ՕՄԱՐ ԷԼ-ԲԱՐԲԱՐԻ․ ԿՑԱՆԿԱՆԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ BRICS ԻՆԿՈՒԲԱՏՈՐ ՏԵՍՆԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եգիպտոսը Հայաստանում կարող է մեծ ներդրումներ անել մարդկանց կրթության մեջ․ մենք նախատեսում ենք կենտրոնանալ երիտասարդների համար կրթական ու փոխանակման ծրագրերի իրականացման վրա։ News.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել OBM հիմնադրամի գործադիր տնօրեն Օմար Էլ-Բարբարին՝ անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ օգուտներ կարող է Հայաստանը քաղել BRICS-ին անդամակցելու դեպքում։
Էլ-Բարբարիի խոսքով՝ BRICS-ին միանալը լրիվ այլ տնտեսական հնարավորություններ է բացում տվյալ երկրի համար․
«Եգիպտոսը նոր անդամ է, ինչպես՝ Արաբական Միացյալ Էմիրությունները։ Այս ամենը տնտեսական, առևտրային, ներդրումային հնարավորությունները, ենթակառուցվածները կիսելու մասին է։ Տեղյակ եմ Հայաստանի մասին, սակայն առաջին անգամ եմ այստեղ: Այստեղ մարդիկ հրաշալի մտածելակերպ ունեն։ Մենք կարող ենք մեծ ներդրումներ ենք անել մարդկանց կրթության մեջ։ Մենք նախատեսում ենք կենտրոնանալ երիտասարդների համար կրթական ու փոխանակման ծրագրերի իրականացման վրա»։
Օմար Էլ-Բարբարին մանրամասնել է, թե ինչպիսի հնարավորություններ կան բիզնեսների համար․ նրա կարծիքով՝ սա հնարավորություն է ընդձեռում անդամ-երկրների հետ B2B ֆորմատով հարաբերություններ հաստատել․
«Բոլորն էլ նոր գործընկերներ ձեռք բերելու կարիք ունեն, և դուք գործընկերներ կգտնեք BRICS-ում։ Մենք երկրների ակտիվ խումբ ենք, ովքեր կիսվում են գաղափարներով, արտադրանքով, ներդրումներով, տեխնոլոգիաներով։ Մենք բավական ակտիվ խումբ ենք դարձել և անդամ երկրների երիտասարդությունը, կառույցներն ու կառավարությունները գնում են հիմնական ոլորտներում միասնական ցանց ստեղծելու ուղղությամբ»։
Մեր դիտարկմանը, որ հայաստանյան բիզնեսը մեծ ջանքեր է ներդնում նորարարությունների ուղղությամբ, և հարցին՝ ինչպե՞ս կարող է դա օգտագործվել Հայաստան միջազգային ներդրումների ներգրավման համար, Օմար Էլ-Բարբարին ասել է, որ նոր սերնդի տնտեսությունում մեծ կարևորություն ունեն ստարտափները, և դրանք այժմ ավելի մեծ հնարավորություններ ունեն գլոբալ շուկա մտնելու, քան հին տիպի ընկերությունները․
«Ստարտափներն այժմ կարող են ընդլայնվել՝ աշխատանքի ընդունելով օտարերկրացիների, և տարածել իրենց արտադրանքն ու նորարարությունները աշխարհում։ BRICS-ում առանձին բաժին է գործում նորարարությունների համար, կարող եք դիմել, և BRICS-բիզնես ինկուբատորը ձեզ հնարավորություն կտա ընդլայնվել և ռեսուրսներ ստանալ Հայաստանում և Հայաստանից դուրս»։
Հարցին՝ արդյո՞ք կան բիզնեսներ, որոնց հետ ինքը կցանկանա աշխատել կամ ինչ-որ գաղափարներ, որոնք արդեն կան Հայաստանի հետ կապված, Օմար Էլ-Բարբարին մանրամասնել է՝ իր համար այս այցի եզրակացությունն այն է, որ այստեղ BRICS ինկուբատորի կարիք կա, որպեսզի ստարտափները և երիտասարդ ձեռներեցները հնարավորություն ստանան իրագործել իրենց գաղափարները, ինչպես նաև ֆինանսավորում ստանան․
«Այն կարող է մեծացնել ֆինանսավորման աճի, ռեսուրսների և կրթության հնարավորությունները, որպեսզի ձեռներեցը զարգանա նախ և առաջ Հայաստանում, ապագայում նաև դրանից դուրս»։
Օմար Էլ-Բարբարին համագործակցության պլաններով վերադառնալու է Հայաստան և մանրամասնել է՝ ինչու․ «Իմ ելույթում ասացի, որ նախ կցանկանայի այստեղ ինկուբատոր տեսնել։ Բացի այդ կարող ենք հայ երիտասարդ գործարարների ճամբար կազմակերպել, որտեղ կծանոթանանք ստարտափներում ներդրումների հնարավորություններին։ Մենք նորարարական ստարտափներ ու գաղափարներ ենք փնտրում, ոչ թե հին գաղափարներ»։
Էլ-Բարբարին նշել է՝ իր հաջորդ այցի ընթացքում պլանավորում է ծանոթանալ գործող ստարտափների հետ։
Նա կիսվել է տպավորություններով ու նշել՝ ֆորումի ընթացքում չէր ակնկալում նման մասնակցություն, սա իր միակ այցը չի լինելու Հայաստան, ասել է Էլ-Բարբարին․ «Ինձ նաև դուր եկավ հայ ուսանողների մտածելակերպն ու Հայաստանն առհասարակ ուսումնասիրելը։ Շատ ուրախ եմ այս ֆորումին մասնակցելու համար»։
Հարցին, թե իր կարծիքով՝ հնարավո՞ր է, որ Հայաստանը երբևէ անդամակցի BRICS-ին, և ինչպե՞ս է գնահատում ներկա իրավիճակը, նա պատասխանել է․ «Այո, իհարկե։ Եգիպտոսը նույնպես սկզբում չէր ակնկալում դառնալ Բրիքսի անդամ, ինչպես շատ այլ երկրներ։ Եթե պոտենցիալ ունեք և ինքներդ ձեզ տեսնում եք այստեղ, դուք պետք է ձհտեք անդամակցել։ Շատ երկրներ են դիմել Բրիքսի անդամակցության համար, և կարծում եմ Հայաստանի համար նույնպես շատ օգտակար կլինի անդամակցությունը»։
Էլ-Բարբարիի կարծիքով՝ BRICS-ն ապագայում կդառնա աշխարհի ամենամեծ միությունը․
«Խաղի կանոնները տնտեսական և քաղաքական ոլորտներում ամեն օր փոխվում են․ 5 տարի երկրները կարող են լինել մի տեղում, հետո՝ մյուս տեղում։ Պատմության ընթացքում առանձին երկրների դերը շատ կարևոր է եղել, սակայն այժմ համագործակցության ժամանակն է ոչ միայն Բրիքսի երկրների, այլ ամբողջ աշխարհի հետ»։