Ռուբեն ՍԱՖՐԱՍՏՅԱՆ․ ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԷՐԴՈՂԱՆԻ՝ ԻՍՐԱՅԵԼԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐՆ ԻՐԱԳՈՐԾԵԼ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելին ուղղված սպառնալիքներով ներքին և արտաքին քաղաքական նպատակներ ունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
Ավելի վաղ Թուրքիայի առաջնորդը հայտարարել էր, որ եթե Թուրքիան ուժեղ լինի, ապա կկարողանա մտնել Իսրայել, ինչպես նախկինում մտել է Լեռնային Ղարաբաղ և Լիբիա:
Ըստ թուրքագետի՝ նախ այս հայտարարությունը ներքին հանրության համար է՝ նպատակ ունենալով բնակչության ուշադրությունը շեղել երկրի, մեղմ ասած, ոչ բարվոք տնտեսական դրությունից։ Պատահական չէ, որ Էրդողանի այս ելույթը հեռարձակվել է հեռուստատեսությամբ։
Տարածաշրջանային առումով էլ Էրդողանը փորձում է, այսպես ասած, մոտեցնել իր երազանքները։
«Այսինքն՝ Թուրքիան ներկայացնել տարածաշրջանի առումով մի երկիր, որը լիդեր է, առաջատար է իսլամական աշխարհում, կանգնած է մահմեդականների մեջքին։ Այս հռետորաբանությունը նպատակ ունի փորձելու ընդգծել, ավելի բարձրացնել Թուրքիայի տեղն ու դերը տարածաշրջանում»,- նշեց Սաֆրաստյանը։
Թուրքագետը վստահ է, որ հայտարարություններ այն կողմ Էրդողանը չի գնա, որովհետև Թուրքիան իրական հնարավորություններ չունի իրականացնելու այն, ինչով սպառնում է։ Կարող է փորձել ավելի ակտիվ դերակատարում ստանձնել տարածաշրջանում, դիվանագիտական քայլերով ճնշումներ գործադրել Իսրայելի վրա, բայց իրականում իրադրության վրա ազդելու հնարավորություն չունի։
Սաֆրաստյանը հիշեցնում է՝ Թուրքիան ԱՄՆ-ի հավատարիմ դաշնակիցն է, Իսրայելն էլ ԱՄՆ-ի 100-տոկոսանոց հովանավորչությունից է օգտվում, այնպես որ հակաիսրայելական լուրջ քայլեր չեն կարող արվել։ Նա չի բացառում, որ Էրդողանը կարող է փորձել իսլամական, արաբական աշխարհն իր ակտիվությամբ ինչ-որ հակաիսրայելական նախաձեռնությունների մեջ ներգրավել, բայց լուրջ հետևանքներ դժվար թե լինեն։
Միաժամանակ հիշեցնում է, որ Թուրքիայի և Իսրայելի միջև ակտիվ առևտրաշրջանառություն է, որն այս լարվածության ֆոնին չի դադարեցվում։
Ինչ վերաբերում է Թուրքիայի առաջնորդի հայտարարությանը, որով, ըստ էության, խոստովանում է նաև թուրքական զինուժի մասնակցությունը Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողություններին, Սաֆրաստյանը նշում է՝ առաջին անգամ չէ, դեռ ամիսներ առաջ թուրք պաշտոնյաներից մեկը կրկին նման հայտարարություն էր արել։
Հիշեցնենք` հուլիսի 27-ին հայտնի դարձավ, որ Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքները հրթիռակոծվել են Լիբանանի կողմից։ Իսրայելական կողմը մեղադրեց լիբանանյան «Հզբոլլահ» շարժմանը: Կազմակերպությունը, սակայն, հերքեց իր մասնակցությունը։
Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Օրեն Մարմորշտեյնը հուլիսի 28-ին հայտարարեց, որ Լիբանանի հետ պատերազմը կանխելու վերջին հնարավորությունը լիբանանյան շիական «Հզբոլլահ» շարժման ուժերի դուրսբերումն է: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իսրայելը հարվածներ է հասցրել «Հզբոլլահի» մի շարք օբյեկտների։ «Հզբոլլահի» պատասխանը չուշացավը. շարժումը գրոհեց իսրայելական բանակի դիրքերը Մանարա և Շտուլա սահմանային բնակավայրերում: