ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵՊՐԵՍԻԱՆԵ՞Ր, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ. Ո՞ՐՆ Է ՊԵԿ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շրջանառության մեջ է դրել օրենսդրական փոփոխությունների մի նախագիծ, որով տնտեսվարողը 10 մլն դրամ և ավելի խախտում անելու դեպքում 3 տարի կկալանավորվի։ Նախագիծը դրվել է e-draft–ում հանրային քննարկման մինչև օգոստոսի 23–ը։ Այս պահի դրությամբ նախագծին դեմ է քվեարկել 1 206 մարդ, կողմ` 8–ը։

ՊԵԿ–ն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում, մասնավորապես` ուժը կորցրած ճանաչել 290–րդ հոդվածի 5–րդ մասը։ «Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց` մինչ այժմ եթե գործարարը վճարում էր ՊԵԿ տեսուչների նախնական հաշվարկներով արձանագրված խախտման գումարը, ապա այդ հոդվածի համաձայն` ազատվում էր քրեական պատասխանատվությունից։

«Բազմաթիվ են դեպքերը, երբ գործարարը վճարում է ՊԵԿ–ի արձանագրած խախտումը, դուրս է գալիս կալանքից, հետո դատարանով ապացուցում է, որ ՊԵԿ–ը սխալ «նախնական հաշվարկ» է արել ու գումարը հետ է ստանում: Հիմա, Քրեական օրենսգրքի այս հոդվածի չեղարկմամբ, գործարարին կալանավորում են 3 տարի ժամկետով` անգամ եթե նա վճարել է արձանագրված խախտման գումարը: Արդյունքում բիզնեսը պարալիզացնում են, սակայն հետո պարզվում է, որ ոչ թե 50 մլն դրամի էր խախտումը, այլ 5 մլն էր, կամ էլ պարզվում է` խախտում ընդհանրապես չկար. տեսուչները սխալ են հասկացել»,– նշեց Միրաքյանը։

Նրա խոսքով` սխալ «նախնական հարկային հաշվարկ» արած տեսուչի համար օրենքը որևէ պատիժ չի նախատեսում:

Միրաքյանը նշում է` եթե ՊԵԿ–ն առաջարկում է խախտումը վճարելուց հետո շարունակել կալանքի տակ պահել գործարարին, դա նշանակում է, որ տարվա մեջ մոտ 1000 գործարար բանտում կհայտնվի:

Նա այս եզրահանգման է եկել` հիմք ընդունելով օրենսդրական փոփոխության հիմնավորման մեջ ՊԵԿ–ի կողմից նշված այն փաստարկը, որ ՀՀ քննչական կոմիտեի կողմից ներկայացվել են խրախուսական նորմերի կիրառմամբ գործերի քննության վիճակագրական տվյալներ, ըստ որոնց` 2023 թ. ընթացքում քննվել է 932 քրեական վարույթ (հարկայինի մասով), ավարտվել է 464 վարույթ, կարճվել է 439 վարույթ, 60–ը` խրախուսական հիմքով, 379–ը` այլ հիմքերով, վերականգնվել է 27 միլիարդ ՀՀ դրամ։

Միաժամանակ Միրաքյանն այս ամենի մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում, թեև շատ փորձագետներ չեն բացառում, որ իշխանությունների այս քայլերը հենց քաղաքական նպատակ ունեն։ Sputnik Արմենիայի աղբյուրներից մեկի տեղեկություններով` ՊԵԿ վարչարարության այս խստացումները հատկապես ուղղված են այն գործարարների դեմ, որոնք այս կամ այն կերպ փորձում են օժանդակել ընդդիմադիր գործիչներին։

«Հարկային վարչարարության վերջին՝ առնվազն 10 տարիների միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ընդհանուր միտումը տնտեսական հանցագործությունների ապաքրեականացումն է։ Ըստ էության, մեր երկրում էլ է նման մոտեցում որդեգրված եղել (որպես ապացույց՝ 2022 թվականի հուլիսի 1–ից խոշոր և առանձնապես խոշոր հարկային իրավախախտումների գումարները բարձրացնելն էր, համապատասխանաբար՝ 5 մլն դրամը դարձավ 10 մլն, 15 լն դրամ՝ 20 մլն դրամ)։ Սա նշանակում է, որ առաջարկվող փոփոխությունն առավելապես քաղաքական հետապնդումների նոր գործիք ներդնելու նշանակություն ունի»,– նշեց մեր աղբյուրը։

Խնդրին ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է նաև ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։ Նա ևս ՊԵԿ գործողություններում չի բացառել քաղաքական ենթատեքստը։

«Տագնապալի է, որ հարկային գործընթացների իրավական կարգավորումը հաճախ ենթարկվում է քաղաքական պայմանների ազդեցությանը։ Նման պայմաններում կարող են առաջանալ իրավիճակներ, երբ որոշումները կայացվում են ոչ թե օբյեկտիվ տնտեսական ցուցանիշների և իրավական նորմերի հիման վրա, այլ ներկայիս քաղաքական նկատառումներին համապատասխան։ Նման նախաձեռնությունները (օրինակ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասը վերացնելու օրենսդրական նախաձեռնությունը) կարող են հանգեցնել օրենսդրության ոչ համակարգված փոփոխություններ կատարելու վարքագծի ամրապնդմանը՝ ստեղծելով անորոշություններ ու խոչընդոտներ բիզնեսի համար, ինչն իր հերթին ակնհայտորեն բացասաբար է անդրադառնալու տնտեսական կայունության և իրավական համակարգի նկատմամբ ձեռնարկատերերի վստահության վրա»,– գրել է նա։

Անանյանի խոսքով` կայուն տնտեսական աճի հասնելու և երկարաժամկետ զարգացում ապահովելու համար անհրաժեշտ է ձգտել նվազագույնի հասցնել քաղաքական ազդեցությունը հարկային կարգավորման գործընթացների վրա։

Իսկ «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանի համար Հայաստանում բիզնեսի վրա հարկային կառույցների ճնշումները սպասելի էին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա ասաց, որ այն դեպքում, երբ հավաքագրման պլանները չեն կատարվում, իշխանությունները սովորաբար անցնում են ռեպրեսիվ միջոցների։

Նա կարծում է, որ հարկային մարմինների ներկայիս գործողություններն ուղղված են մարտավարական, այսրոպեական խնդիրների լուծմանը՝ ամեն գնով հնարավորինս շատ գումար հավաքել պետական բյուջե։ Երկարաժամկետ հատվածում այդ գործողությունները վախեցնում են ներդրողներին, խոչընդոտում տնտեսական զարգացմանը։ Ըստ տնտեսագետի` ՊԵԿ–ը պարտավոր է ոչ միայն հարկեր հավաքել, այլև բարենպաստ միջավայր ապահովել, որպեսզի բիզնեսի կողմից ստեղծվող ավելացված արժեքը կրկին ուղղվի դեպի տնտեսություն:

Մանասերյանի խոսքով՝ մինչև վերջերս ընդունված էր համարել, որ գործող իշխանությունները հանգիստ են թողել բիզնեսը, չեն միջամտում նրա գործունեությանը, չեն խանգարում անվերջ ստուգումներով ու տուգանքներով:

«Նման տպավորությունն այնքան էլ չի արտացոլում իրականությունը։ Ես դեռևս 2 տարի առաջ հյուրընկալվել էի «Մանթաշյանց» ակումբի հանդիպումներից մեկին, և այդ ժամանակ արդեն շատ գործարարներ դժգոհություն էին հայտնում կարգավորող մարմիններից»,– նշեց նա։

Մանասերյանի դիտարկմամբ` ժամանակն է, որ կառավարությունն արդեն մտածի կապիտալ ներդրումների մասին՝ տնտեսական երկարաժամկետ աճ ապահովելու համար։ Այժմ տնտեսական ամբողջ ակտիվությունը պայմանավորված է արտաքին գործոններով, մասնավորապես՝ ուկրաինական հակամարտությամբ, ՌԴ–ի դեմ պատժամիջոցներով, Հայաստանից վերարտահանմամբ և այլն:

«Նման խնդիր ՀՀ ղեկավարությունը դեռևս չի դնում։ Արդյունքում այս դիլետանտիզմը բերում է հարկային քաղաքականության ներկա վիճակին»,–նշեց տնտեսագետը։

Մանասերյանը կարծում է, որ կառավարման մեջ դիլետանտիզմն ամենուր է. տնտեսության համար պատասխանատու կառույցները 2018 թ. իշխանափոխությունից հետո միայն ֆիասկո են ապրում` նրանց ոչ մի կերպ չի հաջողվում գտնել կադրեր թիմի ներսում, որոնք կարող են կառավարել տնտեսությունը, առանց բարդույթների շփվել փորձագետների հետ և այլն:

Sputnik Արմենիա