Blankspot․ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԹԱԼԻՇՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ ՎԱՏԹԱՐԱՑԵԼ Է
Հուլիսի 22-ին Ադրբեջան կատարած այցի ժամանակ ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի Իգբալ Աբիլովը։ Նա վեց տարեկանից բնակվում է Բելառուսում և ծագումով թալիշ է, ազգային փոքրամասնություն, որն ապրում է Ադրբեջանի հարավում և Իրանի հյուսիսում։ Այս մասին գրում է շվեդական Blankspot պարբերականը։
Աբիլովն Ադրբեջան էր ժամանել հունիսին հարսանիքի մասնակցելու համար, սակայն երբ պետք է վերադառնար Բելառուս, նրան թույլ չեն տվել լքել երկիրը: Մեկ ամիս անց նրա դեմ քրեական գործ է հարուցվել ազգամիջյան ատելություն հրահրելու և պետական դավաճանության մեղադրանքով։
Ձերբակալությունը տեղի է ունեցել նույն ժամանակ, երբ նախկին ադրբեջանցի դիվանագետ Էմին Սաիկ Իբրահիմովը, որն ավելի վաղ գտնվել է ԱՄՆ-ում, ձերբակալվել էր տղամարդուն դանակահարելու մեղադրանքով:
Իրավապաշտպանները երկու ձերբակալություններն էլ ապօրինի են համարում։ Դրանք տեղի են ունենում անցյալ տարի Ադրբեջանում իրավապաշտպանների և լրագրողների զանգվածային ձերբակալություններից հետո: Այս տարվա աշնանը Ադրբեջանում նախատեսվում է անցկացնել COP29 կլիմայական գագաթնաժողովը։
Արտասահմանյան կազմակերպությունները քննադատել են Ադրբեջանին գագաթնաժողովը օգտագործելու համար։ 2022 թվականից ի վեր քաղբանտարկյալների թիվն աճել է ավելի քան երեք անգամ։ Այսօր երկրում 303 քաղբանտարկյալ կա։
Իգբալ Աբիլովի ձերբակալությունն ակնհայտորեն ուղղված է ազգային փոքրամասնությանը պատկանող անձի դեմ։ Աբիլովը «Թալիշների ազգային ակադեմիայի» հիմնադիրն է, հասարակական կազմակերպություն Ռիգայում, որն ուսումնասիրում է թալիշների պատմությունը, այդ թվում՝ էթնիկ խմբի իրավունքների պաշտպանությունը։
Ադրբեջանական համայնքում թալիշ բնակչության դիրքի հարցը երկար ժամանակ վիճահարույց է համարվում։ 1991 թվականից ի վեր Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների մարդահամարը համարվում է անորակ, և երկիրը մեղադրվում է ձուլման ակտիվ քաղաքականության մեջ։
Ի տարբերություն ադրբեջաներենի, որը թյուրքական լեզու է, թալիշերենը հնդեվրոպական լեզու է, որը սերտորեն կապված է պարսկերենի հետ։
Շվեդիայում բնակվող, Թալիշների միջազգային հիմնադրամի նախագահ Ալի Աղաևիվկայությամբ, հենց Աբիլովի ուսումնասիրություններն են առաջացրել Ադրբեջանի իշխանությունների զայրույթը։
«Կասկած չկա, որ ձերբակալության պատճառը նրա գործունեությունն է։ Նա պատմական անթոլոգիայի խմբագիրն էր, որում խոսվում է երկրում թալիշների գոյության մասին։ Սա հակասում է Ադրբեջանի համոզմունքներին։
Սկզբում Ադրբեջանի իշխանություններն ասում էին, որ Ադրբեջանում 100 հազարից քիչ ավելի թալիշ կա։ Մի քանի տարի անց այդ թիվը հասցրեցին 43000-ի, իրականում մեր թիվը շատ ավելի է։ Նրանք ուզում են մեզ ձուլել»,- ասել է Աղաևը։
Անկախ փորձագետ, ծագումով թալիշ Էլդար Մամեդովն ասել է. «Բաքվի ռեժիմը՝ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, ձուլման քաղաքականություն է վարում թալիշ համայնքի նկատմամբ»։
Ըստ նրա, թալիշների նկատմամբ Ալիևի քաղաքականության ամրապնդման գործոններից մեկը միջազգային արձագանքի բացակայությունն է։
«Իրավիճակը սրվել է նաև 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմից հետո։ Ղարաբաղյան պատերազմը հանգեցրեց պանթյուրքիստական հռետորաբանության ակտիվացմանը ԶԼՄ-ներում և հասարակության մեջ, որն արտահայտվեց թալիշ բնակչության նկատմամբ նսեմացնող հռետորաբանության աճով։ Հատկապես նրանց կողմից, ովքեր պաշտպանում են թուրքական գերազանցությունը»,- նշել է նա։
Մամեդովը կարծում է, որ Աբիլովի ձերբակալությունը տեղի է ունենում այն պահին, երբ ադրբեջանական պետությունը թալիշ ժողովրդին մեղադրում է անջատողականության մեջ։