ՌԴ քաղաքացիություն ստացողները ռուսական բանակում կծառայեն 1 տարի
Ռուսաստանի քաղաքացիություն ստացած անձինք բանակում պետք է ծառայեն մեկ տարի, այլ ոչ թե երկու, ինչպես նախկինում առաջարկվում էր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է խորհրդարանի ստորին պալատի իրազեկ աղբյուրը։
«Ամենայն հավանականությամբ, նրանք, ովքեր դառնում են Ռուսաստանի քաղաքացի, պետք է ծառայեն բանակում մեկ տարի, քանի որ դա կապահովի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար հավասար իրավունքներ», - պարզաբանել է աղբյուրը։
Ըստ աղբյուրի՝ այսօր համապատասխան օրինագիծը, որը պարունակում է նման դրույթ, կներկայացվի Ռուսաստանի պետդումա։ Այն կընդունվի հուլիսի 31-ին՝ գարնանային նստաշրջանի ամփոփիչ նիստում։
Հուլիսի 29-ին Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել էր օրենսդրական նախաձեռնություն պատրաստել՝ կապված միգրանտներին զինվորական հաշվառման վերցնելու հետ։ Ենթադրվում է, որ Ռուսաստանի քաղաքացիություն ընդունելու պայման կարող է լինել զինվորական հաշվառումը, որը տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագիր ստանալու հետ միաժամանակ, պարզաբանել են մամուլի ծառայությունում։
Մամուլի ծառայությունում հավելել են, որ նաև առաջարկվել է ուժեղացնել հսկողությունը Ռուսաստանի նոր քաղաքացիների կողմից մարտական հերթապահության կատարման նկատմամբ, զինվորական ծառայության ժամկետը հասցնել մինչև երկու տարվա և բարձրացնել զորակոչի տարիքը։