Հանրային ռադիոյի տնօրեն է ընտրվել Արմեն Քոլոյանը. Գարեգին Խումարյանը դատարան կդիմի

Հանրային ռադիոյի տնօրեն է ընտրվել Արմեն Քոլոյանը։ Քիչ առաջ Հանրային հեռարձակողի խորհուրդը նիստի ժամանակ ձայների մեծամասնությամբ նման որոշում կայացրեց։ Քոլոյանը, որը «Ազատություն» ռադիոկայանի նախկին աշխատակից է, ստացել է խորհրդի 7 անդամներից (խորհրդի նախագահ և 6 անդամներ) 5-ի ձայները։

Նախկին տնօրեն Գարեգին Խումարյանի օգտին որևէ մեկը չի քվեարկել։

Նշենք, որ Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել 8 անձ` Գարեգին Խումարյանը, Բելա Հովհաննիսյանը, Մհեր Մարգարյանը, Միքայել Յալանուզյանը, Լուսինե Պետրոսյանը, Հակոբ Ռուբինյանը, Արմեն Քոլոյանը և Նազելի Օհանյանը։ Ավելի վաղ Խումարյանը ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ կասկած հայտնելով, որ ընտրությունն արդեն կանխորոշված է` հուլիսի 29-ի նիստում ընտրվելու է Արմեն Քոլոյանը։

Այսօր արդեն Խումարյանը տեղեկացրել է, որ ընտրության արդյունքները վիճարկելու է դատարանում։

«Շատ կուզեի հաղթող մասնակցին բարի ընթացք մաղթել, բայց սա այդ դեպքը չէ։ Մրցույթի արդյունքը վարչաիրավական աճպարարության հետևանք է, որը տանում եմ դատարան։ Խնդիրը քննարկվել է ոլորտի մի շարք ամենահեղինակավոր մասնագետների հետ, և ընդհանուր պատկերացումն այն է, որ իրավիճակը պետք է պատշաճ իրավական գնահատական ստանա։ Սկսում ենք բողոքարկել մրցույթի արդյունքները, ամենայն հավանականությամբ, հենց այսօրվանից։ Ընթացքը կանխատեսելի էր, հայցերը՝ վաղօրոք նախապատրաստված»,- գրել է Խումարյանը։

Sputnik Արմենիա