ՎԱՀՐԱՄ ԳԱԼՍՏՅԱՆԸ ՍՏԵՂԾԵԼ Է ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ԹԵՅՇԵԲԱ ԱՍՏԾՈ ԱՐՁԱՆԻԿԻ ԿԱՎԵ ՆՄԱՆՕՐԻՆԱԿԸ՝ ԹՐԾՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԵՂԱՆԱԿՈՎ

Ուրարտական գլխավոր երեք աստվածներից մեկի՝ Թեյշեբայի արձանիկը, որը հայտնաբերվել է Կարմիր բլուրում 1941 թվականին ու պահվում է Հայաստանի պատմության թանգարանում, արդեն ունի կավե տարբերակ։ 2.20 մետրանոց կավե արձանի հեղինակը քանդակագործ Վահրամ Գալստյանն է։ 8 ամիս է աշխատել կավե արձանի վրա, իսկ կավե արձանի թրծումը կատարվել է օրեր առաջ հենց Թեյշեբաինիում։

Panorama.am-ի հետ զրույցում Վահրամ Գալստյանն ասաց, որ բավականին երկար ժամանակ նման մտադրություն է ունեցել, քանի որ այժմ աշխարհում շատ հայտնի են հրաքանդակները։ Նա Ղրիմում մասնակցել է սիմպոզիումի, որտեղ արդեն ներկայացրել էր հրաքանդակ և ցանկացել է նման քանդակ ստեղծել նաև Հայաստանում։

«Ես Միքայել Բադալյանին (Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն) պատմեցի իմ մտադրության մասին։ Նա շատ ոգևորվեց, սակայն մեզ պետք էր կավ ու հրակայուն բամբակ, որոնք Հայաստանում չկային։ Մեր այդ խոսակցությունից հետո որոշ ժամանակ էր անցել։ Միքայելի մոտ մարդ էր եկել Ռուսաստանից՝ գործարար Արմեն Նալբանդյանը։ Նա պատմել էր Արմեն Նալբանդյանին մեր մտադրության մասին, ով ասել էր, որ այդ ամենն ինքը կգնի ու կուղակի Հայաստան։ Այդպես էլ արել էր։ Որոշ աշխատանքներ ունի։ Դրանք ավարտելուց հետո սկսեցի Թեյշեբա աստծո արձանի վրա աշխատել։ Տևեց ութ ամիս»,- մանրամասն ներկայացրեց քանդակագործը։

Իսկ ինչո՞ւ հենց Թեյշեբա աստծո։

Վահրամ Գալստյանը պատմեց, որ այն Կարմիր բլուրում պեղումների ժամանակ հայտնաբերել է Հռիփսիմե Ջանփոլադյանը՝ հնագիտական արշավախմբի ղեկավար Բորիս Պիոտրովսկու կինը։ Հռիփսիմե Ջանփոլադյանն իր տատիկի ազգականն է։

Նա նշեց, որ բացի այդ շատ հարմար էր Թեյշեբա աստծո արձանիկը հրաքանդակ անելու համար։ Այն կազմված է երեք մասից՝ թագը, մարմինը, գոտկատեղից ներքո, որոնք միանում են իրար։

«Մեջը դատակ է, քանի որ պետք էր մեջով կրակ անցներ՝ թրծելու համար։ Կավե քանդակը թրծվել է մոտ 1100-1200 ջերմաստիճանի տակ։ Թեյշեբաինիում թրծումից հետո այն տեղափոխել եմ իմ արվեստանոց։ Այն իմ սեփականությունն է, որոշել եմ՝ եթե Կարմիր բլուրում թանգարան կառուցվի, այն կնվիրեմ թանգարանին»,- ասաց քանդակագործը։

Վահրամ Գալստյանի խոսքով, նման տեսակի թրծում Հայաստանում առաջին անգամ է կատարվել։

«Առաջին անգամ Հայաստանում հրաքանդակ արվեց։ Էլի առաջարկ ունեի, սակայն հրաժարվել եմ»,- նշեց քանդակագործը։

Նա անդրադաձավ նաև հնչող քննադատություններին. «Սա ընդամենն արվեստի գործ է, քանի որ դրանով եմ հետաքրքրված։ Ընդամենը Թեյշեբա աստծո արձանիկի կավե մեծ արձանն եմ արել։ Իսկ ինչ-որ սատանիստական, հակաեկեղեցական ... տարբեր բաներ են տարածում, ծիծաղելի է։ 1987 թվականից զբացվում եմ խեցեգործությամբ»։

Ի դեպ, այսօր Հայաստանի պատմության թանգարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Այս օրերին համացանցում տարածվող Հայաստանի պատմության թանգարանում պահպանվող ուրարտական եզակի նմուշներից մեկի՝ Թեյշեբա աստծո արձանիկի նմանությամբ պատրաստված մեծածավալ կավե արձանի հանդիսավոր թրծումը, ապա թեփի միջոցով այրման էֆեկտներով ներկայացումը կատարվել է առանց Հայաստանի պատմության թանգարանի իմացության ու համաձայնության։

Ք ա VIII-VII դդ թվագրվող, Կարմիր բլուրի պեղումներից հայտնաբերված բնօրինակ բրոնզե արձանիկը դեռ 1940-ական թթ պեղվել և ցուցադրվում է թանգարանում։ Առաջարկում ենք բոլոր արվեստագետներին, մշակութային ժառանգության հետ առնչություն ունեցող անձանց ու կազմակերպություններին, տնտեսվարողներին ու անհատներին զերծ մնալ առանց պայմանավորվածության և համաձայնության թանգարանի հավաքածուներում ներառված ցուցանմուշների կրկնօրինակումից կամ տարբեր նպատակներով օգտագործումից»։

Panorama.am