Յակով ԿԵԴՄԻ․ ԷՐԴՈՂԱՆԸ ՀՈԳԵԲՈՒՅԺԻ ՀԱՄԱՐ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԴԵՊՔ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսրայելի «Նատիվ» հետախուզական ծառայության նախկին ղեկավար Յակով Կեդմին Alpha News-ին մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ թուրքերը կարող են մտնել Իսրայել, ինչպես արեցին Ղարաբաղում և Լիբիայում։
Նա նաև կիսել է իր կարծիքը Լիբանանի դեմ Իսրայելի գործողությունների և Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմի, Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորության, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում Անկարայի դերի մեծացման մասին։
Քաղաքագետի խոսքով՝ բոլոր նրանք, որոնք գործ ունեն Էրդողանի հետ, պետք է հասկանան, որ նա անհավասարակշիռ մարդ է, ընդունակ է ոչ ադեկվատ գործողությունների:
«Իր հայտարարությամբ Էրդողանն առաջին հերթին նվաստացրել և վիրավորել է Ադրբեջանին և Լիբիային։ Ադրբեջանն ասաց, որ Ղարաբաղ են մտել ոչ թե թուրքական, այլ ադրբեջանական զորքերը։ Եվ հետո հայտնվում է թուրք սուլթանը և ասում, որ ինքն է դա արել։ Էրդողանը նախկինում էլ աչքի չէր ընկնում հավասարակշռությամբ: Բայց հիմա նրա ասածը հոգեբույժի համար է, դա խանգարված հոգեկանով, իրականության այլասերված ընկալմամբ մարդու համար է։
Նա մտել է Լիբիա, մտել է ԼՂ, նա իրավունք ունի մտնել մեզ մոտ, լավ, թող փորձի։ Այսինքն՝ նա լրջորեն հավատում է, որ Թուրքիան դեռ իրավունքներ ունի Լիբիայի, Կովկասի, Պաղեստինի նկատմամբ։ Նա կարծում է, որ Օսմանյան կայսրությունը կենդանի է, անիմաստ է վիճել նման մարդու հետ, անիմաստ է նրան ինչ-որ բան ապացուցել կամ բացատրել։ Էրդողանը կլինիկական դեպք է հոգեբույժի համար։ Եվ յուրաքանչյուր ոք, ով գործ ունի նրա հետ, պետք է հաշվի առնի, որ գործ ունի անհավասարակշիռ հոգեկան մարդու հետ, ով չի հասկանում միջավայրը, ոչ ադեկվատ է ընկալում այն և ունակ է ոչ ադեկվատ գործողությունների»,- ասել է Կեդմին։
Փորձագետի կարծիքով՝ այն, որ Իսրայելը դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ամոթ է Իսրայելի և հրեա ժողովրդի համար։
«Իմ երկրի և իմ ժողովրդի համար ամոթ է, որ Հայոց ցեղասպանությունը դեռևս չի ճանաչվել։ Ես կարծում եմ, որ սա վիրավորանք է հայ ժողովրդի համար, սա վիրավորանք է մեր պատմության համար։ Հայ ժողովրդի ցեղասպանությունը Իսրայելը վաղուց պետք է ճանաչեր՝ առանց որևէ հղումների, առանց որևէ կախվածության, թե ինչ և ինչպես է անում Թուրքիան կամ մեկ այլ երկիր։ Դա բոլորովին քննարկումից դուրս է։ Սա մեր բարոյական իրավունքն է, մեր պատմության և հայոց պատմության առաջ։ Իսրայելի և հրեա ժողովրդի համար ամոթ է, որ մենք դեռ չենք ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ընդգծել է Կեդմին։
Անդրադառնալով Մերձավոր Արևելքում հնարավոր պատերազմին, փորձագետն ասել է, որ պատերազմի մասին գոռալը, իրավիճակը սրելը միշտ կա և կլինի անպատասխանատու քաղաքական գործիչների շահերից, որոնք դրանով իսկ իրենց համար քաղաքական կապիտալ են ստեղծում:
«Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմ այժմ հազիվ թե տեղի ունենա մեկ պարզ պատճառով. կողմերից ոչ մեկը շահագրգռված չէ դրանով: Լիբանանը լայնածավալ պատերազմ չի ուզում, Թուրքիան էլ ավելի քիչ է ուզում, Իրանը նույնպես դա չի ցանկանում, քանի որ իր զարգացման այս փուլում նրան ամենաքիչը պատերազմ է պետք, նա նոր է սկսում վերականգնվել, առավել ևս նոր կառավարության հետ։
Իսրայելը դա չի ցանկանում, քանի որ դրա համար ոչ մի նպատակ չկա։ Նույնիսկ ՀԱՄԱՍ-ը դա չի ուզում, նա ցանկանում է վերջ տալ այդ հակամարտությանը։ Այսօր պատերազմը ոչ մի երկրի շահերից չի բխում։ Դա ոչ մի երկրում ոչ մի խնդիր չի լուծում և ոչ մի երկրի ազգային շահերի մեջ չի մտնում։
Պատերազմի մասին բղավելն ու իրավիճակի սրումը միշտ էլ բխում են անպատասխանատու քաղաքական գործիչների շահերից, որոնք դրանով իսկ քաղաքական կապիտալ են դարձնում իրենց համար։ Այսօր Մերձավոր Արևելքի ոչ մի երկիր շահագրգռված չէ պատերազմով։ Այնպես որ, դժվար թե պատերազմ լինի։ Կարող են ավելի շատ հարվածների փոխանակումներ լինել ազգային հպարտության զգացողության պատճառով։
Իսրայելն ընդհանրապես չի ցանկանում որևէ մեկի հետ կռվել, բայց եթե պետք լինի, մենք կարող ենք կռվել ցանկացածի հետ։ Մենք չենք ցանկանում պատերազմել Իրանի հետ, քանի որ դա իմաստ չունի, քանի դեռ Իրանը չի հատում որոշակի սահմաններ և չի ձեռնարկում գործողություններ, որոնք սպառնում են մեր անվտանգությանը: Եթե Իրանը հատի սահմանը և որոշի միջուկային զենք ստեղծել, ապա մենք կպայքարենք Իրանի դեմ և շատ կոշտ կպայքարենք»,- ասել է Կեդմին։
Անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջիկա հանդիպմանը՝ փորձագետն ասել է, որ եթե Հայաստանը ցանկանում է կրկնել նույն սխալը, ապա կարող է հույսը դնել Թուրքիայի վրա։
«Այսօր բոլորը փորձում են օգտվել Հայաստանից՝ և ֆրանսիացիները, և ամերիկացիները, և բրիտանացիները: Թուրքերը որոշեցին, որ հիմա իրենց հերթն է։ Նրանք իրենց երկար պատմությունն ունեն Հայաստանի հետ։ Իսկ հետո ամեն ինչ կախված է նրանից, թե Հայաստանն ինչ հետևություններ կանի իր համար։ Եթե նա ցանկանում է նորից ոտք դնել նույն փոցխի վրա, նա կարող է ապավինել Թուրքիային, կարող է ապավինել Ֆրանսիային, կարող է ապավինել Մեծ Բրիտանիային, ում ասես»,- եզրափակել է Կեդմին։