Արցախահայերի իրավունքների պաշտպանության ՔՀԿ ցանցը կդատապարտի Բաքվում COP29-ի անցկացումը
«Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանություն» քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ցանցը պատրաստում է հայտարարության նախագիծ՝ դատապարտելով Ադրբեջանում կլիմայական գագաթնաժողովի անցկացումը։
Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, ՔՀԿ-ների ոչ պաշտոնական ցանցի գլխավոր քարտուղար Կարեն Զադոյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի COP29 գագաթնաժողովին, որը կանցկացվի նոյեմբերին։
«Կլիմայի միջազգային գագաթնաժողովի անցկացումը հակացուցված է այնպիսի ավտորիտար, կոռումպացված երկրում, ինչպիսին Ադրբեջանն է»,- ասաց Զադոյանը։
Բացի այդ, ըստ Զադոյանի, Ադրբեջանը մի երկիր է, որը ոչ միայն չի հարգում մարդկանց իրավունքները, ավելին, Բաքուն Արցախում օգտագործել է ֆոսֆորային զենք։ Բաքուն ցույց է տալիս, որ ինքը հայտնի դեմք է միջազգային ասպարեզում և յուրօրինակ ակնարկ է անում արցախահայությանը` ցույց տալով, որ կարող է մարսել նրանց իրավունքների ոտնահարումը։
Զադոյանը վստահ է, որ Ադրբեջանում նման մասշտաբի միջոցառման անցկացումը մարտահրավեր է մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունների համար։ Զադոյանի խոսքով` դա ընդունելի չի կարող լինել ո՛չ միջազգային հանրության, ո՛չ էլ Հայաստանի համար։
Այդ է պատճառը, որ «Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանություն» քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ցանցը պատրաստում է նման հայտարարություն ընդունել։ Այն կուղարկվի միջազգային կառույցներին, այդ թվում՝ գագաթնաժողովի կազմակերպիչներին։
Զադոյանն ընդգծեց, որ գագաթնաժողովով Բաքուն իրեն դիրքավորում է որպես շրջակա միջավայրը հարգող մաքուր երկիր։ Նա կարծում է, որ դա խնդիրներ կառաջացնի ինչպես արցախահայության իրավունքների պաշտպանության, այնպես էլ հենց Հայաստանի համար։
Հարցին, թե ինչպես կվերաբերի Բաքուն Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությունը գագաթնաժողովին, Զադոյանը պատասխանեց, որ դա Ադրբեջանը կարող է դիտարկել որպես շրջակա միջավայրի հետ կապված իր հավակնությունների ճանաչում։
«Ցանկացած փաստարկ կօգտագործվի Բաքվի շահերը առաջ տանելու համար»,- ասաց Զադոյանը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարին հրավեր-նամակ է ուղարկել Ադրբեջանի բնապահպանության նախարար, COP29-ի նախագահ Մուխթար Բաբաևը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ից 24-ը Ադրբեջանում կանցկացվի Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի մասնակիցների COP 29 գագաթնաժողովը։
2023 թվականի դեկտեմբերին որպես բարի կամքի քայլ Հայաստանը իր աջակցությունն էր հայտնել այն հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին և հանել իր թեկնածությունը, իսկ Ադրբեջանն իր աջակցությունն էր հայտնել Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված Հայաստանի թեկնածությանը:
Հունիսին վարչապետի մամուլի խոսնակը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Բաքու մեկնելու և COP29 ֆորումին մասնակցելու վերաբերյալ խոսակցություններին, ասել էր, որ վարչապետի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում: