Ե՞ՐԲ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ՕՐԻՆԱԿՈՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԿՏԱՆ 2020 Թ. ՊԱՏԵՐԱԶՄԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
2018, 2022, 2023 թվականների իրադարձությունները նույնպես քաղաքական գնահատականի կարիք ունեն
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհուրդը օգոստոսի 13-ին հայտարարություն է տարածել, որում կուսակցությունը մեղադրում է Միխեիլ Սաակաշվիլի Ազգային շարժմանը 2008 թվականի պատերազմի հրահրման համար և կոչ է անում դատել 16 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մեղավորներին։
«2008 թվականի օգոստոսին Սահակաշվիլիի արկածախնդիր գործողությունները նրա հոգեկան անկայունության արդյունք չէին, այլ դրսից եկող հրահանգների և լավ ծրագրված դավաճանության արդյունք», — նշվում է տեքստում։
«Վրացական երազանք»-ն ընդգծել է, որ երկրում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատելու համար կենսականորեն անհրաժեշտ է կազմակերպել հանրային իրավական գործընթաց, որպեսզի հասարակությունն իմանա, թե «ով է դավաճանական հանցագործությունը կատարել երկրի և ժողովրդի դեմ»։
Բիձինա Իվանիշվիլիի կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը հիմնականում կրկնում է այն թեզերը, որոնք նախկինում հնչեցրել էր վրացական մեկ այլ ՝«Ժողովրդի ուժը» կուսակցությունը։
Այս կուսակցությունն ավելի հեռուն գնաց և ուղղակիորեն մատնանշեց, որ Միխայիլ Սահակաշվիլին և նրա թիմը կատարել էին «ամենաբարդ առաջադրանքները Վրաստանի դեմ», և 2008 թվականի օգոստոսի իրադարձություններից հետո Ռուսաստանը իշխանությունների կողմից անվանվեց «օկուպանտ», իսկ ԱՄՆ-ը՝ ռազմավարական գործընկեր։
Հայտարարությունից պարզ է դարձել, որ կուսակցությունն արձանագրել է՝ հասկանալով Վրաստանի ժողովրդի համար Աբխազիայի և Հարավային Օսիայի կարևորությունը, ամերիկացիները երկրում իշխանության էին բերել սադրիչի, ով 2008 թվականին պատերազմ է հրահրել, որի արդյունքում Ռուսաստանը ճանաչեց այս երկու հանրապետությունների անկախությունը, ինչը աներևակայելի դարձրեց Մոսկվայի և Թբիլիսիի գործընկերությունը։
«Վրացական երազանք» կուսակցությունն այսօր նշում է, որ 2008 թվականի իրադարձությունների մասնակիցները պետք է դատարանի առաջ կանգնեն, իսկ հանրությունը պետք է պարզի, թե իրականում ինչ է տեղի ունեցել 2008 թվականի օգոստոսին։ Այս նախաձեռնությունը ոչ այլ ինչ է, քան պատմական իրադարձությունների քաղաքական գնահատական։
Միանգամայն տրամաբանական հարց է առաջանում՝ ե՞րբ է Հայաստանը Վրաստանի օրինակով քաղաքական գնահատական տալու 2020 թվականի պատերազմին։ Կարո՞ղ է պարզվել, որ 2020 թվականի պատերազմը երկրի ներքաղաքական գործընթացներում մի շարք ոչ տարածաշրջանային խաղացողների ներգրավվածության հետևանք էր։
Ավելին, ակնհայտ է, որ 2022 թվականի, 2023 թվականի ու 2018 թվականի գարնան իրադարձությունները նույնպես քաղաքական գնահատականի կարիք ունեն։ Գնահատականը և դրա հետևանքները անհրաժեշտ են, որպեսզի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքական դերակատար իմանա, որ պետության հետ խաղը ոչ միայն անբարոյականություն է, այլև անխուսափելիորեն կբերի պատժի։
Ի դեպ, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ավելի վաղ խոսել էր այն մասին, թե ով է իրականում կանգնած եղել 2008 թվականի պատերազմի հետևում, ով 08.08.08 պատերազմի մասին իր հուշերում գրել է հետևյալը. «…. Բայց նա (Միխեյիլ Սահակաշվիլին — խմբ.) կրկնակի սխալվեց: Նախ նա չարաչար սխալվում էր, երբ պատկերացնում էր, որ իր պատճառով ամերիկացիները կմիանան պատերազմին։ Ավելին, նա այս խոստումը լսել էր շատ ամերիկացի պաշտոնյաներից։ Եթե լավ մտածեր, կհասկանար, որ դրանք դատարկ խոսքեր են… Երկու նման սխալն արդեն շատ էր»։
Ի՞նչ եք կարծում, ո՞վ է կանգնած եղել և շարունակում է կանգնած մնալ Հայաստանում և Արցախում 2018 թվականից առ այսօր տեղի ունեցած իրադարձությունների հետևում։
Մտածե՛ք այդ մասին…»։