Գրիգոր ԲԱԼԱՍԱՆՅԱՆ․ ՀՀ-Ն ԲԱՑ Է ԹՈՂՆՈՒՄ ԻՐ ՇԱՆՍԸ
Այսօր Հայաստանը պետք է առավել քան երբևէ նախաձեռնողական արտաքին քաղաքականություն վարի` «խաղալով» Թուրքիայի և Ադրբեջանի միջև ծագած հակասությունների վրա։ «Աբովյան Time» հաղորդման եթերում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը։
«Այսինքն` Հայաստանը կարող է մեկը մյուսի դեմ հանելու քաղաքականություն իրականացնել` սեպարատ բանակցություններ սկսելով Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Բայց դա միայն այն դեպքում, եթե մենք դրա համար ունենանք բարձր պրոֆեսիոնալ թիմ, լուրջ թիմ, որը կկարողանա այս ամենը իրականացնել։ Դրա համար կադրեր են պետք, ինչը, ցավոք, մենք չունենք դիվանագիտական ճակատում։ Այսինքն` ամեն ինչ կորսված չէ։ Դա շանս է, որը տրվում է Հայաստանին։ Ներկայիս դիվանագիտական կորպուսով դա անելը շատ դժվար կլինի։ Բայց եթե ստացվի, Հայաստանի համար դա փրկություն կլինի», – կարծում է փորձագետը։
Նրա կարծիքով` իդեալական տարբերակ կլիներ, եթե Հայաստանը կարողանար Ադրբեջանի հետ բանակցությունների այլընտրանքային տարբերակ առաջարկել, որտեղ առանձին արձանագրությամբ կֆիքսվեին Սահմանադրության փոփոխման, Հայաստանում ադրբեջանցիների «վերաբնակեցման» և «Զանգեզուրի միջանցքի» կետերը։
Ըստ Բալասանյանի` և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է ստորագրեն, որ ապագա խաղաղության պայմանագրում այլևս երբեք այս հարցերը չեն էլ ներառվելու։ Նա օպտիմալ տարբերակ է համարում սա հենց այսօր, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի կողմից լուրջ ճնշման տակ է հայտնվել Թուրքիայի և Արևմուտքի կողմից, մյուս կողմից նախազգուշացումներ է ստանում Ռուսաստանից և Իրանից։
Փորձագետի խոսքով` նվազագույնը, ինչ կարող է անել Հայաստանը, Ադրբեջանից իր Սահմանադրությունը փոխելու մասին հակապահանջով հանդես գալն է։
«Ինչո՞ւ Հայաստանը Ադրբեջանի Սահմանադրության փոփոխություն չի պահանջում։ Ոչ թե ի հեճուկս, ո՛չ, դրանում լուրջ գիտական կարևորություն և իմաստ կա։ Ադրբեջանի Սահմանադրության մեջ հստակ ասվում է, որ 1921-1991 թվականներին խորհրդային օկուպացիա է եղել։ Հետևաբար Ադրբեջանն իրեն հռչակել է Ադրբեջանի Հանրապետության առաջին իրավահաջորդը։ Սահմանները, որոնք տեղ–տեղ փորձում են գծել, խորհրդային Ադրբեջանի սահմաններն են, ինչը հակասում է այդ երկրի Սահմանադրությանը», – ընդգծում է քաղաքագետը։
Նրա խոսքով` հետագայում Բաքվում կարող են հայտարարել, որ այդ սահմանները չեն համապատասխանում Ադրբեջանի Սահմանադրությանը, և սահմանագծման ու սահմանազատման գործընթացը պետք է նորից սկսել, այլապես պատերազմ կլինի։
«Ի՞նչ կկարողանանք պատասխանել դրան։ Ի՞նչ ենք անելու։ Այսպես հանգիստ նստելու ենք և սպասե՞նք։ Ինչ է, թե Շառլ Միշելն է ինչ–որ բան ասել կամ Ջեյմս Օ'Բրայենը կամ մեկ ուրիշը։ Եղբայր, այսօր նրանք կան, վաղը` ոչ։ Իսկ այդ ժողովրդի հետ դու դատապարտված են ապրել դարերով։ Ի՞նչ է, Օ'Բրայե՞նն է գալու և ասի. «Ադրբեջան դու սխալ ես»։ Հայաստանի ներկայիս իշխանությունները բանակցություններին մակերեսորեն են վերաբերվում, մի կերպ, ամեն ինչին մատների արանքով են նայում, սկսել են պատմություն կարդալ, բայց մինչև վերջ չեն ընթերցել», – կարծում է միջազգային քաղաքականության մասնագետը։
Ինչ վերաբերում է հայ–թուրքական հարաբերություններին, ապա, ըստ Բալասանյանի, Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ բանակցությունները պետք է անցկացվեն նոր ձևաչափով։
Ըստ քաղաքագետի` միևնույն ժամանակ պետք է Թուրքիային մատնանշել Անկարայի դիրքորոշման հետ Ալիևի անհամաձայնությունը, Ադրբեջանի` իրեն որպես ինքնիշխան պետություն ներկայացնելու փորձերը, ինչը կարող է հանգեցնել հայ–ադրբեջանական տանդեմում հարաբերությունների վերանայման։
«Իլհամ Ալիևը փորձում է խաղալ Արևելյան և Արևմտյան ճամբարների միջև` հասկացնելով, որ Ադրբեջանն իրենից ինչ–որ բան է ներկայացնում որպես ինքնիշխան պետություն և կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել։ Էրդողանը կարծում էր, թե Ալիևը կատարելու է իր բոլոր ցուցումները, սակայն Ադրբեջանի նախագահն այժմ նախընտրում է դեմ գնալ Թուրքիային, բայց փրկվել և ազատվել Իրանի դեմ ճակատ բացելու պարտավորությունից։ Այսինքն` Ալիևն ընտրել է չարյաց փոքրագույնը։ Որոշակի առումով դա սպասելի էր մեզ համար, բայց կարծում եմ, որ բավականին անսպասելի էր Էրդողանի համար», – ասաց Բալասանյանը։
Բաքվի և Անկարայի հակասությունների մասին խոսելիս նա հիշեցրեց Ադրբեջանի կտրուկ արձագանքը Էրդողանի այն հայտարարությանը, թե Թուրքիան կարող է Իսրայել մտնել ճիշտ այնպես, ինչպես մտել էր Լեռնային Ղարաբաղ։ Փորձագետի կարծիքով` Ալիևը ևս հասկացրեց Թուրքիային, որ ցանկացած պահի կարող է դուրս գալ «Զանգեզուրի միջանցք օպերացիայից»` ոչ այնքան համերաշխ լինելով Էրդողանի նեոօսմանյան պատկերացումների և «մեկ պետություն, մեկ ազգ» գաղափարի հետ, որն Անկարան առաջ է տանում վերջին 10 տարիների ընթացքում։
Բալասանյանը համոզված է` Անկարային պետք է հասկացնել, որ Թուրքիան ավելի շահավետ դիրք կունենա` սահմանների բացման վերաբերյալ Հայաստանի հետ առանձին պայմանագիր ստորագրելով։ Այդպիսով Արևմուտքին հնարավոր կլինի ցույց տալ, որ Թուրքիան պատրաստ է բացել սահմանը` չկապելով դա հայ–ադրբեջանական բանակցային գործընթացի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ։