկոծով իշխող թիմը, ըստ երևույթին, նախապատրաստում է հասարակությանը նոր զիջումների։ Որովհետև եթե մինչև հիմա ամեն ինչում մեղավոր էին ռուսները, ապա Նիկոլի հաջորդ զիջումների մեղավորը լինելու է Բայդենը, որը անպատեհ վարակվեց կորոնավիրուսով, արդյունքում դուրս եկավ ընտրարշավից, բախտի քմահաճույքին թողնելով խեղճ Նիկոլին։ Ավարտին չհասցնելով Երևանի և Բաքվի միջև «խաղաղության պայմանագիր» գործողությունը։ Ավելի ճիշտ՝ «Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի պատրանք» անվանումով գործողությունը։ Պատրանք, հանուն որի Արևմուտքի գուրգուրած հայ բռնապետը հանձնեց Արցախն ու Հայաստանի մի շարք սահմանամերձ տարածքներ։

Չէ՞ր լինի, որ հեռացող Բայդենի համար այդքան տառապող փաշինյանական թիմն իր առաջնորդին համոզեր օրինակ վերցնել Ամերիկայի նախագահից։ Ի վերջո, տեսեք, թե ինչպես հեռացող Բայդենը համեստորեն ասաց ամերիկյան մեծ ազգին ուղղված իր տեսաուղերձում. «Ես համարում եմ, որ որպես նախագահ իմ վաստակը, աշխարհում իմ առաջատար դերն ու Ամերիկայի ապագայի իմ տեսլականը արժանի են դարձնում ինձ երկրորդ ժամկետի, սակայն ոչինչ, ոչինչ չպետք է կանգնի մեր ժողովրդավարության փրկության ճանապարհին, ներառյալ մեր սեփական հավակնությունները»:

Ո՜ւր էր թե մեր Փաշինյանն էլ արիություն հավաքեր և, Աննա Հակոբյանի ձեռքը բռնած, որեսզի վերջին պահին չկորցնի այդ արիությունը, նույնպես համեստորեն հայտարարեր. «Ես համարում եմ, որ որպես վարչապետ իմ վաստակը և Հայաստանի ապագայի իմ տեսլականը արժանի են դարձնում ինձ հավերժ կառավարելու Հայաստանը, սակայն ոչինչ, ոչինչ չպետք է կանգնի հայոց պետականության փրկության ճանապարհին, ներառյալ իմ սեփական հավակնությունները»…

Ավա՜ղ, ավելի շուտ վստահ ենք, որ մեր վարչապետն առավել հակված է օրինակ վերցնել ոչ թե Բայդենից, այլ Հարիսից, որի մոտ այնքան լավ է ստացվում ճառեր արտասանել, որոնցում իրար հաջորդող բառերի ամբողջությունը երբեմն պարզապես ոչ մի իմաստ չի բովանդակում։ Բայց գլխավորն այն է, որ այդ բառակույտը ԱՄՆ-ի փոխնախագահն արտասանում է սեփական իրավացիության և անսխալականության մեջ անչափ վստահ դեմքով։

Օրինակ, միայն Հարիսը կարող էր արտահայտել հետևյալ միտքը, որն արժանի է բոլոր ժամանակների ու ժողովորդների իմաստուններին. «Կարծում եմ՝ դա շատ կարևոր է, ինչպես դուք լսել եք այնքան անհավանական առաջնորդներից, մեզ համար, ժամանակի յուրաքանչյուր պահին, իհարկե, այս պահը տեսնելու պահը այն ժամանակի մեջ, որում մենք գոյություն ունենք, և մեր ներկան, և ընդունակ լինելու «համատեքստայնացնել» դա, հասկանալու համար, թե որտեղ ենք մենք գտնվում պատմության մեջ, և պահի մեջ, ինչպես է դա վերաբերում ոչ միայն անցյալին, այլև ապագային»:

Չէ՛, չի հասնի մեր Նիկոլը նրանց Հարրիսին, ոչ մի դեպքում չի հասնի։ Քանզի անկարող է մեր վարչապետը, և դա ակնհայտ է պահի մեջ, «համատեքստայնացնել» պահը, հասկանալու համար, թե անցյալի և ապագայի միջև որ կետում ենք մենք գտնվում՝ անհավանական առաջնորդների հարևանությամբ։

Երևի Նիկոլն ինքն էլ է դա հասկանում, դրա համար էլ այդքան տխուր է վերջին ժամանակներս. Չի հասնի ինքը Հարրիսին, ոչ մի դեպքում չի հասնի։ Բայց փոխարենը՝ ինքը ավելի լավ է հեծանիվ քշում։ Բա՛։