Իրանը կարող է հարվածել Իսրայելի դիրքերին Ադրբեջանի տարածքում, բայց դա չի բխում Իրանի շահերից. Սերգեյ Մելքոնյան
Իրանը կարող է հարվածել Իսրայելի դիրքերին Ադրբեջանի տարածքում, բայց դա չի բխում Իրանի շահերից՝ նոր ճակատ բացել իր դեմ, իր սահմանի մոտ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ARPI Armenia-ի գիտաշխատող, վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանը:
«Հակառակը, Իրանը փորձում է վտանգն իր սահմանից հեռու տանել, հասցնել մինչեւ Գազա ու Լիբանան: Հիմնական մտավախությունն այն է, որ եթե Իրանը ներքաշվի պատերազմի մեջ, իր օպերատիվ հնարավորությունները կնվազեն Հարավային Կովկասում: Շատերը հասկանում են, որ հիմնական զսպող ուժը Ադրբեջանի և Թուրքիայի դեմ, որ նրանք ուժով չեն բացի այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», Իրանն է:
Մտահոգությունն այն է, որ լայնածավալ պատերազմում ներգրավված լինելով արդյոք իրենք կարող են օպերատիվ արձագանքել Հարավային Կովկասում զարգացումներին: Չնայած շատ վերլուծաբաններ նշում են, որ նույնիսկ այդ դեպքում Հարավային Կովկասը կշրունակի մնալ Իրանի առաջնահերթությունների թոփում»,-ասաց նա:
Հարցին՝ որքանով է հնարավոր, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունը տեղի է ունեցել Ադրբեջանի տարածքից եւ այդ դեպքում որքանո՞վ է հավանական, որ Իրանը կհարվածի Ադրբեջանին, վերլուծաբանը պատասխանեց. «Իմ գնահատմամբ՝ դրա հավանականությունը զրոյին մոտ է, որ Իրանը կհարվածի Ադրբեջանի տարածքին: Իրանում ոչ ոք շահագրգռված չէ իր սահմաններին կրակ ստեղծել»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am