Սերգեյ ԿՈՊԻՐԿԻՆ․ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՇԱՐԱԴՐԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԸ ՉԵՆ ՉԵՂԱՐԿԻ ՀՀ-ՌԴ ԴԱՐԱՎՈՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանի և Ռուսաստանի դարավոր հարաբերությունները չեն չեղարկի պատմությունը վերաշարադրելու ոչ մի փորձ։ Այս մասին հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Օշականի հերոսների հուշարձանի մոտ՝ Օշականի ճակատամարտի 197-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ։
Միջոցառումը կազմակերպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը՝ Երևանում Ռուսական տան և Արմավիրի մարզպետարանի հետ համատեղ, ի հիշատակ Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը պաշտպանած ռուս զինվորների և հայ կամավորների։
«Ռուսաստանն անկեղծորեն գնահատում է Հայաստանի հետ բարեկամությունը։ Մեր եղբայրական ժողովուրդներին կապում են բազմադարյա մշակութային–քաղաքակրթական կապերն ու հոգևոր մտերմությունը: Պատմությունը վերաշարադրելու ոչ մի փորձ չի չեղարկի այս փաստը։ Չնայած նրան, որ 8 - րդ դասարանի Հայոց պատմության նոր դասագրքից հանվել է Օշականի ճակատամարտի մասին պարբերությունը, մենք ձեզ հետ միշտ հիշելու և մեծարելու ենք այդ հիշարժան օրերի հերոսներին», - ասել է դեսպանը։
Նա նշել է, որ 1827 թվականի օգոստոսի 17-ը հավերժ գրված է երկու ժողովուրդների հերոսական տարեգրության մեջ։
«Բոլոր զոհերով և կորուստներով հանդերձ, մեր պաշտպանները արժանապատվորեն դիմացան ժամանակի փորձությանը և ապացուցեցին, որ միասնական նպատակով համախմբված, նրանք հզոր ուժ են և կարող են դիմակայել և հաղթել ցանկացած պարագայում», - ասել է Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը:
Սերգեյ Կոպիրկինն ընդգծել է, որ հայոց հողի քաջարի պաշտպանների փառքը հավերժ կապրի սերունդների հիշողության մեջ՝ որպես իսկական արիության և հերոսության ամենավառ նմուշ:
«Նրանց օրինակով երիտասարդները սովորում են այնպիսի որակներ, ինչպիսիք են հայրենասիրությունը, ազգային և մարդկային արժեքները պաշտպանելու պատրաստակամությունը։ Հատկապես հաճելի է այսօր այստեղ տեսնել երիտասարդների, ոորոնք գիտակցում են իրենց նախնիների անմահ սխրանքի հիշատակը վառ պահելու պատասխանատվությունը», - ասել է Կոպիրկինը։
Նշենք, որ 1827 թվականի Օշականի ճակատամարտը Ռուս-պարսկական պատերազմի հերոսական էջերից է։ Այն հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության պատմության կարևոր հանգրվաններից մեկն է: Հենց այդ հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանն ազատագրվեց պարսկական լծից և միացվեց Ռուսաստանին։
Օշականի հաղթանակն այս ճակատամարտում հավերժացել է 1131 զոհված ռուս զինվորի հիշատակին նվիրված հուշարձանով: 2011 թվականի ապրիլին այն վերանորոգվել ու վերաբացվել է։