ՀՀ-Ն ՉԵԶՈՔԱՑՆԵԼՈՒ 13 ՔԱՅԼ, ԸՆԴ ՈՐՈՒՄ՝ ՀԵՆՑ ՀԱՅԵՐԻ ՁԵՌՔՈՎ
«Վաշինգտոնյան մարզկոմի» և «եվրոպական պարտեզի» հակահայկական թեզերը շարունակում են ճանապարհ բացել դեպի Հայաստանի քաղաքացիների «միտքն ու սիրտը»։
Մեր «արևմտյան բարեկամների» կողմից Հայաստանի քաղաքացիների ուղեղների ագրեսիվ լվացումն ավելի ու ավելի ինտենսիվ բնույթ է ստանում՝ հաշվի առնելով Հայաստանում իշխող փաշինյանական իշխանության վարկանիշի հետևողական անկումը։
Հայաստանում տեղեկատվական հոսքերի անկողմնակալ վերլուծությունը ցույց է տալիս, որ «հպարտ քաղաքացիների» ուղեղներին հարվածում են երեք հիմնական կողմից։
Նախ՝ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից պատերազմի սպառնալիքներն ու շանտաժները։
Երկրորդ՝ ամերիկացիները խոստանում են «խաղաղություն», իսկ եվրոպացիները՝ «առանց վիզայի ռեժիմ», որի դիմացը Հայաստանը, բնականաբար կկորցնի իր անկախությունը, ինքնիշխանությունն ու անվտանգությունը։
Երրորդ՝ դրան պետք է ավելացնել նաև Հայաստանին տրվող չնչին ֆինանսական օգնությունը (օրինակ՝ տխրահռչակ 10 միլիոն եվրոն Խաղաղության եվրոպական հիմնադրամից)՝ զուգահեռ Հայաստանի մեդիադաշտ դոլարային հսկայական ներարկումներ անելը (ուղեղների լվացում), որտեղ գումարները տասնյակ միլիոնավոր դոլարների են հասնում։
Եվ այս ամենը՝ հայաստանյան իշխանությունների մարկետինգային միամիտ քայլերի ֆոնին (հեծանվաքշումներ, երկրի բարձրաստիճան ղեկավարների անհոգ սելֆիներ, թուրք-ադրբեջանական խառնախմբի հետ «խաղաղության» մասին պատմություններ, տարբեր «Բեռլին-լոնդոններում» սրճախմություններ և մարկետինգային այլ կեղծազարդեր)։
Անշուշտ, այս ամենի նպատակը մի կողմից Հայաստանի փաստացի չեզոքացումը գեղեցիկ փաթեթավորելն է (և սա գույների խտացում չէ)՝ «արևմտյան արտոնությունների» դիմաց, մյուս կողմից՝ դա Հայաստանում գործող իշխանության վերարտադրության մեթոդաբանությունն է՝ կրկին «արևմտյան բարիքների» դիմաց։
Որպեսզի ասվածը մերկապարանոց հայտարարություն չհնչի, պարզապես դիտարկենք, թե ինչ է տեղի ունենում իրականում:
Հայաստանի տարածքները օկուպացված են կամ հանձնված են թուրք-ադրբեջանական տանդեմին։ Արցախի Հանրապետությունը բռնազավթված է, և այնտեղից տեղահանված է բնիկ հայ բնակչությունը։ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի տարածքում պատրաստվում են նոր ռազմական գործողության։ Թուրք-ադրբեջանական տանդեմը Հայաստանի ամբողջ տարածքը հայտարարում է «Արևմտյան Ադրբեջան» անվանումով թյուրքական հող և փաստացի պահանջում է Հայաստանի Սահմանադրությունը փոխարինել «Արևմտյան Ադրբեջանի սահմանադրությամբ»։
Հայաստանի իշխանությունը՝ ի դեմս պետության առաջին դեմքերի, զբաղվում է բացառապես քարոզչական շոուներով՝ «միայն կերեք, խմեք, վճարեք հարկերը, և դուք երջանիկ կլինեք (առանց վիզայի Եվրոպա և խաղաղություն):
Ամերիկացիները Հայաստանի բնակչությանը նախապատրաստում են Ադրբեջանին արվելիք հերթական և ոչ վերջին աղետալի զիջումներին։ Դրանում համոզվելու համար բավական է ծանոթանալ ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերի հայտարարությանը, որում խոսվում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում «բարդ որոշումների և լուրջ փոխզիջումների» անհրաժեշտության մասին:
Եվրոպացիները հայտարարում են, որ Ադրբեջանն էներգետիկ ոլորտում իրենց ռազմավարական գործընկերն է։ Թուրքիան Հայաստանի ինքնալուծարման համաձայնությունը («միջանցք» Սյունիքով) ներկայացնում է որպես «գլխավոր քայլ» դեպի «խաղաղություն»։ Ադրբեջանը զուգահեռաբար պատրաստվում է Հայաստանի դեմ պատերազմի։
Արցախի անկումից հետո հիմա էլ Հայաստանին են դրդում քաղաքական և տարածքային սուբյեկտայնության տոտալ կորստի՝ «արևմտյան արտոնությունների» դիմաց։
Ինչո՞ւ է դա արվում:
Մի՞թե ամերիկացիները կամ եվրոպացիները չեն հասկանում, որ իրենց բոլոր քայլերն այս փուլում տանում են դեպի հայկական պետության ոչնչացում։ Ես հատուկ չեմ հիշատակում Հայաստանի իշխանություններին, քանի որ նրանք ընդամենը արտաքին խաղացողների կամակատարներ են և արդեն ոչինչ չեն որոշում արտաքին դիվանագիտական կոնտուրում։
Ամեն ինչ պարզ է:
Ինչպես հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, Հարավային Կովկասում Արևմտյան վեկտորի հիմնական խնդիրը տարածաշրջանից ռուսներին, իրանցիներին դուրս մղելն է ու չինացիների ուժեղացում թույլ չտալը: Իսկ այն, որ թուրք-ամերիկյան համատեղ գործողության հետևանքով Հայաստանը կդադարի գոյություն ունենալ, մեծ հաշվով ոչ մեկին չի հուզում։
Բայց կա մեկ այլ խնդիր՝ ինչպես համոզել Հայաստանի բնակչությանը դառնալ ինքնաոչնչացման և սեփական հայրենիքի կազմաքանդման կամավոր մասնակից։
Խնդիրը հեշտ չէ, բայց, ինչպես կարծում են «Արևմուտքում», միանգամայն լուծելի է։
Եվ այսպես, քայլ-քայլ հրահանգներ, թե ինչպես հայերի ձեռքերով ոչնչացնել Հայաստանը։
1. Հակառուսական և հակաիրանական մշտական քարոզչություն՝ ի դեմս Ռուսաստանի և Իրանի թշնամու կերպար ձևավորելու համար։
2. Կրկին ռուսներին ու իրանցիներին մեղադրել հայկական իշխանության բոլոր ձախողումների համար։
3. Իրավիճակի անընդհատ սրում կամ պատերազմով շանտաժ, եթե Հայաստանը չիրականացնի «այսինչը, այնինչը», ապա իբր պատերազմ կսկսվի։
4. Տեղեկատվական, իրավական և քաղաքական ահաբեկչություն եկեղեցու և հայկական սփյուռքի նկատմամբ:
5. Հայկական ինքնության հիմքերի (եկեղեցի, մշակույթ և պատմություն) վարկաբեկում:
6. Հասարակական գիտակցության մեջ մակաբուծային ապրելակերպի սերմանում՝ որպես «նորմալ ապրելու» միակ հնարավորություն։
7. Քարոզչություն ընդդեմ հայկական էթնիկ ինքնության՝ որպես ապակառուցողական տարր, որն իբր խանգարում է «հպարտ քաղաքացու» երջանկությանը:
8. Հայկական պետականության (Հայաստանի) գաղափարի հակադրումը հայ ժողովրդին՝ որպես պետության գաղափարախոսություններ ձևավորող էթնոքաղաքական միավորի:
9. Քարոզչության համար պայմանների ստեղծում, որն ուղղված է սեփական ինքնությունն ու հայրենիքը որոշակի արտոնությունների հետ փոխանակմանը (ամերիկյան օգնություն կամ առանց վիզայի Եվրոպա):
10. Հասարակության մեջ երկրի տարածքային և քաղաքական կորուստների անայլընտրանքայնության ձևավորում:
11. Երկրում սոցիալական տարբեր խմբերի (ղարաբաղցիներ-հայաստանցիներ, նախկիններ-ներկա, սևեր-սպիտակներ) միջև փոխադարձ մերժման «թունավոր» մթնոլորտի ստեղծում։
12. Արցախի ոչնչացման և Հայաստանի մասնատման ուղղությամբ թուրք-ադրբեջանական տանդեմի քայլերի համատեքստում հայ հասարակության մեջ համակերպման և իրողությունների «ընդունման» անհրաժեշտության մասին նարատիվի առաջխաղացում։
13. Հասարակության մեջ թուրք-ադրբեջանական տանդեմի դրական իմիջի ձևավորում։
Մոտավորապես այսպիսին է Հարավային Կովկասի տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության՝ որպես էթնոքաղաքական միավորի ոչնչացման անցյալ, ներկա և ապագա քայլերի համառոտ պատմությունը:
Արման ԱԲՈՎՅԱՆ, Sputnik Արմենիա